Հայաստանի անկախության 19 տարիների գլխավոր ձեռքբերումը` ԼՂՀ փաստացի անկախությունն է

Սեպտեմբերի 18-24-ի ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

Ոչ մի ՄԱԿ հատուկ պատվիրակ չի կարող արագացնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: ԵԱՀԿ Մինսկի խմբի լիկվիդացումն ու, առավել ևս, նրա ընդօրինակումն այլ մակարդակում կարգելակեն անգամ այն գործընթացը, որն այժմ ընթանում է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, նման հայտարարություններն ավելի շատ դասվում են քարոզչության, քան հակամարտության լուծումն արագացնելու իրական փորձերի շարքին: «Իրական արագացման համար փոխզիջումների պատրաստակամություն է հարկավոր, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Իսկանդարյանը:

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ նշանակելու անհրաժեշտության մասին խոսակցությունները վկայում են այն մասին, որ միջազգային հանրությունը մտահոգված է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի անարդյունավետությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա, նման նախաձեռնությունները կարող են ապտակ հանդիսանալ ինչպես ղարաբաղյան հակամարտության միջնորդների, այնպես էլ կողմերի համար: «Բոլոր այդ հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ միջնորդներին ու կողմերին հստակ ասում են՝ բավական է, տղաներ, բանակցությունների ժամանակը անսահմանափակ չէ»,-ասել է փորձագետը:

Խորհրդարանական հարցերով Իրանի փոխնախագահ Սեյիդ Մոհամմեդրզա Միրթաջադդինին, Թեհրանում ելույթ ունենալով «Ադրբեջանի Հանրապետություն. նախկին փորձն ու առաջիկա հեռանկարը» իրանա-ադրբեջանական խորհրդաժողովի ժամանակ, չի հայտարարել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է հանդիսանում, և որ Իրանը ղարաբաղյան հիմնահարցում պաշտպանել և պաշտպանելու է ադրբեջանական կողմին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ պարոն Զարեին:

«Չի բացառվում, որ որոշ ԶԼՄ-ներ փոխնախագահի խոսքերը սեփական մեկնաբանությամբ են ներկայացրել: Իրականում Իրանի քաղաքականությունը կայանում է նրանում, որ Իրանն աջակցում է միայն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Այդ հակամարտության մեջ Թեհրանը սատարում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Մինչև հիմա մենք ղարաբաղյան կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ենք զբաղեցրել և շարունակելու ենք զբաղեցնել»,- ասել է պարոն Զարեին:

Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին առհասարակ գոյություն ունի, ապա այն առաջին հերթին հայերի ու ադրբեջանցիների ձեռքում է: Այդ մասին «Ռուսական քաղաքականության նոր միտումները Կովկասում. մարտահրավերներ ու հնարավորություններ տարածաշրջանի համար» թեմայով կլոր սեղանի շուրջ հայտնել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդների համար առաջնահերթ խնդիրը պատերազմի կանխումն ու Ադրբեջանի վերադարձն է բանակցային գործընթաց:

Սեպտեմբերի 19-ին Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում պատարագ է տրվել և տեղի է ունեցել բողոքի ցույց` Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում տրվող պատարագի դեմ: «Այսօր Հայաստանի տարբեր հատվածներում երկու տարբեր միջոցառում է տեղի ունենում` առաջինը` թուրքական կառավարության կազմակերպած խեղկատակությունն է, իսկ երկրորդը` բողոքի ցույցն ու պատարագը: Ես պատահական չասացի` Հայաստանի տարբեր հատվածներում, քանի որ մենք տարբերություն չենք դնում Արևմտյան Հայաստանի ու Արևելյան Հայաստանի միջև», - լրագրողներին հայտարարել է Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Միաժամանակ նա հայտնել է նաև, որ Անկարան փորձում է քարոզչության միջոցի վերածել Հայաստանի մշակութային ժառանգությունն ու հոգևոր արժեքները, ինչը Հայաստանը երբեք չի ընդունի:

«Բանն այն է, որ Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին վերականգնելով այն թանգարանի վերածելը և այսօրվա պատարագը եկեղեցում` ընդամենը պատարագ է` թանգարանում տրված», - լրագրողներին հայտարարել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա ասել է նաև, որ հենց դա է հայկական կողմի դժգոհության պատճառը: Նրա խոսքերի համաձայն, եկեղեցին պետք է ամեն օր գործի, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ուզի; Մանոյանը նշել է նաև, որ Անկարան այնպես արեց, որ միջոցառումը վերածվեց մեծ հարցի` արդյոք եկեղեցու գմբեթին խաչը կդրվի, թե ոչ:

«Առաջին հերթին ես ցանկանում եմ բոլորին շնորհավորել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Մենք անկախություն ստացանք, սակայն մինչ օրս չենք գիտակցում նրա կարևորություն»,- սեպտեմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ըստ Մարտիրոսյանի, Հայաստանն անկախացավ արյան գնով և «մենք պետք է ամեն ինչ անենք սերունդներին թողնելու համար հզոր և կայուն երկիր»:

Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը հրաժարական է տվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը:

Նրա խոսքերի համաձայն, մինչև հաջորդ քառօրյա նիստերը կուսակցությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակի նոր թեկնածու կներկայացնի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղարը չասաց Արևիկ Պետրոսյանի հրաժարականի պատճառը, նաև չասաց, թե հետագայում նա ներկուսակցական ինչ գործունեություն է ծավալելու: «Մեր կուսակցությունը մինչև հաջորդ քառօրյան կհայտնի թե ում է ներկայացնելու որպես ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնի թեկնածու, նաև կհաղորդի Արևիկ Պետրոսյանի հետագա գործունեության մասին», - ընդգծել է Խաչիկ Գալստյանը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արևիկ Պետրոսյանի մասին որոշումը կայացվել է կուսակցության կողմից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբավորման անդամ Վահե Էնֆիաջյանը:

«Սակայն, դա չի նշանակում, թե նա լքում է կուսակցությունը»,-նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆայջյանը: Նա նշել է, որ շուտով արդեն կքննարկվի փոխխոսնակի նոր թեկնածությունը, որը պետք է առաջադրի կուսակցությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որպես Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի հնարավոր թեկնածու քննարկում է Վարդան Բոստանջյանի, Արամ Սաֆարյանի ու Սամվել Բալասանյանի թեկնածությունները, որոնց անունները վերջերս ակտիվորեն շրջանառվում են ԶԼՄ-ներում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը:

Ըստ Գալստյանի, այս պահի դրությամբ կուսակցությունը քննարկում է թեկնածությունները և դեռևս որևէ մեկի օգտին որոշում չի կայացրել: «Մենք քննարկումներ կանցկացնենք և կուսակցությունը կառաջադրի իր թեկնածուին»,-ասել է նա:

Հայաստանի անկախությունը նվաճվեց հայ ժողովրդի կամքի ու միասնության շնորհիվ: Վերջին 20 տարիների ամենագլխավոր նվաճումը Արցախի Հանրապետության հռչակումն էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, այսօր ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի իրեն վերագրել Արցախի ազատագրումը, քանի որ ղարաբաղյան պատերազմում հաղթեց ժողովուրդը: Ինչպես նշեց քաղաքագետը, չնայած նրան, որ դիվանագիտական ու քարոզչական ոլորտներում Հայաստանը մի շարք սխալներ թույլ տվեց, սակայն փաստը մնում է փաստ՝ ԼՂՀ-ն այսօր շարունակում է գոյություն ունենալ այն սահմաններում, որոնք գծել էր հայկական կողմը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի միջև «ֆուտբոլային դիվանագիտությանը», ապա այստեղ հայկական կողմի քաղաքականությունը շահավետ էր մեզ համար»,-ասել է քաղաքագետը:

«Տոնական օրերը լավ առիթ են, որպեսզի արժանին մատուցենք այն մարդկանց, ովքեր արժանի են մեր ամնեօրյա ուշադրությանը և բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, նաև հասարակության շարժիչ ուժն են», - Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի տոնակատարության առիթով շքանշանների հանձնման արարողության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միաժամանակ նա ասել է, որ բարեխիղճ մարդն ամենամեծ արժեքն է:

«Մենք ձեռք բերեցինք այդ անկախությունը ծանր փորձությունների գնով: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ հաղթում են միայն միասնական ժողովուրդները, որոնք պատրաստ են պայքարել»,- սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվա առթիվ զինծառայողներին գերատեսչական ու կառավարական մեդալներով պարգևատրելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Առկա աշխարհաքաղաքական իրականության մեջ Հայաստանը պարզապես պարտավոր է հզոր բանակ ունենալ: Հայաստանի նախագահն ու կառավարությունն անում են ամեն հնարավոր բան`բանակը նորագույն տեխնիկայով զինելու համար, որպեսզի մեր երկրի Զինված ուժերի մարտունակությունը միշտ բարձր մակարդակում լինի»,- ընդգծել է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---