Բաքուն որոշել է, որ ավելի շահավետ կլինի բարեկամանալ Իրանի թշնամիների հետ՝ բայց արդյոք անվտա՞նգ

Բաքուն որոշել է, որ ավելի շահավետ կլինի բարեկամանալ Իրանի թշնամիների հետ՝ բայց արդյոք անվտա՞նգ

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում Իրանի միջուկային ծրագրի պատճառով իրավիճակի սրման դեպքում, Ադրբեջանն Իրանի հետ սահմանին իր անվտանգությունն ապահովելու համար կարող է ՆԱՏՕ-ի աջակցությունը խնդրել: Ինչպես հայտարարել է «Դոկտրինա» Ռազմական լրագրողների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլին, օգնությունը ՆԱՏՕ-ից «համապատասխանում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ շրջանակներում վավերացված արձանագրություններին, ինչպես նաև Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի երկկողմ համագործակցության փաստաթղթերին», հաղորդում է SalamNews-ը:

Պարզ է, որ ՆԱՏՕ-ն հենց այնպես չի պաշտպանի Ադրբեջանի սահմանը: Հավանաբար, դա կիրականացվի Իրանի վրա հարձակման համար ադրբեջանական տարածքի օգտագործման դիմաց: Եվ Բաքվում հիանալի հասկանում են դա, և հավանաբար, դեմ չեն: Առավել ևս, որ վերջերս հարաբերություններն Ադրբեջանի ու Իրանի միջև գնալով վատթարանում են:

«Վերջին իրադարձությունները, հարաբերությունների վիճակը պաշտոնական Բաքվի ու Թեհրանի միջև, Ադրբեջանում Իսրայելի, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանների հայտարարությունները, կապված անվտանգության հետ, Իրանի վերջին նոտան ու այլ հաղորդագրությունները տանում են դեպի ակտիվ համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ՝ իր սահմանների անվտանգությունն ապահովելու համար»,-նշել է Սումերինլին:

Ներկա պահին համագործակցությունը հակաիրանական ուժերի հետ շահավետ է թվում Ադրբեջանին՝ դա նաև հնարավարություն է, օգտվելով իրավիճակից, պատերազմ սկսել Ղարաբաղի դեմ, և հաջող ընթացքի դեպքում, «յուրացնել Իրանի հյուսիսային շրջանը՝ Հարավային Ադրբեջանը, որի վրա վաղուց արդեն աչք է դրել Բաքուն, գումարած սրան գերտերությունների աչքում հերթական անգամ «երևալու» գայթակղությունը:

Դեռ 2010թ. որոշ ԶԼՄ-ներ գրել են, որ ԱՄՆ ու Իսրայելի բանակի մեծ ուժեր են կենտրոնացած Ադրբեջանի ՌՕՈւ ռազմակայաններում և պատրաստ են ցանկացած պահի հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Հաղորդվում էր նաև, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն իրոք էլեկտրոնային դիտարկման բազա են ստեղծել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց նոր ռազմական դոկտրինը, որի համաձայն թույլ է տրվում երկրում օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը:

Սակայն, կա մեկ «բայց»…Ինչպես հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատար, բրիգադի գեներալ Հոսեյն Սալեհին, ցանկացած պետություն, որի տարածքից ռազմական հարված կհասցվի Իրանին, անհապաղ կգրոհվի Իրանի ԶՈւ կողմից: Հաշվի առնելով Իրանի մարտական ռեզերվը, նրա սպառազինման մակարդակը, այդ գրոհը կարող է կործանիչ լինի:

Ի դեպ, ինչպես պնդում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին, Իրանին 9 րոպե կպահանջվի Իսրայելը ոչնչացնելու համար, էլ ի՞նչ ասենք Ադրբեջանի մասին:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---