Լեւոն Մելիք-Շահնազարյան.

Ադրբեջանը գնալով հեռանում է Ռուսաստանից, հաճոյանալով ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում գնալով առավել հաճախակի են դառնում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները «հողերը ետ գրավելու վճռականության» մասին հավանություն են ստանում ԶԼՄ-ների էջերում եւ Բաքվի քաղաքական գործիչների հայտարարություններում, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական մակարդակներով: Ընդ որում ոմանք ավելի հեռուն են գնում, կոչ անելով պատերազմել ոչ միայն Ղարաբաղի, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի դեմ: Ադրբեջանական կողմի հայտարարությունները PanARMENIAN.Net-ին է մեկնաբանում քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի վերջերս արված հայտարարությունն այն մասին, թե «հարկավոր է մի քանի թուրքական դիվիզիա տեղակայել Նախիջեւանում, նշանառության տակ պահելու համար Երեւանն ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները:

Բաքվում որպես երբեմնի «բազե» հայտնի Գուլուզադեն, որին ժամանակին փետրահան արեց եւ նույնիսկ թեթեւակի «տապակեց» Հեյդար Ալիեւը, այսօր էլ ցանկանում է հաճոյանալ Իլհամ Ալիեւին: Սակայն բանը նրա անձնական նկրտումները չեն: Գուլուզադեն «թարմ» գաղափարներ է հնչեցնում միայն այն դեպքում, եթե համոզված է, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի նախագահի սրտով են, այլ նաեւ համապատասխանում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության ոգուն: Իսկ Բաքվի ներկայիս արտաքին քաղաքականության ռազմավարությունը միանշանակորեն միտված է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրմանը եւ Ռուսաստանի հետ դիմակայությանը: Այդ իմաստով Գուլուզադեի հայտարարությունը Ադրբեջանի արտաքին քաղաքական ձգտումների արտացոլումն է, որը միանշանակորեն իր թշնամիների ցանկում տեսնում է ոչ միայն Հայաստանին ու ԼՂՀ-ին, այլ նաեւ Ռուսաստանին եւ Իրանին: Ընդ որում, նշեմ, որ առանց որոեւէ հիմք ունենալու, ուղղակի Ադրբեջանը ցանկանում է անչափ ջանադրաբար հաճոյանալ իր նոր տերերին:

Այնուամենայնիվ, հավանական է արդյո՞ք Նախիջեւանում թուրքական դիվիզիաների հետ կապված սցենարը, որոնք հարվածի տակ կդնեն Երեւանն ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները:

Առաջիկայում, կարծում եմ, ոչ: Քանի որ այդ դեպքում ցանկացած լոկալ հակամարտություն կարող է վերաճել մինչեւ գլոբալ պատերազմի մակարդակի: Ժամանակակից Թուրքիան ռազմական տեսակետից ինքնուրույն չէ եւ կապված է ՆԱՏՕ-ի առջեւ ստանձնած պարտավորություններով: Իր հերթին Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որի անդամ պետությունները կապված են փոխադարձ պարտավորություններով: Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ին հետաքրքիր է ռազմական դիմակայությունը որեւէ մեկի հետ Ադրբեջանի չբավարարված տարածքային նկրտումների պատճառով:

Ադրբեջանն այսօր երազում է ետ շրջել պատմության անիվը, երբ նա որոշեց բոլոր ներքին եւ արտաքին խնդիրները Թուրքիայի հրահանգով եւ օգնությամբ: Այդ երազանքներին արդեն պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան: Պատասխանելով այն հարցին թե ներկայումս ինչ սպառնալիքներ է տեսնում իր համար ՀԱՊԿ-ն` Բորդյուժան հայտարարել է. «Դրանք որոշ այսպես կոչված «սառեցված հակամարտություններ» ռազմական ճանապարհով լուծելու ցանկության մասին տարբեր պետությունների ներկայացուցիչների ռազմատենչ հայտարարություններն են, ռազմական գործունեության մրցավազքը, Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների, զինված ուժերի թվաքանակի ավելացումն է»:

Եվ այնուամենայնիվ, նման բան մեր պատմության մեջ արդեն եղել է: 1918 թվականին թուրքական բանակը Նուրիի գլխավորությամբ ներխուժեց Անդրկովկաս, որի արդյունքում էլ առաջացավ Ադրբեջանական հանրապետությունը: Այն ժամանակ թուրք ասկյարները եւ զորակոչված կովկասցի թաթարները` ապագա ադրբեջանցիները ոչնչացնում էին ոչ միայն հայ գյուղացիներին, այլ նաեւ կովկասյան ռազմաճակատից տուն վերադարձող ռուս զինվորներին: Այն ժամանակ միայն Շամխորում կոտորվեցին շուրջ երեք հազար ռուս զինվորներ: Ռուս զինվորների կոտորած եղավ նաեւ Ղազախում, Գյանջայում, եւ նույնիսկ Բաքվի արվարձաններում` Բալաջարներում, Սուրահանում:..Ուղղակի Ադրբեջանն այն ժամանակ հույսը դրել էր Թուրքիայի եւ Գերմանիայի վրա, իսկ այսօր լիովին ապավինել է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին:

Ստացվում է, որ Գուլուզադեի հայտարարությունը պոպուլիստական դատարկաբանությո՞ւն է:

Ոչ այնքան: Դա քարոզչական սուտ է: Կրկնում եմ, Գուլուզադեն հնչեցնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական ձգտումները: Այսօր այդ հանրապետությունը գնալով ավելի է հեռանում Ռուսաստանից, ի շահ ԱՄՆ-ի: Ահա միայն Բաքվի ռուսալեզու «Զերկալո» թերթի մեկ` շաբաթօրյա համարի վերնագրերը` «Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին եւ Վրաստանին», «Պուտինի սադրանքը տապալվեց», «Առջեւում նոր կայսերական պոռթկում է»..., որոնք կոչված են ցույց տալու Վաշինգտոնին իրենց հավատարմությունը Ռուսաստանից հեռանալու գաղափարին: Ընդ որում Բաքվում չեն սիրում խոսել այն մասին, որ բնակչության ճնշող մեծամասնությունը գոյատեւում եւ ապրում է ադրբեջանցի գաստարբայտերների փոխանցումների հաշվին, որ նրանք ուղարկում են Ադրբեջանում մնացած իրենց հարազատներին: Այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից գլոբալ աշխարհաքաղաքական դուալիզմի յուրօրինակ ընկալումը հանգեցնում է նման կոլիզիայի:
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

---