Շաբաթվա թեմա. Հայոց ցեղասպանություն և հայ-թուրքական գործընթաց

Ապրիլի 19-24-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

Հայաստանի քաղաքական շաբաթը բավականին ակտիվ էր, և համարյա բոլոր իրադարձությունները զարգացել են հայ-թուրքական մերձեցման և Հայոց ցեղասպանության շուրջ: Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանն այլևս կարիք չունի որևէ մեկին ապացուցելու Ցեղասպանության փաստը, և երկիրն արդեն պետք է բարձրացնի Թուրքիայի պատասխանատվության և փոխհատուցման հարցը: Հայոց ցեղասպանության ԱՄՆ ճանաչման մասին խոսելով, Մանուկյանն ասել է, որ ԱՄՆ-ն դեռևս 1975 թվին է ընդունել Հայոց ցեղասպանությունը`հիշեցնելով ԱՄՆ Կոնգրեսի 1975 թ. ապրիլի 9-ի որոշումը:

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշել է, որ Թուրքիան սկսեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը միայն մեկ նպատակով` սկզբում պառակտել Հայաստանն ու Սփյուռքը, իսկ հետո` Սփյուռքը ներսից, ինչի մասին են վկայում թուրքական կողմի վերջին հայտարարություններն այն մասին, որ իրենք մտադիր են հանդիպել միայն այն հայկական կազմակերպությունների հետ, որոնք կոշտ դիրքորոշում չունեն: “Թուրքիայի հիմնական նպատակն է` թուլացնել հայությանը”,-ասել է Վ.Հովհաննիսյանը:

Ընդ որում, նա նշել է, որ միակ ելքը ստեղծված իրավիճակից ստորագրություններն ետ կանչելն է: Հովհաննիսյանը նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է քննարկվել ԱՄՆ Կոնգրեսի աշնանային նիստում:

Ապրիլի 20-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի նախագահի հետ բանակցություններ է անցկացրել “տետ ա տետ” ձևաչափով, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության մի շարք արդիական հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և հայ-թուրքական հարաբերությունները:

Ապրիլի 21-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում առաջին քայլն էր, ոչ թե`վերջին: “Չի բացառվում, որ մայիսի վերջում կամ հունիսի սկզբին տեղի կունենա Սարգսյան-Էրդողան հերթական հանդիպումը”,-նշել է Ռ.Կիրակոսյանը

Հայոց ցեղասպանության հարցը շաղկապված է շատ պատմական թեմաների հետ, և բազում ժողովրդների հիշողությունը, այդ թվում նաև ռուս ժողովրդի հիշողությունը, ներառում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության թեման: Այդ մասին Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված Երևան-Մոսկվա “Պատմական հիշողությունն ու ժամանակակից իրողությունները” խորագրով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: “Շատ երկրներ և ժողովրդներ, որոնք օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին, դարձան Արևմտյան Հայաստանի տարածքում կատարված այդ վայրագությունների ականատեսները”,-ասել է պատմաբանը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության պատմական փաստն ակնհայտ է: Սովորաբար այն երկրները, որոնք չեն ցանկանում կամ վախենում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասում են հետևյալը. Թուրքիան կարևոր է մեզ համար, ուստի մենք սխալ ենք համարում այդ քայլին գնալը: Դա պատմական դրդապատճառ է: Նա կասկած հայտնեց, որ մինչև ապրիլի 24-ն ինչ-որ բան տեղի կունենա հայ-թուրքական գործընթացում, բայց դրանից հետո կողմերը որոշակի դադար կվերցնեն, այնուհետև դեպքերն ինչ-որ կերպ կզարգանան:

“Հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրման օրվանից հայկական կողմին շատ բան տվեցին”, - PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: “Պետք է նաև նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խթանել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը”, - ընդգծել է Կարեն Ավագյանը:

Իր հերթին “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այդ գործընթացի տապալման դեպքում Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համար միակ կորուստը կլինի անվտանգության և խաղաղության կորուստը:

“Հայ-թուրքական մերձեցման գործընթացը շատ խնդիրներ է ստեղծել մեր պետության համար: Օրինակ, այդ գործընթացը կարող էր սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև”,- ասել է “Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ապրիլի 22-ին Հայաստանի Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. “Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահը, ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ, հետեւողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ”:

Այդ հայտարարության առիթով “Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է. “Ես դրական եմ համարում ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության քայլը, սակայն, միաժամանակ, գտնում եմ, որ այն ուշացած էր: Ափսոս, որ կոալիցիային մեկ տարի պահանջվեց, հասկանալու համար, որ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով”:

Նույն օրը քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ հայկական խորհրդարանի կոալիցիոն քաղաքական ուժերի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես դեմարշ ոչ միայն Թուրքիայի, այլ նաև համաշխարհային հանրության նկատմամբ: “Խնդիրն անորոշ վիաճկում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայում տեղի չեն ունեցել խորհրդարանական ընտրություններ: Իսկ դա կլինի 2011-ին”,- ասել է քաղաքագետը:

Ապրիլի 22-ին Երևանում տեղի է ունեցել Հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող 14 կուսակցությունների հավաքը, որոնք հանդես են եկել հայտարարությամբ: Կուսակցություններն ընդունել են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ նախագահից պահանջում ենք դադարեցնել Արձանագրությունների կնքման գործընթացը՝ հետ կանչելով հայկական կողմի ստորագրությունները, հակառակ դեպքում ՀՀ նախագահից և ՀՀ ԱԺ-ից պահանջում ենք ՀՀ սահմանադրությանը համապասխան իրականացնել ՍԴ որոշումը և հայ-թուրքական Արձանագրությունները չվավերացնել առանց հայտարարության մեջ նշված վերապահումների”։

Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին: Հրամանագրով ՀՀ արտգործնախարարին հանձնարարվել է արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընդհատված չէ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի այժմյան փուլի դադարեցման մասին: Օգտվելով ֆուտբոլային դիվանագիտության տերմիններից, Իսկանդարյանն ասել է, որ գնդակը թուրքական կողմի մոտ է: Միաժամանակ նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված է դեռևս հունվարից:

Ապրիլի 23-ին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների այժմայն գործընթացը դադարեցնելու մասին, ասել է, որ հայ-թուրքական հարբերությունների գործընթացը սառեցված էր դեռևս հունվարից: “Անկարայից նախկինի նման սպասում են ինչ-որ քայլեր, որը կփոխի գործընթացի ձևափաչը, որպեսզի այն շարունակվի”,- ասել է Իսկանդարյանն, ավելացնելով, որ նախկինի նման խնդիրն Անկարայի մեջ է, և այդ խնդիրները կապված են Թուրքիայի ներքին քաղաքականության հետ:

Նույն օրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է հայ-թուրքական գործընթացը, որովհետև Թուրքիան պատրաստ չէ տվյալ պահին գնալ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների: “Բայց մենք վերջնականապես ետ չենք կանչել մեր ստորագրությունները, քանի որ այդ փաստաթղթերում նախապայմաններ չկան”,- ասել է նա:

“Մենք ողջունում ենք այն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, բայց կարծում եմ, որ դա միայն գործի կեսն է”,- լրագրողներին հայտարարել է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ավելի ճիշտ կլինի, եթե Հայաստանը ետ կանչի Արձանագրությունների տակ դրված ստորագրությունը: “Գործընթացն ընդամենը կասեցված է, և Հայաստանի ստորագրությունը շարունակում է մնալ Արձանագրությունների տակ, իսկ դա հնարավորություն է տալիս ճնշում գործադրել ղարաբաղյան հակամարտության հարցում”,- ասել է նա:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---