Թադեւոս Չարչյան.

ԱՄՆ-ն կարող է լուրջ եւ անդառնալի կորուստներ կրել Իրանում

PanARMENIAN.Net - Իրանի խնդիրը գնալով ավելի այժմէական է դառնում: Մտադի՞ր է ԱՄՆ-ն ռմբակոծել Իրանը թե ոչ, իրո՞ք վտանգավոր է աշխարհի եւ տարածաշրջանի համար Իրանի միջուկային ծրագիրը թե կան այլ նկատառումներ, որոնք կարող են հանգեցնել եւս մեկ հակամարտության Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: Իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել իրանագետ Թադեւոս Չարչյանը:
Իրականում ո՞րն է Ամերիկայի մղումը իրանական հարցում` միջուկային անվտանգությունը թե նավթային տարածաշրջանը վերահսկելու ցանկությունը:

Առաջին հերթին, Ամերիկան կրկին եւ կրկին չի դադարում ապացուցել իր գերիշխանությունն ամբողջ աշխարհի հանդեպ` ապացույցներից մեկը կարող է հանդիսանալ ներխուժումն Իրան, որտեղ, ըստ ԶԼՄ-ների, արդեն ակտիվորեն գործում են երկիրը ներսից ուսումնասիրող գործակալներն ու տարբեր խմբերը: Սակայն, նավթն այստեղ, հավանաբար, ամենանվազագույն դերն է կատարում, քանի որ այժմ արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գերտերությունները եւ զարգացած երկրներն ընդհանրապես նավթ չունեն: Ես, կարծում եմ, որ ԱՄՆ գերակայություններում քաղաքական ասպեկտներն ու իրանական ռազմական մեքենայի վերահսկումը առաջին տեղում են: Կա եւս մեկ կարեւոր պահ` ԱՄՆ-ն ցանկանում է սպառնալով Իրանին եւս մեկ անգամ ընդգծել, որ իրենք ի վիճակի են պայքարել միաժամանակ մի քանի ուղղություններով, եւ դրանով մեկ անգամ եւս ճնշում գործադրել Իրանի վրա, քանի որ իրադարձությունների նման շրջադարձը կարող է իր դերը կատարել Իրաքում շուտափույթ նպատակին հասնելու համար:

Սակայն, Իրանն, ինչպես արդեն բազմիցս նշվել է, Իրաքը չէ: Ի՞նչ կարելի է ակնկալել ամերիկյան զորքերից, եթե նրանք իրոք պատերազմ սկսեն Իրանում:

Կարծում եմ, որ ամերիկյան զորքերը լուրջ եւ անդառնալի կորուստներ կկրեն: Առաջինը, պետք է ի նկատի ունենալ Իրանի զբաղեցրած ընդգրկուն աշխարհագրական տարածքը: Շատ դժվար կլինի ռազմական տեսակետից վերահսկել այդ տարածքը: Իրանում մտավոր ուժերն ավելի շատ են, որոնք կարող են առավել արդյունավետ եւ խելացի պատերազմ վարել, առավել կազմակերպված, Իրանում շատ են ռազմական ունակություններով գործիչները: Իրանը կարող է անհամեմատ շատ միջոցներ եւ սպառազինություն ներդնել այդ պատերազմում, եւ, իհարկե, զինվորական համակազմը: Եվ վերջապես, չի կարելի մոռանալ այն բազում իրանցիների մասին, որոնք բնակվում են ԱՄՆ-ում եւ որոնք, ի դեպ, իրենց պատմական հայրենիքի մեծ հայրենասերներ են: Նրանք, կարող է եւ համաձայն չլինեն Իրանի ներկայիս իշխանությունների հետ, սակայն նրանք սիրում են իրենց Իրանն ինչպես մշակութային արժեքների առումով, այնպես էլ ժողովրդի եւ հանգիստ չեն նստի եւ հետեւի, թե ինչպես է փլուզվում իրենց հայրենիքը: Ինչպես են ոչնչացվում մշակութային արժեքները հին Միջագետքի նմանությամբ, որտեղ առաջացել են առաջին քաղաքակրթությունները: Կան նաեւ այլ մասնակի խնդիրներ, եւ ԱՄՆ-ն դա շատ լավ հասկանում է:

Այդ դեպքում ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Ադրբեջանը:

Չեմ կարծում, որ Ադրբեջանն ակտիվորեն կմասնակցի, սակայն չեմ էլ անտեսում այն փաստը, որ Բաքուն, ինչպես միշտ, կբարձրացնի Իրանական Ադրբեջանի (հին Ատրպատականի) հարցը, կրկին եւ կրկին ընդգծելով այն կեղծ եւ ծիծաղելի թեզը, թե այնտեղ իրենց եղբայրներն են ապրում: Թեեւ արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Իրանական Ադրբեջանի բնակիչներն ազերիներ են, այսինքն թրքալեզու իրանցիներ: Կարծում եմ, որ որեւէ գործողություն Բաքուն չի ձեռնարկի, չեզոք կմնա, քանի որ մի կողմից Ադրբեջանը չի ցանկանա փչացնել ոչ այնքան լավ հարաբերություններն իսլամիստական Իրանի հետ, մյուս կողմից` չի համարձակվի նեղացնել ԱՄՆ-ին:

Իրականում Իրանում կա՞ լուրջ ընդդիմություն իշխող «այաթոլլաների ռեժիմին»:

Ընդդիմություն Իրանում կա, սակայն չեմ կարծում, որ նա կլուծի իր հարցերը, հենվելով ԱՄՆ-ի վրա, երկրի եւ նրա անվտանգության հաշվին: Ըննդիմությունը լավ է պատկերացնում ընդհանուր իրավիճակը եւ փորձում է լուծել իր խնդիրները ներքին միջոցներով: Ճիշտ է, դրանից կարող են օգտվել ամերիկամետ ուժերը եւ դա հարկավոր է ի նկատի ունենալ:

Ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանի վրա ռազմական գործողություններն անմիջապես նրա սահմանների մոտ, եթե ԱՄՆ վարչակազմն իրոք պատերազմ սկսի:

Իհարկե, հարձակումն Իրանի վրա շատ բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա, որը կհայտնվի երկու կրակի միջեւ: Ընտրությունը շատ դժվար կլինի` մի կողմից ֆինանսական եւ տնտեսական ասպեկտները, մյուսից` հարեւան եւ բարեկամ Իրանը, որի հետ Հայաստանը շատ ընդհանուր բան ունի: Իսկ չեզոք մնալ Հայաստանը չի կարող, քանի որ մեզ շատ բան է կապում միջազգային հանրության հետ: Ըստ իս, պետք է հավատալ եւ հուսալ, ճիշտ է ելնելով իրավիճակից, որ ռազմական հակամարտություն չի լինի:

Ի՞նչ կարելի է ակնկալել Թուրքիայից եւ Վրաստանից այս հարցում` ո՞մ կաջակցեն նրանք:

Կարծում եմ, որ այնուամենայնիվ նրանց տրամադրություններն ամերիկամետ են, թեեւ այժմ շատ բարդ է կանխատեսումներ անել: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

---