
Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ թվով 139 ավտոբուս, արդեն Երևանում են: Այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Նա նշել է, որ առաջիկա օրերին սպասվում է նաև մյուս խմբաքանակի ներկրումը և փաստատթղթային ձեւակերպումներից հետո, երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ, նոր ավտոբուսները կշահագործվեն:
Վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրասպորտի կանոնակարգման ուղղությամբ: Ըստ այդմ արձանագրվել է երթուղուց շեղման մեկ, վարորդների ծխելու 8 և սահմանված սանիտարական նորմերի խախտման 100 դեպք:
«Շարունակելով ամենօրյա հսկողությունը՝ պետք է հետևել նաև, թե արդյոք հայտնաբերված խախտումները կատարվում են նույն վարորդների կողմից: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը՝ մեր քաղաքացիների համար պատշաճ սպասարկում ապահովելու ուղղությամբ»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: