Վիլսոնի Արբիտրաժային որոշումը կարող է դառնալ Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու եւս մեկ գործիք

Արա Պապյան.

Վիլսոնի Արբիտրաժային որոշումը կարող է դառնալ Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու եւս մեկ գործիք

PanARMENIAN.Net - 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության հետեւանքները մինչ այժմ ուսումնասիրության եւ վեճերի առարկա են Թուրքիայի կողմից, որը կատաղի կերպով ժխտում է իր մեղսակցությունը Ցեղասպանությանը, եւ Ցեղասպանության փաստն ինքնին: Սակայն կան միջազգային իրավական փաստաթղթեր, որոնց համաձայն հենց Թուրքիան է պատասխանատու Սեւրի պայմանագրում արձանագրված ոճրագործության համար, եւ պետք է կատարի նրա դրույթները, անկախ նրանից, որ հրաժարվել է վավերացնել այդ փաստաթուղթը 1921 թվականին: Ցեղասպանության ճանաչման գործընթացի պատմական եւ իրավական ասպեկտների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը:
Վերջերս շատ է խոսվում հայկական հարցը լուծելու համար Վուդրո Վիլսոնի Արբիտրաժային որոշման կիրառման մասին: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետ է դա կապված:

1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց նախկին Օսմանյան կայսրության սահմանների մասին Արբիտրաժային որոշումը, որով էլ ավարտվեց իր իրավունքների համար հայ ժողովրդի մղած պայքարի հերթական փուլը: Թուրքիայի հանդեպ միջազգային իրավական նորմերի ճանաչմանն ուղղված աշխատանքը Հայաստանը պետք է տանի երկու ուղղությամբ: Առաջինը, զարգացնի գիտական գործունեությունը, երկրորդը` որքան հնարավոր է լայնորեն ծանոթացնի հասարակությանը Արբիտրաժային որոշման եւ Սեւրի պայմանագրի տեքստի հետ, ինչը մինչ այժ չի արվել:

Նոյեմբերի սկզբին Տորոնտոյի, Մոնրեալի եւ Քեմբրիջի (Տորոնտո) համալսարաններում դասախոսություններ եղան այդ հարցի շուրջ, որոնց ներկա էին նաեւ ուսանողներ Թուրքիայից: Նրանք պատրաստվել էին նրան, որ հայերը խոսելու են Ցեղասպանության մասին եւ ըստ այդմ էլ նախապատրաստվել եւ երբ լսեցին Սեւրի մասին, ապա տառացիորեն շոկի մեջ էին: Ցեղասպանության մասին թուրքերը դեռ կարող են վիճաբանել մեզ հետ, իսկ Վիլսոնի Արբիտրաժային որոշման մասին` ոչ: Դեկտեմբերին Թեհրանում «Հայ Դատի» նախաձեռնությամբ երկօրյա սեմինար կանցնի Սեւրի պայմանագրի վերաբերյալ:

Որպես ազգ եւ հանրություն, որ արդարություն է պահանջում, մենք հաղթանակի, արդարության եւ իրավունքի հաստատման պահանջ ունենք: Կա մի օր, որ համապատասխանում է այդ պահանջներին: Դա 1920 թվականի նոյեմբերի 22-ն է, երբ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց նախկին Օսմանյան կայսրության, այսինք ժամանակակից թուրքական պետության սահմանների վերաբերյալ որոշումը: Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշատակի օրը պետք է նշել նոյեմբերի 22-ին, այլ ոչ թե ապրիլի 24-ին: Այդ օրը պետք է նշել որպես արդարության վերականգնման օր եւ անվանել Գարեգին Նժդեհի Հայրենատիրություն բառով:

Այսինքն, Դուք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը փոխելու կողմնակի՞ց եք:

