1 մարտի 2012 - 11:41 AMT
Ստեֆեն Հարտ. Ֆիզիկապես մենք լավ վիճակում չէինք, դա ակնհայտ դարձավ 2-րդ խաղակեսում

Հայաստանի հավաքականից 1:3 հաշվով կրած պարտությունից հետո Կանադայի ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆեն Հարտը նշել է, որ գոհ է առաջին խաղակեսում իր սաների ցուցադրած խաղից. «Ուրախ եմ, որ առաջինը մեզ հաջողվեց հաշիվը բացել, բայց ափսոս չկարողացանք հաշիվը պահել: Ֆիզիկապես մեր թիմն այդքան էլ լավ վիճակում չէր, և դա հատկապես ակնհայտ դարձավ երկրորդ խաղակեսում»,- ասել է Հարտը:

Կանադայի հավաքականի դարպասապահ Միլան Բորյանն էլ գտնում է, որ այս խաղը լավ հնարավորություն էր ստուգել իրենց ուժերը և տեսնել, թե որքանով են պատրաստ պաշտոնական հանդիպումներին. «Զգացվում էր, որ թիմը խաղային փորձի պակաս ունի, բայց դա հնարավոր է շտկել, և կարծում եմ, որ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին մենք պատրաստ կլինենք»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստան-Կանադա խաղում հայերից դուբլի հեղինակ է դարձել Մարկոս Պիզելլին և իր առաջին գնդակն է խփել Արաս Օզբիլիսը: Կանադացիների միակ գոլը խփել է Քևին Մաքկենան: