Թուրքիան պատժամիջոցներ է ընդունել Ֆրանսիայի հանդեպ` սառեցնելով հարաբերությունները մի շարք ոլորտներում

Թուրքիան պատժամիջոցներ է ընդունել Ֆրանսիայի հանդեպ` սառեցնելով հարաբերությունները մի շարք ոլորտներում

PanARMENIAN.Net - Թուրքիան պատժամիջոցներ է ընդունել Ֆրանսիայի հանդեպ, որոնց առաջին փուլը տնտեսության, էներգետիկայի և ռազմական ոլորտում երկկողմ այցերի դադարեցումն է:

Այդ մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է day.az-ը: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի հետ բոլոր քաղաքական հարաբերությունները նույնպես կսառեցվեն: Թուրքիան չեղյալ է հայտարարում նաև Ֆրանսիայի հետ բոլոր զորավարժությունները և մերժում Ֆրանսիայի ռազմանավերին Թուրքիայի նավահանգիստներ մուտք գործելու հարցում: Մյուս կողմից Թուրքիան չի մասնակցի տնտեսության, էներգետիկայի և առևտրի վերաբերյալ երկու երկրների խորհրդակցություններին:

Էրդողանի խոսքով` սա միայն առաջին փուլն է, և հնարավոր են նոր պատժամիջոցներ: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի և քաղաքական հաշվարկների զոհն են դարձել: Էրդողանի խոսքով` Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավում կան նացիզմի, անջատողականության և իսլամաֆոբիայի տարրեր:

Թուրքիայի վարչապետի կարծիքով` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և անուղղելի վնաս հասցնում երկու երկրների հարաբերություններին:

Ֆրանսիայի Ազգային Ժողովը քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի օգտին: Առայժմ չի հաղորդվում, թե քանի պատգամավոր է քվեարկել «կողմ», քանիսը` «դեմ»:

Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է պատժամիջոցներ ներմուծել Փարիզի հանդեպ: Թուրքիան նաև սպառնում էր հետ կանչել իր դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել էր նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»:

ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա:

Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---