2008 թվականի տարածաշրջանային ամենակարեւոր իրադարձությունը Թուրքիայի նախագահի այցն էր Երեւան

Տարեվերջին բոլորս դարձանք թուրք մտավորականության «Հայեր, ներե'ք մեզ» աննախադեպ ակցիայի վկաները, որը ցույց տվեց, թե որքան խորն է թուրքերի մեջ նստած անհանդուրժողականությունը հայերի հանդեպ եւ սեփական պատմության հետ հաշտվելու ցանկության բացակայությունը

2008թ. դարձավ Հարավային Կովկասի վերաձեւման տարի: Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի սանձազերծած «հնգօրյա պատերազմից» հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր են նախանշվում: Հավանաբար, ինքն էլ չցանկանալով դա, Վրաստանի նախագահը «թագավորական» նվեր մատուցեց ՌԴ-ին, որը վաղուց էր հարմար առիթի սպասում ԱՄՆ-ից ռեվանշ վերցնելու համար` Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման մեջ չափազանց խորը ներթափանցման համար: Արդյունքում ավելի մեծ խառնաշփոթ ստացվեց, որտեղ նույնիսկ «ամենահմուտ» պետությունները չկարողացան որեւէ բան որսալ:

PanARMENIAN.Net - Սակայն ասենք հերթականությամբ: 2008 թվականին ընտրություններ տեղի ունեցան Հարավային Կովկասի երեք երկրներում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Հունվարի 5-ին ընտրություններ տեղի ունեցան Վրաստանում, իսկ նոյեմբերի 4-ին` ԱՄՆ-ում: Այս երկու ամսաթվերի միջեւ բավականին շատ իրադարձություններ կատարվեցին, որոնցից մի քանիսն ուղղակի հնարավոր չէր պատկերացնել տեսանելի ապագայում: Փետրվարի 17-ին ԱՄՆ-ն ճանաչեց Կոսովոյի անկախությունը, ինչն անմիջապես «դոմինոյի էֆեկտ» ունեցավ եւ բուռն դժգոհություն առաջացրեց նախկին ԽՍՀՄ ինքնահռչակ հանրապետություններում: Չնայած ԱՄՆ պետդեպարտամենտի պնդումներին, թե «Կոսովոն չի կարող նախադեպ լինել, պարզվեց, որ Հարավային Օսեթիան ու Աբխազիան եւս անկախություն ստանալու շանսեր ունեն, սակայն արդեն մեկ այլ տերությունից` Ռուսաստանից: Եվ հիմա արդեն ՌԴ ԱԳՆ-ն սկսեց խոսել այն «նախադեպության» մասին, որն իրականում չկա, քանի որ ամեն ինչ բացատրվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ ՌԴ-ի համար քաղաքական նպատակահարմարությամբ:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային իրադարձություններին, ապա, հավանաբար, ամենակարեւորը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումն էր, այլ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան սեպտեմբերի 6-ին: Միանգամայն հնարավոր է, որ դրանում իր դերը կատարեց նաեւ օգոստոսյան ճգնաժամը: Այցը հնարավոր դարձավ միայն շնորհիվ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության, քանի որ նախկին ղեկավարությունն ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ու արտգործնախարար Վարդան Օսկանյանի հնարավոր չէր համարում նման մակարդակի հանդիպումը: Մինչդեռ, անդրկուլիսյան բանակցություններ երկու երկրների դիվանագետների միջեւ արդեն վաղուց են ընթանում: Աբդուլլահ Գյուլի այցը չի կարելի բեկում համարել հայ-թուրքական հարաբերություններում, սակայն հավանաբար, առաջին քայլն արդեն արված է: «Ֆուտբոլային» դիվանագիտությանը հաջորդած երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումներն արդեն որպես սովորական են ընկալվում: Սակայն ամեն ինչ այդքան դյուրին չէ` Թուրքիան, ինչպես արդեն բազմիցս ասվել է, ջանում է իր տեղը զբաղեցնել տարածաշրջանում, ինչի ապացույցն է Ռեջեփ Թաիփ Էրդողանի առաջարկած Կովկասի կայունության պլատֆորմը, որտեղ, բնականաբար, տեղ չկա Իրանի համար: Թուրքիայում, ինչպես նաեւ ողջ աշխարհում հիանալի հասկանում են, որ առանց Իրանի Կովկասյան պլատֆորմն ապագա չունի, սակայն մերժված պետության կարգավիճակը, որին Իրանն արժանացավ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի կամքով, դեռեւս հիմք չի տալիս հուսալ, որ նա կմիանա տարածաշրջանային անվտանգության համակարգին: Ինչն, անկասկած, ռուսական կողմին ավելորդ հաղթաթուղթ կտա ԱՄՆ-ի նոր նախագահի հետ բանակցություններում, որ տեղի կունենան հաջորդ տարի:

Առանց չափազանցության կարելի է ասել, որ տարվա եւս մեկ կարեւոր իրադարձություն եղավ աֆրոամերիկացի Բարակ Օբամայի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում: Ջորջ Բուշի եւ նրա վարչակազմի քաղաքականությամբ ու անհաջող գործողությունների արդյունքում առաջացած քաղաքական եւ ֆինանսական ճգնաժամի ֆոնի վրա, ամերիկացիները պատրաստ էին ընտրել ցանկացած մեկին, որն ամեն ինչով տարբերվում էր «կաղ բադից»: Ի դեպ, մաշկի գույնն այստեղ ոչ մի կապ չունի:

Անմիջապես ԱՄՆ նախագահի ընտրություններից առաջ մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները հռչակագիր ստորագրեցին բացառապես խաղաղ մեթոդներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Մեկ ամիս անց, նմանատիպ հայտարարություն արվեց ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում: Ճիշտ է, ոչ մի հռչակագիր այնպես չմոտեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես դա թվում է ղարաբաղցի հայերի ճակատագրի «կերտողներին», որոնք իրոք չեն հասկանում, ինչու որոշել այն, ինչ արդեն իսկ որոշվել է 1994 թվականին: Այնպես որ բոլոր խոսքերը «ոսկե հնարավորության», «պատուհանի» եւ «բեկման» մասին ուղղակի դիվանագիտական բանաձեւեր են, որ կոչված են թաքցնել անգործությունն ու մեծամասնությամբ ուղղակի կովկասյան քաղաքականության լաբիրինթոսում կողմնորոշվելու ցանկության բացակայությունը:

Եվ ի վերջո, տարեվերջին բոլորս դարձանք թուրք մտավորականության «Հայեր, ներե'ք մեզ» աննախադեպ ակցիայի վկաները, որը ցույց տվեց, թե որքան խորն է թուրքերի մեջ նստած անհանդուրժողականությունը հայերի հանդեպ եւ սեփական պատմության հետ հաշտվելու ցանկության բացակայությունը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---