Հայերը, նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, միշտ զոհի եւ խնդրողի դերում են հանդես գալիս, իսկ այս դեպքում հանդես կգան որպես պահանջատերներ եւ միջազգային որոշումները հարգելու ջատագովներ, որին վերաբերում է նաեւ Վիլսոնի Արբիտրաժային որոշումը: Այդ գաղափարն այժմ փորձարկման փուլում է: Տեսնենք, թե ինչպես դրան կվերաբերվեն Հայաստանում եւ սփյուռքում: Ճիշտ է, պետք չէ մոռանալ, որ սփյուռքը շատ զգայուն է նման հարցերի դեպքում, քանի որ այն Հայոց ցեղասպանության անմիջական հետեւանքն է:

Հայաստանից բացի էլ ո՞վ է շահագրգռված Արբիտրաժային որոշման կիրառման հարցում:

Դա, առաջին հերթին, Ռուսաստանն է, որը պետք է հասկանա, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումը նախկին Օսմանյան կայսրության սահմանները որոշելու մասին չափազանց կարեւոր է իր համար, քանի որ պատասխանում է ՌԴ անվտանգության պահանջներին ողջ Հարավային Կովկասում: Հենց այժմ եկել է այդ որոշումը կատարելու ժամանակը: Ռուսաստանում երկու խումբ կա` մեկը, ելնելով սեփական շահերից, ցանկանում է մերձենալ Թուրքիայի հետ, մյուսը, ելնելով ՌԴ անվտանգության շահերից, հակաթուրքական է, հատկապես այսօրվա թուրքական ազգայնամոլության լույսի ներքո: Փաստորեն, եթե միջազգային հանրությունը գա այն եզրակացության, որ ժամանակն է ճանաչել Արբիտրաժային որոշումը, ապա այն կբխի եւ ՌԴ-ի, եւ Հայաստանի, եւ նույնիսկ Իրանի շահերից:

Այժմ նկատվում է, որ այդ որոշման հանդեպ ակտիվությունն եւ շահագրգռվածությունն աճում են, քանի որ վաղը այն կարող է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եւս մեկ գործիք դառնալ: Ըստ Սեւրի պայմանագրի, տարածաշրջանում պետք է տեղակայվեն մոնիտորինգի ռազմական խմբեր, որոնք կարող են զրկել Թուրքիային ծանր սպառազինության անարգել աճի հնարավորությունից:

Կարծիք կա, որ անկախ Քրդստանի հռչակումը եւս բխում է Սեւրի պայմանագրի հոդվածներից:

Այո, միակ փաստաթուղթը, որով կարելի է հռչակել անկախ Քրդստան, Սեւրի պայմանագիրն է: Պայմանագրի 62 հոդվածը Հայաստանի հարավային սահմանը որոշում է որպես հյուսիսային Քրդստանի սահման: Քրդստանի հռչակումը ժամանակի եւ սահմանի հարց է: Սակայն այն ազգը, որը ցանկանում է պետություն ստեղծել, պետք է հիմնվի միջազգային պայմանագրերի վրա: Իսկ Քրդստանի մասին կա միայն Սեւրի պայմանագրում: Սկզբունքորեն այդ գործում կարեւորը ձեւավորումն է, ես ուղղակի կկրկնեմ, որ պատմության արդյունքը աշխարհագրությունն է: Այդ առումով ցանկանում եմ հիշեցնել, որ որեւէ միջազգային պայմանագիր ստորագրած պետությունները պարտավոր են այն կատարել: «Դա վերաբերում է Սեւրի պայմանագիրը ստորագրած բոլոր պետություններին: Փաստորեն, այսօրվա խնդիրն է` բացատրել Առաջին աշխարհամարտի հաղթողներին, որ կատարելով պայմանագրերի պահանջները, նրանք դա անում են ոչ թե խղճի համար, այլ ըստ պարտավորության»,-ասել է հայ պատմաբանը` հավելելով, որ Թուրքիան հիանալի գիտի Սեւրի պայմանագրի բոլոր պայմանները, սակայն այդ թեման նրա համար փակ է եւ չափազանց վտանգավոր:
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

---