Վիկտոր Համբարձումյանի մրցանակակիր Միշել Մայորը արժանացել է խոշոր մրցանակի![]() 27 հունվարի 2012 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Վիկտոր Համբարձումյանի առաջին մրցանակակիր, շվեյցարացի հանրահայտ աստղաֆիզիկոս Միշել Մայորը և նրա գործընկեր Դիդյե Քելոսն արժանացել են հիմնարար գիտությունների անվանակարգում իսպանական BBVA հիմնադրամի «Գիտելիքի սահմանագծի» մրցանակին (BBVA Foundation Frontiers of Knowledge Awarding Basic Sciences), որը կազմում է 500 հազար եվրո: Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։ Ինչպես հայտնի է, նրանք են 1995թ. հայտնաբերել առաջին արտարեգակնային մոլորակը (Պեգասի 51 աստղի շուրջ), և այժմ մրցանակը տրվել է Արեգակնային համակարգից դուրս մոլորակների առաջին դիտումները հնարավոր դարձրած նոր աստղագիտական սարքավորումների և փորձարարական տեխնիկայի մշակման համար: Այդ հայտնագործությունը հեղաշրջում էր աստղագիտության մեջ: Այն ժամանակ քիչ թվով աստղագետներ էին հավատում արտարեգակնային մոլորակների հայտնաբերման հնարավորությանը: Այսօր արդեն հայտնաբերվել է մոտ 600 արտարեգակնային մոլորակ, և արդեն իրականացվել են դրանցից որոշների մթնոլորտի ուղղակի չափումներ: BBVA հիմնադրամի մրցանակների հիմնարար գիտությունների բնագավառն ընդգրկում է ֆիզիկան, քիմիան և մաթեմատիկան, իսկ ընդհանրապես այդ հիմնադրամն ունի «Գիտելիքի սահմանագծի» 8 մրցանակ` հիմնարար գիտություններ, կենսաբժշկություն, բնապահպանություն և պահպանության կենսաբանություն, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ, տնտեսագիտություն, ֆինանսներ և կառավարում, ժամանակակից երաժշտություն, կլիմայի փոփոխություն և զարգացման համագործակցություն: Նախկինում Միշել Մայորն արժանացել է նաև Ալբերտ Այնշտայնի մեդալի, Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի ասպետի տիտղոսի, աստղագիտության ոլորտում Շոուի մրցանակի և Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի: Եվրահանձնաժողովը խնդրել է Եվրոպական արդարադատության դատարանին գնահատել ACTA հակապիրատային համաձայնագրերը Բջջային սարքերի գողության մեջ կասկածում են խանութի աշխատակիցներից մեկին Յանդեքս ընկերությունը հրապարակել է 2011-ի չորրորդ եռամսյակի և 2011-ի ֆինանսական արդյունքները Ըստ գերմանական մամուլում տարածված լուրերի, Apple ընկերությունը կթողարկի իր iPad 3 պլանշետային համակարգիչը մարտի 23-ին Գերմանիայում |