Հայոց ցեղասպանությունը ոչ թե պատմական հարց է, այլ ներկայի եւ ապագայի հարց

Արա Պապյան.

Հայոց ցեղասպանությունը ոչ թե պատմական հարց է, այլ ներկայի եւ ապագայի հարց

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի սահմանազատման հարցը այժմ էլ, 80 տարի անց, շարունակում է բաց մնալ: Չնայած հինգ պայմանագրերին, որ ստորագրվել են Առաջին աշխարհամարտում հաղթանակած երկրների կողմից եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշմանը, սահմանն այդպես էլ չճշտված մնաց: Միջազգային իրավունքի տեսակետից, Հայաստանի Հանրապետությունը, լինելով առաջին ՀՀ-ի իրավահաջորդը, կարող է կրկին բարձրացնել սահմանի սահմանազատման հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում պատմում է դիվանագետ եւ պատմաբան Արա Պապյանը:
Վերջերս սկսել են շատ խոսել Առաջին Համաշխարհային պատերազմից հետո հայ-թուրքական սահմանի վերաբերյալ կնքված պայմանագրերի իրավական կողմի մասին: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետ է դա կապված:

Հետաքրքրությունը պայմանագրերի հանդեպ պայմանավորված է նրանով, որ բոլորը մինչ այժմ շեշտը դնում էին պատմության վրա, բոլորովին մոռանալով խնդրի իրավական կողմի մասին: 1918-1923 թթ. կնքվել է հինգ պայմանագիր, որոնք սահմանում էին հայ-թուրքական սահմանը: Առաջինը 1920 թվականի օգոստոի 10-ի Սեւրի պայմանագիրն է, այնուհետեւ 1920 թ. դեկտեմբերի 3-ի Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, Մոսկվայինը, կնքված 1921 թ. մարտի 16-ին, նրանից բխող Կարսի պայմանագիրը 1921 հոկտեմբերի 13-ին եւ, վերջապես, 1923 թ. հուլիսի 24-ին կնքված Լոզանի պայմանագիրը: Ընդհանրապես միջազգային պայմանագրերը կարող են ստորագրել միայն միջազգային իրավունքի սուբյեկտները, այսինքն լեգիտիմ կառավարությունն իր լիազոր ներկայացուցչի միջոցով: Այդ տեսակետից, իրավական առումով վավեր են միայն Սեւրի եւ Լոզանի պայմանագրերը: Ալեքսանդրոպոլի պայմանագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ քեմալականները դեռեւս Թուրքիայում իշխանության ղեկի մոտ չէին, իսկ Դաշնակցությունն արդեն կորցրել էր իշխանությունը: Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերն ընդհանրապես իրավական ուժ չունեն, քանի որ ստորագրված են քեմալականների կողմից, թեեւ մինչեւ 1923 թ. Թուրքիայի ղեկավարը սուլթանն էր: Ի դեպ, հիշեցնեմ, որ դեռեւս 1920 թվականի մայիսի 11-ին թուրքական ռազմական տրիբունալի կողմից կոչումից զրկված գեներալ Մուստաֆա Քեմալը (ավելի ուշ Աթաթուրք) դատապարտվել էր մահապատժի որպես ռազմական հանցագործ: Դատական որոշումը հաստատվել էր սուլթանի կողմից 1920 թվականի մայիսի 24-ին: Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանին, ապա նա մինչեւ 1924 թվականի փետրվարի 1-ը լեգիտիմ պետություն չի ճանաչվել եւ, բնականաբար, նրա ստորագրությունը միջազգային իրավունքի տեսակետից նույնպես անվավեր է:

Ճիշտ է, Սեւրի պայմանագիրը չի վավերացվել, սակայն այն ուժի մեջ է մնում: Սակայն կարեւորն այն է, որ հայ-թուրքական սահմանը որոշվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի միջնորդական որոշմամբ: Հավանաբար, քչերն են հիշում, որ Հայաստանը Առաջին աշխարհամարտում հաղթանակած երկրներից մեկն էր եւ նրա ստորագրությունը կա Սեւրի պայմանագրի տակ: Արբիտրաժային որոշման խնդրանքով ԱՄՆ-ի նախագահին էին դիմել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան: Ըստ իրավական նորմերի այդ որոշումը բեկման ենթակա չէ եւ չունի սահմանափակում ժամանակի առումով: Վուդրո Վիլսոնն իր որոշումը ստորագրեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 6-ին այն փոխանցվեց հաղթանակած երկրների Փարիզյան կոնֆերանսին, սակայն, ցավոք, դեկտեմբերի 3-ին Հայաստանը գրավել էր 11-րդ Կարմիր բանակը: Այդ կապակցությամբ պետք է նշեմ, որ 1991 թվականին անկախություն հռչակելով, Հայաստանը կրկին դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ: Ըստ արբիտրաժային որոշման Հայաստանին էին անցնում 4 վիլայեթներ` Վանը, Բիթլիսը, Էրզրումն ու Տրաբզոնը: Հայաստանն, այդպիսով, ելք էր ստանում դեպի ծով, ինչն անհրաժեշտ է երկրի նորմալ զարգացման համար: Աշխարհում միայն 33 երկրներ չունեն ելք դեպի ծով` դրանք են Աֆրիկայի կենտրոնական երկրները, մի քանի երկիր Հարավային Ամերիկայում, մի քանիսը Եվրասիայում եւ Հայաստանը:

Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան իրոք բացի Հայաստանի հետ սահմանը:

Չգիտես ինչու բոլորը կարծում են, թե հայ-թուրքական սահմանի բացման հետ ամեն ինչ լավ կլինի: Չի լինի: Բաց սահմանը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արդյունքը պետք է լինի եւ այդ առումով ես համոզված եմ, որ մեր ԱԳՆ-ն ճիշտ ճանապարհով է գնում: Առանց Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության դե-յուրե ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման սահմանը փակ կմնա: Այո, Թուրքիան ասում է, որ ճանաչել է անկախ Հայաստանը 1992 թվականի սկզբին, սակայն այդ ճանաչումը եղել է դե-ֆակտո:

Չի կարելի մոռանալ նաեւ անվտանգության հարցերի մասին: Այն դեպքում, եթե սահմանի մասին հարցը լուծվի արբիտրաժային որոշման համաձայն, Հայաստանը կարող է ՄԱԿ-ի ԱԽ-ում հարց բարձրացնել Հայաստանին սահմանակից Թուրքիայի գավառների ապառազմականացման մասին, ինչը ենթադրում է նաեւ միջազգային դիտորդների ներկայություն, որով կբացառվեն ռազմական գործողությունները Հայաստանի դեմ:

Ոչ պակաս վտանգ է ներկայացնում նաեւ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին, որով Թուրքիան կարող է էշելոններով զենք մատակարարել Հայաստանին: Հայաստանին էլ ինչ-որ մեկը զենքով կապահովի: Իսկ որքան շատ զենք լինի տարածաշրջանում, այնքան ավելի հնարավոր է դառնում պատերազմը: Տարածաշրջանի կայունության մեջ շահագրգռված են բոլորը, Թուրքիայից բացի, որը մինչ այժմ չի կարողանում իր ինքնությունը գտնել եւ սարսափելի վախենում է կորցնել տարածքների մի մասը: Երկրի տարածքային ամբողջականության մասին արհեստականորեն պահպանվող գաղափարը վաղ թե ուշ կհանգեցնի պետության փլուզմանը:

Ի՞նչ եք կարծում, կճանաչի Թուրքիան Հայոց ցեղասպանությունը:

Խնդիրը ոչ թե Ցեղասպանության ճանաչման, այլ Թուրքիայի այսօրվա քաղաքականության մեջ է: Նրանք մեղքի բարդույթ ունեն, ինչպես հայերը` զոհի բարդույթ: Թուրքերը պետք է հասունանան Ցեղասպանությունը ճանաչելու համար եւ դա իրականում ցույց կտա, թե որքանով են նրանք փոխվել: Մենք հարեւաններ ենք եւ դրանից ոչ մի տեղ չես փախչի: Սակայն թուրքերը խլել են հայերից հայրենիքը եւ նույնիսկ թույլ չեն տալիս ուղղակիորեն այցելել այնտեղ: Հայերը պետք է խոսեն ոչ միայն իրենց Ցեղասպանության, այլ բոլոր ցեղասպանությունների մասին եւ պետք է հասկանան, որ դա ոչ թե պատմական հարց է, այլ ներկայի եւ ապագայի: Միջազգային ճնշումը Թուրքիայի վրա այս հարցում գնալով կուժգնանա: Թուրքիան այժմ ընտրության առջեւ է` դառնալ եվրոպական երկիր կամ մնալ նույնը, այսինքն չափազանց վտանգավոր հարեւանների համար: Աթաթուրքի հռչակած ազգայնամոլությունը հենվում է Գլխավոր շտաբի վրա: Մյուս կողմից` իսլամիստները չեն կիսում եվրոպական արժեքները: Ստամբուլից 200 կմ հեռավորության վրա Թուրքիան հիմնականում ապրում է նախանցած դարում, էլ չենք խոսում Հայաստանի հետ սահմանակից վիլայեթների մասին:

Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի դերը տարածաշրջանում:

Հայաստանի ամրապնդումն ու ընդլայնումը բխում է Ռուսաստանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի շահերից: Հայաստանը նաեւ կարող է հսկայական դերակատարություն ունենալ Մերձավոր Արեւելքում: Լինելով քրիստոնյա երկիր, նա, այնուամենայնիվ, լավ է ընկալվում զուտ մահմեդական երկրներում, օրինակ Սաուդյան Արաբիայում: Մենք կարող ենք քաղաքակրթական միջնորդ լինել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---