Իսրայելն Ադրբեջանին զինում է Իրանի՞, թե՞ Հայաստանի դեմ

Իսրայելն Ադրբեջանին զինում է Իրանի՞, թե՞ Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - Israel Aerospace Industries իսրայելյան ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանին 1,6 միլիարդ դոլարի անօդաչու ինքնաթիռներ և ՀՀՊ համակարգեր վաճառել: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա արդեն որոշված հարց է: Իր վարկածն այն մասին, թե ինչու է Թել-Ավիվը զենք վաճառում Բաքվին, Georgia Times-ին ներկայացրել է Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը:

Գործարքի համաձայն, Ադրբեջանը կստանա զենիթահրթիռային համալիրներ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, սակայն Բաքվին մատակարարվող սպառազինության ճշգրիտ քանակը չի նշվում:

«Այն, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, Իրանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու ևս մեկ փորձ է: Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները մշտապես սրվում են: Ադրբեջանին անօդաչու ինքնաթիռների և ՀՀՊ համակարգերի վաճառքը ևս մեկ առիթ է այդ հարաբերությունների սրման համար: Կարելի է ենթադրել, որ իսրայելյան սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի դիրքերը Հայաստանի հանդեպ: Սակայն հայերն իրենք էլ բավականաչափ զենք են ստանում արտասահմանից:

Կարծում եմ` Թել-Ավիվի և Բաքվի միջև գործարքը Իսրայելի ուղերձն է Իրանին: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության վերսկսմանը, այն շարունակում է ժամանակի հարց մնալ: Հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները տասնամյակներ շարունակ մնում են գերլարված»,- նշել է Ջեմալը:

Այդ միջոցին մի շարք լրատվամիջոցներ Ադրբեջանի կողմից իսրայելյան անօդաչու ինքնաթիռների գնումը կապում են Թեհրանի մեղադրանքների հետ իրանցի ատոմագետ գիտնականի սպանությանը Բաքվի հանցակից լինելու վերաբերյալ: Բացի այդ, բոլորովին վերջերս Իրանը Ադրբեջանին մեղադրեց «Մոսսադի» հետ համագործակցության մեջ: Հեյդար Ջեմալն այն հարցին, թե «արդյոք Ադրբեջանում կարող են իսրայելյան հատուկ ծառայությունների գործակալներ գտնվել», պատասխանել է. «Ես կարծում եմ, որ դա այնքան ակնհայտ է, որ լրացումների կարիք չունի: Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ, այդ թվում` ռազմական ոլորտում: Ադրբեջանն այժմ Իսրայելի համար այն է, ինչ նախկինում Թուրքիան էր: Դեռևս ոչ վաղ անցյալում Թուրքիան և Իսրայելը հաղորդակցվելով էին գործում Մերձավոր Արևելքում: Այժմ այդ մտերիմ հարաբերությունները խզվել են: Զգալիորեն սառել են նաև Անկարայի և Բաքվի միջև հարաբերությունները»:

Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը շարունակում է աճել: Այդպես, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը, որն Իրան այցելեց անցյալ շաբաթ, հաստատել է, որ Իրանն ակտիվացրել է ուրանի հարստացման աշխատանքները, և որ այդ ծրագիրը կարող է ռազմական կիրառություն ունենալ, գրում է Правда.ру-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---