Հայաստանի երիտասարդական հիմնադրամը դրամական պարգևներ կհանձնի այս տարվա հունվարին Ղազախստանի Ալմաթի քաղաքում «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից անցկացված Ժաուտիկովի անվան դպրոցականների միջազգային ութերորդ օլիմպիադայում Հայաստանը ներկայացրած աշակերտներին։
Oլիմպիադային մասնակցել են 18 երկրների 54 թիմեր՝ 343 մասնակիցներով: Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաները: Անհատական արդյունքներով Հայաստանի դպրոցականները նվաճել են մեկ ոսկե և չորս բրոնզե մեդալ: Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը ղեկավարում էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը, կազմում ընդգրկվել են դպրոցականներ՝ Արտյոմ Քոսյանը, Նարեկ Հովսեփյանը, Գեղամ Վարդանյանը՝ «Մաթեմատիկա», Արամ Մկրտչյանը, Վարդան Ավետիսյանը՝ «Ֆիզիկա», Ռոբերտ Դավթյանը, Տիգրան Մամիկոնյանը, Վահագն Գևորգյանը՝ «Ինֆորմատիկա»:
«Մաթեմատիկա» առարկայից Արտյոմ Քոսյանն արժանացել է ոսկե մեդալի: Բրոնզե մեդալների են արժանացել Նարեկ Հովսեփյանը՝ «Մաթեմատիկա», Արամ Մկրտչյանը՝ «ֆիզիկա», Ռոբերտ Դավթյանը և Տիգրան Մամիկոնյանը՝ «Ինֆորմատիկա» առարկաներից:
Հայաստանը ներկայացնող թիմը խմբային առաջնությունում արժանացել է օլիմպիադայի պատվոգրի: