ՀԲ-ն նպաստում է Հայաստանի մարզերի ջրամատակարարման բարելավմանը![]() 22 փետրվարի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Հայաստանի «Հանայնքային ջրամատակարարման ծրագրի» ֆինանսավորման համար: Ծրագիրը կնպաստի ջրի որակի և ջրամատակարարման բարելավմանը «Հայջրմուղկոյուղի» ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում: Ծրագրով նախատեսված միջոցառումներից կշահեն Աշտարակ (Արագածոտնի մարզ), Մասիս (Արարատի մարզ) և Էջմիածին (Արմավիրի մարզ) քաղաքների և հարակից 15 գյուղական բնակավայրերի ավելի քան 133.000 բնակիչներ: Ներդրումների շնորհիվ խմելու ջրի մատակարարման տևողությունը օրական 12 ժամից կհասնի 17 ժամի, կբարելավվի ջրի որակը, կնվազեն ջրի աղտոտման ռիսկերը և կբարելավվի հաճախորդների սպասարկման որակը: Բացի այդ, շուրջ 21.000 բնակիչների տներում կտեղադրվեն ջրաչափեր: Ծրագիրը բազմակողմանի աջակցություն կցուցաբերի հանրային և մասնավոր հատվածներին` ստեղծելով ավելի նպաստավոր միջավայր ծառայության մատուցման համար և խթանելով տնտեսական գործունեությունը: «Այս ծրագիրն աջակցում է ամբողջ երկրում որակյալ խմելու ջուրն ավելի մատչելի դարձնելու Կառավարության ռազմավարությանը, ներառյալ` փոքր և միջին քաղաքաներում ու գյուղական բնակավայրերում: Սա Համաշխարհային բանկի` Հայաստանի հետ Երկրի գործընկերության ռազմավարության կարևոր բաղադրիչներից է»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն պրն Ասադ Ալամը: Ներկայացված ծրագիրը շարունակում է հաջողությամբ իրականացված «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիրը» (ՀՋՋԾ) և դրա լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը, և այժմ կընդգրկի նոր քաղաքներ ու գյուղական համայնքներ: Ծրագրի իրականացման տարիներին` 2004-2011 թթ., ՀՋՋԾ-ն գրանցել է լավ արդյունքներ, որոնցից օգնտվել են 264.000 տնային տնտեսություններ: Խմելու ջրի մատակարարման միջին օրական տևողությունը 6 ժամից հասցվել է 15 ժամի, նվազագույն ցերեկային ջրամատակարարմամբ քաղաքների տոկոսը 68-ից հասել է 94-ի, վարձի հավաքագրումը 47,9-ից հասել է գրեթե 94 տոկոսի, ջրի` ջրաչափային սպառման համար գանձումը 40-ից հասել է 81,2 տոկոսի, իսկ մանրէաբանական անվտանգության ապահովումը 93-ից բարձրացել է 98,2 տոկոսի: «Մենք հատկապես ուրախ ենք շարունակելու մեր աջակցությունը Հայաստանի գյուղական բնակավայրերում կայուն ջրամատակարարումը մատչելի դարձնելուն` հաշվի առնելով դրա սերտ առնչությունն առողջապահական ու շրջակա միջավայրի հարցերին,- ասել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար պրն Ժան-Միշել Հապին: - Առաջարկվող ներդրումները նպատակ ունեն կտրուկ բարելավելու առկա ենթակառուցվածքները` կիրառելով տեխնիկապես հիմնավորված, քիչ ծախսատար և հուսալի մեթոդներ՚: Ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ: Առաջին բաղադրիչը (ներդրումներ ջրամատակարարման համակարգերում) ֆինանսավորում է առաջնային վերակառուցման ու վերականգնման աշխատանքների նախագծումը, շինարարությունն ու վերահսկումը: Երկրորդ բաղադրիչը («Հայջրմուղկոյուղու» ներդրումներ) կֆինանսավորի ջրաչափերի ծրագիրը և պոմպակայանների ու ջրամբարների ավտոմատացումը, իսկ երրորդ բաղադրիչը («Հայջրմուղկոյուղու» կառավարման հզորացում) կֆինանսավորի ընդլայնված կառավարման պայմանագիրը և տեխնիկական ուսումնասիրությունները, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական աուդիտները: «Վերջին տասնամյակի ընթացքում Կառավարությանը հաջողվել է բարելավել խմելու ջրի մատչելիությունը, մատակարարման հուսալիությունը և որակը` հանրային-մասնավոր հատվածների գործընկերության (ՀՄԳ) ուժեղացման շնորհիվ. արդյունքում բարձրացել է աշխատանքի արդյունավետությունն ու հաճախորդների սպասարկման որակը,- ասել է Համաշխարհային բանկի` ծրագիրը մշակած աշխատանքային խմբի ղեկավար պրն Ահմեդ Այվեյդան: - Համաշխարհային բանկի աջակցությամբ Կառավարությունը նաև մրցակցային կարգով ընտրել է ջրամատակարարման միջազգային օպերատոր` կառավարման պայմանագրով «Հայջրմուղկոյուղինե կառավարելու համար: Առևտրային ու տեխնիկական մեծ կորուստները կրճատելու և ջրամատակարարման ու ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման համար դեռևս անհրաժեշտ են զգալի ներդրումներ»: Ծրագրի ընդհանուր արժեքը 18 միլիոն ԱՄՆ դոլար է, որի 3 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացնի Հայաստանի կառավարությունը: ՎԶՄԲ 15 միլիոն ԱՄՆ դոլար վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով: 1992 թ. Համաշխարահյին բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին Հայաստանի անդամակցությունից հետո` նրա նկատմամբ ՀԲ և ՄԶԸ ստանձնած հանձնառությունների ընդհանուր գումարը կազմում է 1.612 միլիոն ԱՄՆ դոլար: Հայաստանի վարչապետն ընդունել է IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել Արամ Կայֆաջյան. 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամը լիովին լողացող փոխարժեքի դեպքում կհաղթահարվեր դեռևս ապրիլին, եթե չլինեին դրամական միջամտությունները Եվրագոտում անկայուն իրադրության ֆոնին վերջին 2 ամսվա ընթացքում եվրոն «ընկել է» մոտ 700-800 տ.կ., ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ դոլարի ամրապնդմանը |