
Օբամայի վարչակազմը չի դադարեցնում Իրանի միջուկային օբյեկտներին հրթիռառումբային հարվածներ հասցնելուց Իսրայելին հետ համոզելու փորձերը: Այսօր ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան և ԱՄՆ ԶՈՒ Շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին փակ դռների ետևում Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ քննարկել են այդ հարցը Պենտագոնում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը միայն հաղորդել է լրագրողներին, որ «նման հանդիպումներն ԱՄՆ-ին թույլ են տալիս Իսրայելի հետ ավելի սերտ համակարգել իրենց քաղաքականությունը անվտանգությանն առնչվող հարցերում»:
Վաշինգտոնը չի թաքցնում, որ իրեն խիստ մտահոգում են հաղորդագրություններն այն մասին, որ Իսրայելը Իրանի դեմ ռազմական ակցիայի է պատրաստվում, որպեսզի թույլ չտա այնտեղ միջուկային զենքի հայտնվելը: Պանետտայի մոտ, ինչպես վերջերս հաղորդել է Washington Post թերթը, համոզմունք է ձևավորվել, որ իսրայելյան հարձակման «հավանականությունը մեծ է ապրիլին, մայիսին կամ հունիսին»: