
Ռուսաստանյան իրավապաշտպանները տարածել են հայտարարություն, որում «վիրավորական» են անվանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը` կապված Ռուսաստանի նախագահական ընտրությունների հետ: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, իրավապաշտպանները վրդովվել են Քլինթոնի խոսքերից, թե ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել «Ռուսաստանի նախագահական ընտրությունների ակնհայտ հաղթող» Վլադիմիր Պուտինի հետ:
«Այդ խոսքերը հնչել են այն օրերին, երբ գնալով ավելի շատ փաստեր են բացահայտվում քվեարկության արդյունքների զանգվածային կեղծումների մասին,- ասվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ:- Հիլարի Քլինթոնի խոսքերը մեր տեսակետից չի կարելի գնահատել այլ կերպ, քան վիրավորանք Ռուսաստանում արդար ընտրությունների համար պայքարող մարդկանց հասցեին»: