22 փետրվարի 2012 - 10:52 AMT
«Հայկական ժամանակ». Իջևանի նորընտիր քաղաքապետը չի կարողանում ավագանու նիստ անցկացնել

Իջևանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը պաշտոնավարման առաջին իսկ ամիսներին լուրջ խոչընդոտի է հանդիպել:

Արդեն որերորդ անգամ հնարավոր չի լինում ավագանու նիստ անցկացնել քաղաքի 2012թ. բյուջեն հաստատելու համար:

Նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի հետևանքով քվորում չի հավաքվում:

«Հայկական ժամանակը» գրում է, որ նույնը տեղի է ունեցել նաև երեկ: Այսպիսով, քաղաքապետարանն աշխատում է առանց հաստատված բյուջեի: Թերթը նաև նշում է, որ Տավուշի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում տարօրինակ մի փաստով. հունվարի 26-ի գիշերը քաղաքապետարանի մի աշխատակից մուտք է գործել քաղաքապետարանի շենք և այնտեղ գույքահարկի հետ կապված ինչ-որ տվյալներ փոխել: Վարկած կա, որ դա արել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դրդմամբ: Մեկ այլ վարկածով գիշերը հենց Ներսիսյանն է նրան բերել քաղաքապետարան` սպիտակ ջիփով: