Հայաստանն այժմ իշխանափոխության համար ներքին ռեսուրսներ չունի

Ներքաղաքական տեսություն 2010թ. հունվարի 25-31-ը

Ներքաղաքական կյանքը մտավ իր բնականոն հունի մեջ, եւ անցած շաբաթը Հայաստանում նշանավորվեց հարեւան երկրների մի շարք բարձրաստիճան հյուրերի այցերով: Երեւան ժամանեցին Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթակին, Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Շաբաթը նվիրված էր նաեւ Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ քաղաքական ուժերի եւ փորձագետների մեկնաբանություններին:

PanARMENIAN.Net - Շաբաթը մեկնարկեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպումից: «Ես միշտ ղեկավարվել եմ մեկ սկզբունքով` խաղաղություն ես ցանկանում-պատրաստվիր պատերազմի: Մենք երբեք չենք բացառում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունը ուժով լուծելու հնարավորությունը, սակայն հայկական բանակը միշտ պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Ըստ նախարարի, ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Այս համատեքստում, մենք երեք հարց ենք դնում` պետք է հարգվի ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, Լեռնային Ղարաբաղը պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ եւ նրա անվտանգությունը պետք է ապահովվի միջազգային երաշխիքներով»,-ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը:

Նույն օրը հնչեց Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման առաջին գնահատականը իշխող ՀՀԿ-ի նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի կողմից: Խոսելով տարածքները հանձնելու հնարավորության մասին, ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ հստակեցված չեն փոխզիջման շրջանակները: «Մինչ օրս որոշված չէ, թե ինչ է ներկայացնում իրենից անցումային կարգավիճակը, եւ ինչպես կկատարվի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտումը: Ինձ թվում է, որ կողմերը դեռեւս չեն պատկերացնում, թե ինչպես դա տեղի կունենա»,-ասել է պատգամավորը: Ըստ կանխատեսումների, Սոչիում հանդիպումից հետո պարզ կդառնա, կստորագրվի արդյոք շրջանակային համաձայնագիր Ղարաբաղի վերաբերյալ թե ոչ: «Սակայն ես չեմ կարծում, որ մինչ 2010թ. ավարտը շրջանակային համաձայնագիր կնքվի»,-ասել է Ռ.Զոհրաբյանը:

Սոչիի հանդիպման արդյունքների նմանատիպ գնահատականով համատեղ մամլո ասուլիսում հանդես եկան Հնչակյան Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության վարչության անդամ Վարդան Խաչատրյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ից Կարեն Ավագյանը: «Սխալ կլինի կարծել, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեին նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ»,-հայտարարել է Կարեն Ավագյանը: Ըստ նրա, նախագահների ամեն հանդիպում հակամարտության լուծմանն ուղղված եւս մել քայլ է: Ընդ որում նա նշել է, որ վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչն արդեն իսկ առաջընթաց է:

Իր հերթին Վ.Խաչատրյանն ասել է, որ թեեւ ղարաբաղյան կարգավորման ընթացքում առաջընթաց է գրանցվել, Բաքուն անհնարինն է պահանջում, առավելագույնին հասնելու համար: Այդ համատեքստում Խաչատրյանն առանձնապես շեշտել է Ալիեւի տեւական սպառնալիքներն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել նաեւ ռազմական ճանապարհով:

Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ բանակցային գործընթացն արագ լուծումների չի հանգեցնի, եւ ենթադրել է, որ Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքները Թուրքիային հնարավորություն կտան արագացնել Արձանագրությունների վավերացման հարցը:

Երեքշաբթի, հունվարի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին, որն աշխատանքային այցով գտնվում էր Երեւանում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: Հայաստանի նախագահը նշել է, որ Երեւանը պատրաստ է առավել խորացնել համագործակցությունը Թբիլիսիի հետ: Իր հերթին, Գիլաուրին փոխանցել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի Վրաստան այցելելու հրավերը:

Նույն օրը Երեւանում տեղի է ունեցել Combined Endeavor-2010 զորավարժությունների նախնական պլանավորման խորհրդաժողովը կապի, հեռահաղորդակցությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որը կազմակերպել էր ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցել են 300 կապի մասնագետներ ՆԱՏՕ-ի, ինչպես նաեւ գործընկեր երկրների թվից:

Հունվարի 26-ին աշխատանքային այցով Երեւան ժամանեց Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթակին` հայ-իրանական միջկառավարական 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Իր այցի ընթացքում Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ մանրամասն քննարկել է երկկոկղմ, տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Հայաստանի ու Իրանի ԱԳՆ ղեկավարներն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մոթթակին Նալբանդյանին է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը:

Երեքշաբթի հնչեց Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման եւս մեկ դրական գնահատական, որը բարձրաձայնեց Վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը: «Այն ակնկալիքները, որ կային նախագահների հանդիպումից, արդարացան»,-հայտարարել է նա Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Անդրադառնալով նորացված Մադրիդյան սկզբունքների ներածությանը` Հակոբյանն ենթադրել է, որ այնտեղ կձեւակերպվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա կարգավորվելու է հակամարտությունը: Ըստ նրա, Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է երկու սկզբունքների` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Ռ.Հակոբյանն ընդգծել է նաեւ, որ վերջին երկու տասնամյակում Հայաստանի եւ ներքին, եւ արտաքին կյանքը պայմանավորված էր ղարաբաղյան հակամարտությամբ: Նա չի կիսել փորձագետների այն կարծիքը, թե ցանկացած տեղաշարժ ղարաբաղյան հարցում կարող է իշխանափոխության հանգեցնել: «Հայաստանն այդ ռեսուրսը չունի: Երկրի «իմունային համակարգը» շատ թույլ է»,-ասել է Հակոբյանը:

Եռակողմ հանդիպման վերաբերյալ այլ տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապաետյանը, որը գտնում է, որ Սոչիի հանդիպումը ոչնչով չէր տարբերվում մնացած հանդիպումներից: Ըստ նրա, ինչպես հիմա, այնպես էլ Մայնդորֆի հանդիպումից առաջ, շատ էր աժիոտաժը, սակայն, ի վերջո, «հույսերը չարդարացան»: Ինչպես նշել է խորհրդարանականը, Ադրբեջանը պետք է հասկանա, որ Ղարաբաղը երբեք չի դառնա նրա մի մասը, եւ որ Ղարաբաղը պետք է մասնակցի իր ճակատագրի որոշմանը:

Հաջորդ օրը, հունվարի 27-ին, Սոչիի հանդիպման քննադատությունը շարունակեց «Ժառանգությունը»: «Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը ես համարում եմ հերթական ոչ լիարժեք հանդիպումը»,-հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, հանդիպումը, որին չի մասնակցում Ղարաբաղը, չի կարող ղարաբաղյան կարգավորման բանակցություն համարվել: «Նախագահների հանդիպումներն մեկ դրական կողմ ունեն` քանի դեռ դրանք շարունակվում են, հույս կա, որ պատերազմ չի լինի»,-նշել է Ալավերդյանը:

Հունվարի 27-ին ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն ընդունեց Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մ.Մոթթակիին: Նախագահը կարեւորեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Դուք լավ գիտեք, թե որքան կարեւոր են մեզ համար հարաբերություններն Իրանի հետ եւ մենք ընկալում ենք ձեզ որպես հուսալի գործընկերոջ եւ տարածաշրջանում առանցքային դեր ունեցող երկիր»,-նշել է Սարգսյանը:

Չորեքշաբթին նշանավորվեց եւս մեկ իրադարձությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը» հայտարարություն տարածեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցի կապակցությամբ: «ԵԽԽՎ նախագահի որոշ մեկնաբանություններ հարցականի տակ են դնում նրա անաչառությունը Լեռնային Ղարաբնաղի խնդրի ընկալման հարցում: Նա սխալ է ընկալում խնդրի բնույթն ու տարրերը, ինչպես նաեւ բանակցային գործընթացը»,-ասվում է կուսակցությունների հայտարարության մեջ: Հայաստանի կոալիցիոն ուժերը կոչ են արել ՀՀ ԱԺ նախագահին հստակեցնել ԵԽԽՎ նախագահի հարցազրույցի իրականությանը համապատասխանելը , բացատրություններ պահանջել նրանից, հասկանալու համար` ընկալել Չավուշօղլուի խոսքերը որպես ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում եւ անհրաժեշտության դեպքում քննարկել հայկական պատվիրակության աշխատանքների սառեցման հարցը ԵԽԽՎ-ում Չավուշօղլուի նախագահության ընթացքում:

Արդեն հաջորդ օրը` հունվարի 28-ին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մ.Չավուշօղլուի հետ, որի ընթացքում Չավուշօղլուն հաղորդել է, որ հունվարի 26-ին «ԱՊԱ» գործակալության տարածած հարցազրույցում նրան վերագրվել են արտահայտություններ, որոնք նա չի արել: Նա հավաստիացրել է, որ դա սխալ թարգմանության եւ ադրբեջնական ԶԼՄ-ների սխալ ընկալման արդյունք էր:

Հունվարի 28-ին Հայաստանը նշում էր Հայկական բանակի ստեղծման օրը: Ըստ ավանդույթի, այդ օրը երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Եռաբլուր եւ հարգեց Հայրենիքի համար կյանքը զոհած ազատամարտիկների հիշատակը:

Օրն ավարտվեց հանդիսավոր համերգով` նվիրված Հայկական բանակի 18-ամյակին: Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Շաբաթվա ավարտին, հունվարի 29-ին «ՍԻՄ» նախագահ Հայկ Բաբուխանյանը մի շարք բարձրագոչ հայտարարություններ արեց: Մեկը վերաբերում էր Հայաստանի կողմից սեփական միջուկային զենք ստեղծելու անհրաժեշտությանը, որպես Թուրքիայի զսպող գործոն, քանի որ այդ երկիրը 3 անգամ ցեղասպանություն է գործել հայ ժողովրդի հանդեպ:

Մեկ այլ նրա սկանդալային հայտարարությունը վերաբերում էր «Ժառանգություն» կուսակցությանը, որի գործունեությունը նա առաջարկում է կասեցնել, մեղադրելով ապակառուցողական դիրքորոշման համար ԵԽԽՎ-ում եւ թուրք-ադրբեջանական լոբբիին աջակցելու համար: Պատասխանը երկար սպասել չտվեց: «Ժառանգության» ղեկավար Ստեփան Սաֆարյանը աննորմալ համարեց, որ Բաբուխանյանը մեղադրում է «Ժառանգությանը» հակապետական քաղաքականություն վարելու համար: Ըստ Սաֆարյանի, կան հավաստի տվյալներ, որ «ՍԻՄ» կուսակցության առաջնորդին «ֆինանսավորում է երեք կոալիցիոն կուսակցություններից մեկւ ներկայացնող ոմն մի օլիգարխ»:

Հունվարի 29-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվեց ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգը: Քառօրյաի օրակարգում ներառված է 78 հարց եւ 14 միջազգային պայմանագիր:

Միքայել Բալայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---