
«Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն ինձ 500 հազար ԱՄՆ դոլար էր պարտք, քիչ-քիչ մարեց, բայց 70 հազար դոլար դեռ մնացել Է»,- «Երկիր»-ի հետ զրույցում հայտնել է գործարար Սիլվա Համբարձումյանը և նշել, որ Այվազյանից հանք է գնել, որի տարածքը և անունը իրար չեն համապատասխանել: Նա հանքը հետ է տվել, բայց Այվազյանն իրեն ամբողջական գումարը չի վերադարձրել:
«Երկիրը»-ը փորձել է պարզաբանումներ ստանալ անձամբ Այվազյանից: Նախ, լսելով գործարար կնոջ անունը, Այվազյանը փորձել է հիշել նրա ազգանունը. «Սիլվա, ի՞նչ ա, Հակոբյա՞ն», հիշելուց հետո էլ նշել է, որ չի հիշում, որ գործարար կնոջը պարտք լինի:
«Սիլվան ա էլի, ինչ ուզի կասի»,- հայտարարել է նա և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, թե այդ Սիլվան ինչու հենց նախընտրական շրջանում հիշեց, որ Այվազյանն իրեն պարտք է:
Սիլվա Համբարձումյանը զարմացել է, որ Այվազյանն իրեն հազիվ է հիշել, հետո էլ անդրադառնալով պատգամավորի այն հայտարարությանը, թե ինչպես տեսնում է հանրապետության կեսը Սիլվային պարտք է, նկատել է, որ Այվազյանը լավ էլ մեծ կարծիք ունի իր մասին և կարծում է, որ ինքը ՀՀ կեսն է:
Հանրապետական պատգամավորը վրդովված է, որ գործարար կինը նման հայտարարություններ անում է հենց մամուլով: «Եթե բան ա ուզում ասի, թող գա կանգնի, ինձ ուղիղ ասի»,- նշել է Այվազյանը և հաստատել, որ պարտքի մասին լուրերին ինքն էլ է մամուլից տեղեկանում, գործարար կինն անձամբ իրեն դեռ չի դիմել:
Գործարար կինը վստահեցրել է, որ դեմ առ դեմ Այվազյանի հետ խոսելուց չի խուսափում, հակառակը` Այվազյանն է խուսափում: «Բազմաթիվ անգամներ թե´ իրեն, թե´ վարորդին տեսել եմ, վերջերս էլ տեսա, ասաց` գնամ Վրաստան, Չինաստան, գամ, կտամ»,- նշել է Համբարձումյանը: Նա ասել է նաև, որ հանրապետությունում իրեն պարտք են երկու հոգի` Վարդան Այվազյանն ու Սուրիկ Խաչատրյանը:
«Պրինցիպի հարց ա, կազինո գնում է, բայց կնոջ պարտքը չի տալիս»,- նշել է Համբարձումյանը: Դիտարկմանը, թե ինչու է հենց հիմա բարձրաձայնում պարտքի մասին, Համբարձումյանն ասել է, որ համբերության բաժակը լցվել է:
Պարտքի պատմությանն անդրադառնալ պատգամավորը չի ցանկանում, ինչպես նշում է` «կնոջ բազար է», իսկ Համբարձումյանի պնդումները, թե իր սկանդալային հայտարարություններով ՀՀԿ-ն կպայթեցնի, պատգամավորն առավել քան տարօրինակ է համարում: «Համ ուզում է ՀՀԿ մտնել, համ էլ ՀՀԿ-ին դատի է տալիս: ՀՀԿ-ին Սիլվաները չեն կարող սպառնալ»,- նշել է Այվազյանը: