Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ փոփոխությունների շեմի՞ն է

Ռուբեն Մեհրաբյան.

Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ փոփոխությունների շեմի՞ն է

PanARMENIAN.Net - Ըստ ամենայնի, Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է արմատական փոփոխությունների շեմին: Գլխավոր խաղացողների` ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կտրուկ ակտիվացումը ստիպում է բոլոր երեք երկրներին վերանայել իրենց արտաքին քաղաքականությունն, ընդ որում հավասարապես: Հարցն այն է, թե կկարողանա ԱՄՆ-ն դուրս մղել Ռուսաստանին, որը շուրջ 200 տարի է խաղի իր կանոններն է թելադրում Կովկասում: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Անակնկա՞լ էր արդյոք ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցը Վաշինգտոն թե դրա անհրաժեշտությունը թելադրված էր ամերիկյան դիվանագիտության կտրուկ ակտիվացմամբ:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի անակնկալ այցը Վաշինգտոն, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ զուգահեռ ընթացիկ եւ առաջիկա իրադարձությունների ֆոնի վրա, վկայում է այն մասին, որ ամերիկյան դիվանագիտությունը կտրուկ ակտիվացման գնաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այն, որ Թուրքիան համաձայնվեց, որ Ղարաբաղի հարցն ԱՄՆ-ի պնդմամբ չընդգրկվի հարաբերությունների կարգավորման շուրջ հայ-թուրքական բանակցությունների օրակարգում, շատ ծանր տրվեց: Եվ այժմ դա հատուցվում է միջնորդական գործունեության ակտիվացմամբ Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում: Այսինքն մենք տեսնում ենք, որ թեեւ ձեւականորեն, արտաքնապես երկու գործընթացներն առանձնացված են, սակայն, ըստ էության, դրանք սերտորեն կապակցված են, որքան էլ հակառակը պնդեն Երեւանում: ԱՄՆ-ի համար ընդհանուր առմամբ միեւնույն է, թե հարավկովկասյան որ երկրի օգտին կլուծվի այս կամ այն հարցը: Բարաք Օբամայի կառավարման մեկնարկին ամերիկյան դիվանագիտության հիմնական խնդիրներից մեկը «շքամուտքից» տարածաշրջան մտնելն է եւ նրա հուսալի «անցանելիությունը», ցանկալի է մեկ փաթեթրում, ապահովելն է: Որովհետեւ առանց դրա անհնար կլինի ապահովել երաշխավորված ուղին դեպի Կենտրոնական Ասիա եւ տարանցումը Աֆղանստանի տարածքով` քիչ թե շատ անկախ Կրեմլի քմահաճույքներից: Իսկ դրա համար հարկավոր է ճանապարհը մաքրել քարերից` փակ հայ-թուրքական սահմանից եւ սառեցված ղարաբաղյան հակամարտությունից, որոնք, ինչպես արդեն ասացինք, փոխկապակցված են:

Հարավային Կովկասի տարածաշրջանը, չնայած նրա ռազմավարական կարեւորությանը, վերջերս դուրս է մնացել համաշխարհային աշխարհաքաղաքականությունից: Ո՞վ կարող է օգնել տարածաշրջանին դուրս գալ մեկուսացումից:

Մենք տարածաշրջանի ամբողջականության ձեւավորմանն ուղղված ակտիվ գործողությունների ականատեսն ենք մի տարածաշրջանում, որը դեռեւս քաղաքականապես գոյություն չունի, բզկտված է վաղեմի հակամարտություններով, վիրավորանքներով, վախերով, անազտությամբ, մասնատված է ու մեկուսացած: Այստեղ ի դեպ կա նաեւ «Արեւելյան գործընկերության» լեհ-շվեդական նախաձեռնությունը, որի իրական հաջողությունը պայմանավորված է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման տեսանելի հեռանկարով, ղարաբաղյան հակամարտության, գոնե միջանկյալ լուծմամբ: Ես կարծում եմ, որ գործընթացները շատ հեռուն են գնացել, անցնելով անդառնալիության սահմանը:

Իսկ ի՞նչ է այս դեպքում անում Ռուսաստանը` երկրորդ կարեւոր ուժը տարածաշրջանում:

Ռուսաստանի դերը տարածաշրջանում շարունակում է կարեւորվել, այս երկիրը կապված է Կովկասի հետ երկդարյա համատեղ կյանքով: Սակայն նա եւս կարող է շատ փոփոխական լինել, նա «կարողանում» է շատ արագ հեռանալ, ինչը 20-րդ դարում արդեն 2 անգամ տեղի է ունեցել հայտնի ներքին պատճառներից ելնելով: Այս փուլում գտնվելով համաշխարհային ճգնաժամի ճնշման տակ, ճգնաժամի երկրորդ ալիքին սպասելով, հսկայական գումարներ վճարելով կորպորտաիվ պարտքերի դիմաց եւ այլ գործոնների պատճառով, որոնց ազդեցության տակ Պուտինի «իշխանության ուղղահայացը» փլուզվում է եւ փոխում իր կազմը, Ռուսաստանը գտնվում է արտաքին աշխարհի հետ հարաբերություններում նոր կուրսի որոնումների մեջ: Նոր ղեկավարությունը, կարծում եմ, հասկանում է նախկին կուրսի անհեռանկարությունն ու վտանգավոր բնույթը: Իսկ տարածաշրջանում Կրեմլի խնդիրներն առնչվում են հիմնականում բարոյականությանը, հեղինակությանը եւ այլն: Սա միանգամայն լուծելի խնդիր է «վերաբեռնավորման», կայունացման վարկերի տրամադրման, ԱՀԿ-ին անդամակցության եւ այլ առավելությունների շրջանակներում, որոնց կարիքը փլուզվող ռուսական տնտեսությունը կզգա արդեն որոշ ժամանակ անց ըստ նույն ռուս տնտեսագետների գնահատականների:

Իսկ ո՞րն է Հայաստանի դերն իրադարձությունների այս շրջապտույտում:

Ցավոք, Հայաստանն այս շրջապտույտում հայտնվեց ամենաանհաջող ժամանակ` ներքաղաքական իրավիճակի ու քաղաքական վերնախավի որակի տեսակետից: Վտանգավոր է, որ ոչ միայն օբյեկտիվ, այլ շատ անգամ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանն ամենաթույլ օղակն է տարածաշրջանում, որը լայնամասշտաբ այս փոփոխություններում, երբեմն, կորցնում է իր սուբյեկտությունը կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացում: Իշխանության լեգիտիմության եւ իշխանության հանդեպ վստահության անընդունելի մեծ պակասը անխուսափելիորեն նվազեցնում է մեր դիվանագիտության մանեւրի հնարավորությունը տարածության եւ ժամանակի առումով: Մեր տարածաշրջանում ամերիկայն վարչակազմի գործողությունների ոչ թե բնույթը, այլ քայլերի տրամաբանությունն ու ալգոռիթմն աղերսվում են 90-ականների իրադարձությունների հետ Բալկաններում: Այնպես որ հաշվի առնելով այս ամենը, միանգամայն հավանական է, որ մենք տոնական շքերթով ընթանում ենք դեպի կովկասյան Դեյթոն: Իսկ թե ով կստանձնի կովկասյան Սերբիայի դերը, բոլորովին էլ ավելորդ հարց չէ, հատկապես Ղարաբաղի ու Հայաստանի համար:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---