8 փետրվարի 2012 - 19:14 AMT
Թումո-ն և քաղաքապետարանը կիրականացնեն համատեղ ուսումնական ծրագրեր

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի և կենտրոնի տնօրինության հետ, տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից։

Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի շարունակական աջակցությունն է առաջարկել կենտրոնի գործունեությանը: Խոսելով «Թումո» կենտրոնի գործունեության և առաքելության մասին՝ Սեմ Սիմոնյանը նշել է, որ այն իրենց ընտանիքի 10 տարիների երազանքն էր, որ իրականություն դարձավ մայրաքաղաքում:

«Երեխաների սերը մեր կենտրոնի հանդեպ մեզ քաջալերում է և մենք առաջարկում ենք քաղաքապետարանին ուսումնական համատեղ ծրագրեր իրականացնել»,- նշել է Սեմ Սիմոնյանը: Կենտրոնը 2011 թվականից դեռահասների համար անիմացիայի, համակարգչային խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ուսուցման անվճար դասընթացներ է անցկացնում:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Թումո» կենտրոնի հիմնադիրներին մայրաքաղաքում ներդրումային նման խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար և պատրաստակամություն է հայտնել համագործակցել կրթական ծրագրերի շրջանակում, քանի որ քաղաքապետարանի քաղաքականությունը հանրակրթության ոլորտում ևս միտված է կրթության որակի բարձրացմանը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով: Քաղաքապետը հյուրերին ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

«Թումո» կենտրոնի հիմնադիրներին քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ամենամեծ Թումանյան այգու բարեկարգմանն ու կանաչապատմանը ակտիվ և շարունակական մասնակցության համար: