Արմեն Աշոտյան. Այս տարի դասագրքերի մրցույթ չի հայտարարվի

Արմեն Աշոտյան. Այս տարի դասագրքերի մրցույթ չի հայտարարվի

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (ԴՇՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:

Նիստում ներկայցվել է ԴՇՀ-ի 2011թ. գործունեության և տարեկան ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը և 2012թ.աշխատանքային ծրագիրը: Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմանդրամի փոխտնօրեն Գ. Գարեգինյանն իր հաշվետու խոսքում ներկայացրել է տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում տպագրված և դպրոցներին բաշխված դասագրքերի վերաբերյալ: Պետության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տարեկան մոտ 120 մլն դրամի սուբսիդիա է հատկացվում: Նախարարը կարևորել է շրջանառու հիմնադրամի հետևողական աշխատանքը, որպեսզի աջակցությունը տեղերում հասցեկան բնույթ կրեն: «Նախարարությունը ստանում է ահազանգեր այն մասին, որ առանձին դեպքերում դասագրքերի վարձավճարի զեղչերից առավել կարիքավորները չեն կարողանում օգտվել: Սա ես համարում եմ անթույլատրելի»,- շեշտել է նախարարն ու հավելել, որ խիստ մոտեցում պետք է ցուցաբերել այս հարցի վերաբերյալ դպրոցներից և մարզպետարաններից ներկայացվող հաշվետվություննեի նկատմամբ:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով հիմնադրամի աշխատանքի արդյունավետությունը, նշել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազումը և գնաճի ճնշումը նպաստում են դասագրքերի թանկացմանը և հավելյալ ֆինանսական բեռ են դառնում ծնողների համար: Ա. Աշոտյանի խոսքով՝ նախարարությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները կիրառի դասագրքերի շուկայում կառավարելի գնային քաղաքականություն վարելու ուղղությամբ: Նախարարը նշել է, որ այս տարի դասագրքերի մրցույթ չի հայտարարվի և կհրատարակվեն միայն նախորդ տարիների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված 11 անուն դասագրքերը:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ավագ դպրոցի դասագրքերը կվերահրատարակվեն Հայ Առաքելական եկեղեցու, իսկ միջին դպրոցինը՝ ԴՇՀ կողմից: Նախարարը հանձնարարել է նախապես «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի ծրագրերը համաձայնեցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ:

Հանձնարարվել է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից ստացված հայտերի հիման վրա փոքր քանակությամբ վերահրատարակել նաև այն դասագրքերը, որոնց գործածության ժամկետը սպառվել է և դրանք մաշվածության պատճառով գործածելի չեն: Միաժամանակ կմշակվի դասագրքերի փորձարկման մեխանիզմ, որը կիրառելի կլինի առաջիկա սեպտեմբերից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---