6 փետրվարի 2012 - 15:53 AMT
Ամերիկայի Հայկական Համագումարը Օբամային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Տարածած ուղերձում համագումարի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հայտարարության առնչությամբ: «Մենք դատապարտում ենք Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունները»,- ասվում է ուղերձում:

Հունվարի վերջին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ չի պատրաստվում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանել, ինչպես վերջերս արեց Ֆրանսիան: «ԱՄՆ ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք մարդկանց իրենց արտահայտությունների համար չենք պատժում: Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենն, ինչ ուզում են: ԱՄՆ-ում նրանք այդպես էլ անում են: Մյուս երկրները կարող են այլ ստանդարտներ և կանոններ ունենալ: Սակայն հուսով եմ, որ մենք երբևէ որևէ մեկին չենք պատժի արված արտահայտությունների համար»,- հայտարարել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է լուծեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները:

«Պետության ներգրավումը նման հարցերի լուծման համար շատ վտանգավոր պրակտիկա է»,- գտնում է նա: Քլինթոնը նաև հասարակությանը կոչ է արել քննարկել այդ հարցը: «Երկու կողմերն էլ պետք է արտահայտվեն, և մենք կոչ ենք անում անել դա: Հավաքեք ապացույցներ, ներկայացրեք ձեր փաստարկները և պատրաստ եղեք մասնակցելու քննարկմանը»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը: