Կանխատեսելը, թե կմասնակցի արդյոք Դ. Մեդվեդևը Ռուսաստանի նախագահական ընտրություններին, անշնորհակալ գործ է

Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան..

Կանխատեսելը, թե կմասնակցի արդյոք Դ. Մեդվեդևը Ռուսաստանի նախագահական ընտրություններին, անշնորհակալ գործ է

PanARMENIAN.Net - Վերջին օրերի համաշխարհային քաղաքականության ամենանշանակալի իրադարձություններից է դարձել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է հարցերի ամենալայն շրջանակի: PanARMENIANNet-ը հարցում է կատարել հայ քաղաքական գործիչների շարքում նրանց կարծիքը ՌԴ նախագահի մամլո ասուլիսի մասին իմանալու համար: Այդ մասին իրենց կարծիքներով PanARMENIAN.Net-ի հետ կիսվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:
Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջերս կայացած մամլո ասուլիսի վերաբերյալ: Ինչպիսի՞ կարևոր պահեր եք դուք դրա մեջ նկատել:
Ա. Սաֆարյան. Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ տպավորված եմ այդ մամլո ասուլիսով: Ինձ համար մամլո ասուլիսի գլխավոր միտքն այն է, որ Ռուսաստանը հետևողականորեն ընթանում է մի քանի տարի առաջ հայտարարված արդիականացման ուղիով: Դա նշանակում է, որ երկրի նախագահի և ղեկավարության խնդիրն է վերածել Ռուսաստանը ժամանակակից, հզոր, կայուն տերության՝ կայուն և զարգացող տնտեսությամբ և բնակչության բարեկեցությամբ: Գլխավորը, ինչի մասին խոսել է նախագահը, նոր որակական թռիչքի անհրաժեշտությունն է այդ ուղու վրա, որը կապահովի այդ խնդիրների հետևողական լուծում առաջիկա տարիներին: Ինչպես հայտարարել է նախագահը, դրա համար անհրաժեշտ է շատ և համառորեն աշխատել: Նախագահի կողմից հայտարարված արդիականացման քաղաքականության հաջողությունից է կախված Ռուսաստանի միջազգային ազդեցությունը և նշանակությունը:
Հ. Բաբուխանյան. Բնական է, որ հայկական քաղաքական օղակների համար մեծ է հետաքրքրությունը ՌԴ նախագահի մամլո ասուլիսի նկատմամբ: Պետք է նշել մամլո ասուլիսի հարցերի բազմազանությունը՝ սկսած կայանատեղերից և ներքաղաքական իրավիճակից մինչև տեխզննում և արտաքին քաղաքականություն: Բնականաբար մեզ՝ հայ քաղաքական գործիչներիս համար հետաքրքիր են ռուսական քաղաքականության արտաքին քաղաքական վեկտորները, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների թեման, և այս առումով քննարկվել են ահաբեկչության, թմրավաճառքի ոլորտները: Նշվել է նաև թեմա, որտեղ առկա են որոշակի հակասություններ՝ հակահրթիռային պաշտպանությունը: Հայտարարվել է, որ ձեռնարկվելու են պատասխան միջոցներ, եթե չլինի հստակ բնորոշում, թե ում դեմ է ուղղված այդ համակարգը, ընդհուպ մինչև սառը պատերազմին վերադառնալու քայլ, եթե ՆԱՏՕ-ն փորձի փորձի խախտել Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը: Մեզ համար շատ կարևոր է Սիրիայի դիրքորոշումը, քանի որ Սիրիան մեր քաղաքական գործընկերն է, այնտեղ բնակվում են շատ հայեր: Եվ այն, որ Ռուսաստանը չի աջակցելու Սիրիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի գործողություններին ինչպես Լիբիայի պարագայում, շատ կարևոր է մեզ համար: Բավական կոշտ հանդիմանություններ են հնչել որոշ պետությունների հասցեին, որոնք հօգուտ իրենց շահերի այլ մեկնաբանություն են տվել Լիբիայի հեղափոխությանը: Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ դրանից ՄԱԿ-ը կորցնում է իր կշիռը, որը կարող է հանգեցնել վատագույն հետևանքների՝ համաշխարհային հավասարակշռության խախտման, որը ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ահա դրանք են եղել այն հիմնական հարցերը, որոնք մեզ համար շատ կարևոր են եղել, այդ թվում նաև դիրքորոշումը ռուս-չինական հարաբերությունների վերաբերյալ;

Նախագահ Մեդվեդևն իր մամլո ասուլիսի ժամանակ շատ է խոսել Ռուսաստանում բարեփոխումների անհրաժեշտության, արդիականացման քաղաքականության մասին: Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի Հայաստանը, որի իշխանությունները նույնպես հայտարարում են բարեփոխումների անհրաժեշտության մասին:
Ա. Սաֆարյան. Մամլո ասուլիսում շատ է խոսվել նորարարությունների մասին, այդ ուղղությամբ աշխատանքի մասին: Պետք է նշել, որ վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցությունն այդ ոլորտում նույնպես զգալի քայլեր է կատարել և, ինչպես հիմա հասկանում եմ, դա կարևոր ճյուղ է ավելի լուրջ երկկողմանի համագործակցության մեջ: Ես նկատի ունեմ Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության նախագծերը, Ռուսաստանի հետ համատեղ սինխոֆազատրոնի ստեղծումը, հեռահաղորդակցական ցանցերի զարգացումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում արտադրությունը: Դրանք կարևոր ուղղություններ են և ունեն զարգացման մեծ պոտենցիալ: Պետք է նաև նշել Ռոսհամագործակցությունը, որը ապահովում է կապը և աջակցում այդ համագործակցության զարգացմանը: Համագործակցության նման մեխանիզմները պետք է մի քանիսը լինեն, և ոչ միայն Մոսկվայի հետ, այլ նաև ՌԴ այլ արտադրական կենտրոների:
Հ. Բաբուխանյան. Իհարկե, դա անհրաժեշտ է , որովհետև տնտեսական բարեփոխումները, անշուշտ, պետք են, բայց այդ առումով պետք է նշել շատ հետաքրքիր դիրքորոշում, որը բերվել է Ուկրաինայի օրինակով: Խոսելով Ուկրաինայի եվրոպական ուղղվածության մասին՝ նախագահ Մեդվեդևը հստակ ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ դա, առաջին հերթին, ԱՊՀ տարածքում միասնական տնտեսական տարածության ընդլայնումն է և Մաքսային միության ստեղծումը: Ռուսաստանի նախագահը բավական ոչ երկիմաստ կարծիք է հայտնել, որ երկու աթոռի վրա նստելը, այսինքն միաժամանակ ԵՄ ձգտելը և միասնական տնտեսական տարածության գաղափարը պաշտպանելն անհնար է, պետք է ընտրել կամ եվրոպական վեկտորը կամ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները: Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը վերաբերվում է ոչ միայն Ուկրաինային, այլ նաև ԱՊՀ այլ երկրներին: Այդ առումով ՌԴ նախագահի կողմից արտահայտված միտքը շատ կարևոր է Հայաստանի համար, և պետք է ինչ-որ կերպ կենտրոնանալ ինտեգրացիոն գործընթացների վրա: Ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ, որպես անվտանգության ընդհանուր տարածության գաղափարի նախաձեռնողներից մեկը, պետք է ձգտի նաև ինտեգրվել տնտեսական առումով և փորձի ինտեգրվել Միասնական տնտեսական տարածություն և Մաքսային միություն, չնայած նրան, որ Ադրբեջանը և Վրաստանը փորձում են Հայաստանին մեկուսացնել Ռուսաստանից՝ իրագործելով շրջափակման քաղաքականություն մեր երկրների նկատմամբ:

Մամլո ասուլիսի ժամանակ Դմիտրի Մեդվեդևն այդպես էլ հստակ պատասխան չի տվել Ռուսաստանի գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջդրելու մասին հարցին: Ձեր կարծիքով, Դ. Մեդվեդևն առաջադրելո՞ւ է արդյոք իր թեկնածությունը երկրորդ անգամ:
Ա. Սաֆարյան. Հասկանալի է, որ Հայաստանն ակնդետ հետևում է Ռուսաստանում ծավալվող իրադարձություններին հենց այս հարցում: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մեր մտերիմ ռազմաքաղաքական դաշնակիցը ՀԱՊԿ շրջանակներում: Մեզ համար կարևոր է, որպեսզի Ռուսաստանը լինի ուժեղ, բարգավաճող, ողջ աշխարհում ազդեցիկ տերություն և միշտ լինի Հայաստանի կողքին: Ես հիմա չեմ մեկնաբանի այդ հարցը, քանի որ կարծում եմ, որ դա ռուս հասարակության և ռուս քաղաքական վերնախավի որոշումն է: Ցանկանում եմ միայն հուսալ, որ ցանկացած քաղաքական զարգացումների դեպքում մեր երկրները սերտորեն համագործակցելու են և միշտ իրար կողք են կանգնելու:
Հ. Բաբուխանյան. Իմ կարծիքով, նախագահ Մեդվեդևը բավական հստակ պատասխանել է այդ հարցին այն առումով, որ ոչ բոլոր քաղաքական գործընթացները պետք է մանրամասն նկարագրվեն, որովհետև դեռ ժամանակ կա նման հայտարարություն կատարելու համար: Բայց այդ ժամանակը, ինչպես հասկացնել է տվել նախագահը, արդեն մոտենում է ավարտին, և շուտով մենք կիմանանք նախագահի դիրքորոշման մասին գալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Ես կարծում եմ, որ այս դեպքում կախատեսումներ անելն անշնորհակալ գործ է, ուստի մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը: Ես չեմ կարծում, և այդ մասին ասել է Դ. Մեդվեդևը, որ ինչ-որ ռազմավարական նպատակներ կարող են փոխվել: Ռուսաստանի ռազմավարությունը չի փոխվի: Կարող են լինել ինչ-որ տակտիկական տարաձայնություններ, բայց ինչպես ասել է ՌԴ նախագահը, դա միայն մարտավարություն է, իսկ ռազմավարությունը մնում է նույնը՝ միասնական տնտեսական տարածության ամրապնդում, աշխարհում Ռուսաստանի և ԱՊՀ երկրների դիրքերի վերականգնում, Չինաստանի հետ հարաբերությունների զարգացում, հավասար հարաբերություններ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

---