4 փետրվարի 2012 - 10:48 AMT
Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարեհաջող բնապահպանական իրավիճակի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվեն 20 միլիոն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանրապետության չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր կառուցվածքում 2010 թվականին չարորակ նորագոյացությունները կազմել են 19.9%: Չարորակ նորագոյացությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունը Հայաստանի չափահաս բնակչության ընդհանուր հիվանդացության կառուցվածքում կազմել է 3.4%, իսկ առաջնակի ախտորոշված հիվանդացությունը` 1.5%:

Վիճակագրական տվյալների համաձայն` հանրապետության տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի և շնչափողի, բրոնխների, իսկ կանանց մոտ կրծքագեղձի, արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները: