Կառավարության պատասխանը քառյակի 12 կետին. «Նաիրիտը», Որոտանի ՀԷԿ-ն ու կարմիր գծերը

Կառավարության պատասխանը քառյակի 12 կետին. «Նաիրիտը», Որոտանի ՀԷԿ-ն ու կարմիր գծերը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը պատասխանել է ԱԺ ոչ իշխանական քառյակի 12 կետին: Դարնում նշվում է, որ հարցերի մի մասը գործադիրն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել հունիսին, մյուս մասն էլ վերցված է կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջին ժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ.

«Վերոնշյալ հայտարարության մնացած դրութներն էլ կամ առաջարկում են պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ բազմիցս քննարկվել են և հակասում են միջազգային իրավական ստանդարտներին, կամ դուրս են գործող սահմանադրական շրջանակներից, և այլն»,- ասվում է պատասխան տեքստում:

Այնուհետև Կառավարությունն իր պատասխանում կետ առ կետ անդրադարձել է պահանջներին: Եվ այսպես`

Հանել պարտադիր կուտակային բաղադրիչը, պահումները վերադարձնել ժողովրդին

Կառավարության պատասխանում նշվում է, որ հունիսի 21-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ: Դրա հետ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է ԱԺ կողմից և ամբողջովին համապատասխանում է Սահմանադրական դատարանի որոշմանը: Ինչ վերաբերում է առաջարկի` կենսաթոշակային կուտակային բաղադրիչը միայն կամավոր սկզբունքով և հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ սահմանելուն, ապա կառավարությունից հայտնում են, որ խնդիրը բազմիցս քննարկվել է թե կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթի մշակման փուլում, թե դրանից հետո. այդկերպ կենսաթոշակային խնդիրը կմնա չլուծված՝ միաժամանակ էապես ավելացնելով բեռը պետական բյուջեի վրա:

Տեսանկարահանող սարքերն ու «կարմիր գծերի» համակարգի վերանայում

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ-ն ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-78-Ն ՀՀ օրենքը, ինչն էլ բավարար չափով կարգավորել է խնդրո առարկան:

Իսկ 2013 թվականի հոկտեմբերից տեսանկարահանող սարքերի համակարգի սպասարկումն իրականացնող կազմակերպության և պետբյուջեի մուտքերի տոկոսային հարաբերակցությունը 70/30֊ի փոխարեն սահմանվել է 50/50, հիմա էլ քննարկվում է հարաբերակցությունը տրամաբանության շրջանակներում կրկին փոփոխելու հարցը: Ինչ վերաբերում է տուգանքների չափերին, ապա ՃՈ-ն ներկայումս կիրառվող տուգանքների 70%-ի չափը՝ ըստ իրավախախտումների տեսակների պակաս է նվազագույն աշխատավարձի 10%-ից կամ գրեթե հավասար դրան (3000-5000 դրամ):

Ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալների կրկնապատկում

Այս դրույթը, պատասխանի համաձայն, ևս վերցված է կառավարության ծրագրից: Նշվում է, որ կառավարության ծրագրի համաձայն՝ ՀՀ ԱԺ ուղարկված 2015-ի պետբյուջեի նախագծով նախատեսված է վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալների շեշտակի մեծացում՝ 2014 թվականի 872 մլն 480 հազար դրամից բյուջեի նախագծով նախատեսված 1 մլրդ 163 մլն 14 հազար դրամ:

Նմանապես, կառավարության ծրագրի «Ջրամատակարարումը» վերնագրի ներքո ՀՀ կառավարությունը նախատեսում է. «ոռոգման ոլորտում կառուցվածքային բարեփոխումների իրականացում, մասնակցային կառավարման ամրապնդում, ջրօգտագործողների հետ առավելագույնս թափանցիկ և նոր որակի հարաբերությունների ներդրում»:

Գյուղատնտեսությանը տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի

Կառավարության պատասխանում նշվում է, որ նման քաղաքականության իրականացումը ենթադրում է միաժամանակյա էական ծախսեր, քանի որ բանկերի, որպես ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ վարկերի վերաձևակերպումների իրավական պարտադրանքի նորմեր հնարավոր չէ կիրառել, իսկ վերը նշված ծավալներով արտարժութային վարկերի գնման և դրանք դրամով փոխարինման միջոցներ բյուջում առկա չեն: Առանց հարկերի բարձրացման նման քաղաքականություն իրականացնելու դեպքում կարիք կլինի այլ սոցիալական ծախսերում էական վերաբաշխումներ կատարելու:

Մասնավորպես, արտարժույթային վարկերը դրամայինի փոխակերպելու նպատակով անհրաժեշտ է առնվազն 82 մլրդ դրամ (91 մլրդ դրամ վարկային կազմակերպությունների գյուղվարկերը ներառյալ), և հետագայում յուրաքանչյուր տարում մոտ 10-15 մլրդ դրամ (տարեկան աճի չափով):

Հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի կուտակված պարտքը

Կառավարությունից հայտնում են, որ «Նաիրիտ»-ի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են: Սեպտեմբերի 19-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել գործարանի խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, խմբակցությունների անդամներ, գիտնականներ, գործարանի ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ լրատվամիջոցներ: Նախարարության նախաձեռնած այդ բազմակողմանի հանդիպման հիմնական նպատակն էր ընտրել ճիշտ ուղիներ իրավիճակի բարելավման և ընկերության վերագործարկման համար, ինչպես նաև, համատեղ քննարկել «Նաիրիտի» շուրջ ծագած խնդիրները, դրանց լուծման եղանակներն ու հետագա անելիքները:

«Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքը՝ առանց ԱԺ հավանության

«Որոտան» ՀԷԿ–ի ամերիկյան կողմին արդեն իսկ 2014-ի ապրիլին փոխանցված գույքային իրավունքները դուրս են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով սահմանված մասնավորեցման օբյեկտների ցանկից, հետևրաբար դրանք ԱԺ բերելու իրավական հիմքերը բացակայում են:

Տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը

Կառավարությունը երբևէ կողմ չի եղել որևէ հանրային ծառայության գների անհիմն բարձրացումներին, սակայն ՏԻ մարմինների լիազորությունների շրջանակում է: Կառավարությունն առաջարկում է հարցը քննարկել համապատասխան ավագանիներում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջոցով:

«Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ կատարել, որոնցով կսահմանվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ

Կառավարությունն ընդդիմությանն առաջարկում է ակտիվորեն մասնակցել սահմանադրական փոփոխությունների կոնցեպտուալ քննարկումներին և հարցը քննարկել համալիր, ոչ թե ընդհանուր սահմանադրական համատեքստից դուրս:

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալները հրապարակել ընտրատեղամասերում

Հարցը հակասում է ԵԽ, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին: Ներկայացված առաջարկությունը խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը, քանի որ ընտրություններին մասնակցությունը իրենում ևս պարունակում է գաղտնիության հատկանիշներ: Հանրային վերահսկողության առումով ՀՀ ընտրական օրենսգիրքը բազմաթիվ իրավան հնարավորություններ ունի, որոնք լիարժեք հնարավորություն են ընձեռում ընտրական գործընթացի մասնակիցներին իրականացնելու հանրային վերահսկողություն:

Համապատասխան իրավական դիրքորոշումներն անրագրված են ՀՀ սահմանադրական դատարանի 2012-ի մայիսի 5-ի ՍԴՈ-1027 որոշմամբ:

Ընդդիմությանը օժտելով վերահսկողական գործառույթներով

Վերահսկողական գործառույթները ևս իշխանության մաս են, և դրանց միանշանակ փոխանցումն ընդդիմությանը նշանակում է, որ վերջինս կոալիցիայի մեջ է քաղաքական մեծամասնության հետ: Կառավարությունն առաջարկում է հարցը քննարկել սահմանադրական բարեփոխումների շրջանակում, որի հայեցակարգում անդրադարձ է կատարվում նաև ըննդիմության ինստիտուցիոնալ դերի բարձրացմանը:

Չստորագրել համաձայնագիր, որով կփոխվեն Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը

Գործադիրն ընդդիմությանն առաջարկում է նման համաձայնագրերի ստորագրության հնարավորության գաղափարն անգամ այլևս անտեղի չշրջանառել:

Էլէներգիայի խնդիրներ

Ընդդիմությունը պահանջում է իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական ու ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին: Ինչպես նաև նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ: Մինչև այդ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

ՀՀ էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման, այդ թվում` հուսալիության և անվտանգության բարձրացման վերաբերյալ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ մի քանի ամիս է, ինչ ձեռնամուխ է եղել լայնածավալ ուսումնասիրությունների, որոնց հիման վրա ներկայումս մշակում է համալիր ռազմավարություն, որ հանրությանը կներկայացնի դեկտեմբերին: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բացառմանը, ապա դրան կառավարության կողմից միջամտելը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---