Ազգային կինոկենտրոնի «Հայակ» առաջին մրցանակաբաշխության հավակնորդ ֆիլմերի ցանկը ցնցել ու զայրացրել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասրյանին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ այդ ցուցակը պարզապես խայտառակություն է և ոչինչ ավելին:
«Այս ցուցակում են հայտնվել այնպիսի ֆիլմեր, որոնք իրենց գեղարվեստական արժեքով զիջում են անգամ հայկական սերիալներին: Քանի դեռ շատ ուշ չէ, պետք է ուժ գտնել ու փոխել ստեղծված իրավիճակը: Պետք է կազմալուծել այդ հանձնաժողովն ու կինոմրցանակաբաշխության քվեարկությունը վստահել հենց կինոգործիչներին»,- նշեց Էդգար Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ազնիվ և պետքական ձեռնարկումը դեռ չմեկնարկած կարող է կորցնել իր հեղինակությունն ու նշանակությունը. «Յուրաքանչյուր ազգային մրցանակաբաշխություն պետք է իր գաղափարախոսությունն ունենա, անգամ եթե այն չբարձրաձայնվի: Սա մեր անճարակության արտացոլանքն է, սեփական մանր ցանկություններից վեր բարձրանալու անկարողությունը»:
Բաղդասարյանի կարծիքով` այս մրցանակաբաշխության գլխավոր իմաստը պետք է լինի ուղղվածությունը դեպի ապագա, այլ ոչ թե խոր անցյալ: «Այս մրցանակաբաշխությամբ մենք ևս մեկ քար ենք դնում ապագայի կինոյի հիմքում»,- ասում է նա:
Ռեժիսորը նշում է, որ մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը անձնական թշնամանքից ու անտեղի մտերմությունից վեր բարձրանալու մեր անկարողության լիարժեք արտացոլանքն է, վաղվա օրվան նայելու և այն կառուցելուն նպաստելու բացարձակ անընդունակություն:
Նա հուսով է, որ մենք կկարողանանք սեփական «Ես»-ից վեր բարձրանալ ու հասկանալ` ինչ է նշանակում օբյեկտիվություն, արդարություն ու գեղարվեստական արժեք. «Իսկ մինչ այդ խնդրում եմ հանել իմ անունը հավակնորդների ցանկից: Ես էլ ինքնասիրություն ունեմ, և ամաչում եմ այդ ցուցակում ընդգրկված լինելուս համար»: