
Մաշտոցի պողոտայի հարակից պուրակում այժմ հերթապահում են 3-4 ոստիկաններ: Ցուցարար-ակտիվիստներ այգում դեռևս չկան:
Երեկ ուշ երեկոյան ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շինարարական աշխատանքները դադարեցվել են մինչև շաբաթվա վերջ: Ցուցարար-ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը ևս դադարեցրել է իր հացադուլը: Ոստիկանները ցուցարարնեին վստահեցրել են, որ նրանք կստանան իրենց պահանջած իրավական պատասխանը: Ակտիվիստները ակնկալում են եռօրյա ժամկետում պատասխան ստանալ ոստիկանությունից ու դատարանից, այլապես խոստանում են վերսկսել իրենց ցույցերը:
Սակայն մի քանի րոպե առաջ հայտնի դարձավ, որ «այգու համար պայքարը շարունակվում է»: Ակտիվիստները նամակ են տարածել, որում նշվում է պայքարի ծրագիրը. 13:00-14:00 համերգ կիթառով, 15:00-ին «Ձևակերպելով հանրային տարածքը» ստեղծագործական մտախաղ, 17:00-ին «Քաղաքացիական ամբիոն» Երևանի քաղաքային մշակույթը. Հանրային տարածք, հանդիպում ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ: Նշվում է, որ այգում մշտապես պետք կլինեն կամավորներ հանրային իրազեկում իրականացնելու համար: