22  11.12.14 - Թուրք լրագրող, գրող Հասան Ջեմալի «1915. Հայող ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը

Ցեղասպան Ջեմալի թոռը Երևանում փորձում էր արդարացնել պապին. Ապարդյուն էր

Ցեղասպան Ջեմալի թոռը Երևանում փորձում էր արդարացնել պապին. Ապարդյուն էր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Երանում կայացավ հանդիպում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ, որի ընթացքում թուրք գրողը ներկայացրեց Հայոց ցեղասպանության մասին իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը:

Լրագրող, գրող, հրապարակախոս, տասներկու գրքի հեղինակ Հասան Ջեմալ թուրքը նախ ընդգծեց, որ իրեն Հայաստան է բերել իր սիրելի Հրանտ Դինքի ցավը և նրա ցավերը, որոնցից գլխավորը Ցեղասպանության ցավն է: Նա ամեն կերպ ջանում էր ցույց տալ, թե ինքն ուրիշ թուրք է, որն ընդունում է Ցեղասպանությունը, կիսում է մեր ցավը: Ու, անկեղծ լինելու համար ասեմ, որ նրա ոտքերի անհանգիստ շարժումներն ու կախ հայացքն ինչ-որ պահ մտածել տվեցին, թե մարդն իրոք հասկանում է, իրոք ուսումնասիրել է ու ընդունում է, որ թուրքերը սպանել են հայերին, հայրենազրկել ու տիրացել ունեցվածքին: Մի խոսքով…

Բայց ստի ոտքը կարճ է. ընդամենը մի քանի րոպե անց նա սկսեց խոսել ընդհանուր ցավից` փորձելով մեկ հարթության վրա դնել հայրենազրկված ու սպանված միլիոնավոր հայերին ու Լոս Անջելեսում սպանված իր 1 դիվանագետ ընկերոջը (նկատի ունի Լոս Անջելեսում հայ ծերունու կողմից Թուրքիայի հյուպատոս Բահադըր Դեմիրի սպանությունը 1973-ին): Ասեմ ավելին` նա համարձակվեց ԱՍԱԼԱ-ի մարտիկներին ահաբեկիչներ անվանել, իսկ «Նեմեսիս» օպերացիայի մասնակիցներին` ավազակախումբ, անգամ պարծեցավ, թե չի խորշել նրանցից մեկի թոռան ձեռքը սեղմել…

Երեկվանից թերթում եմ նրա գիրքը, ու թեև ամբողջությամբ դեռ չեմ հասցրել ընթերցել (խոստանում եմ` եթե կարդալուց հետո մտափոխվեմ, նորից կգրեմ ու հեղինակից ներողություն կխնդրեմ), տպավորությունն այնպսիսին է, որ նա ոչ թե փորձում է ներողություն խնդրել իր ու արնախում պապի անունից, այլ արդարացնել նրան ու իր ցեղասպան ազգին: Հասան Ջեմալը մեջբերում է իր պապի խոսքերը. «Մոսկովը հային լարեց թուրքի դեմ: Թուրքն էլ հակվեց այն մտքին, թե որպեսզի ինքը ապրի, չմեռնի, պետք է հային սպանի», հետո էլ նկարագրում է իր պապի «ապրումները», երբ խեղճ արնախումն իմացել է, թե ինչպես են վարվում հայերի հետ, քանի դեռ ինքը Սիրիայում է: Ասում է՝ իբրև Ջեմալի սիրտը շատ է ցավել հայերի համար, ավելին` ամեն կերպ օգնել է տեղահանվածներին, սատարել նրանց և օթևան տվել: Ասեմ ավելին, մարդասպան Ջեմալի թոռը պնդում է, թե իբրև Ցեղասպանությունից հետո իր պապը նույն աղքատն է մնացել ու մի գրոշ անգամ չի ունեցել:

Մարդ չգիտի` լա, թե խնդա…

Հիմա հարց` Հասան Ջեմալ, եկել ես Երևան ընդհանուր ցավի՞ց խոսելու: Ի՞նչ ընդհանուր ցավ: Ո՞րն է քո ցավը: Հայերը սպանել են պապիդ ու մի ընկերոջդ:

Թուրքերը սպանել են մորս ու հորս պապերի ընտանիքի անդամներին, նրանց ընկերներին, երեխաներին: Թուրքերը հայրենազրկել են մորս ու հորս պապերին: Դու քո ընտանիքի ցավն ես պատմում, իսկ ես ո՞ւմ պատմեմ, իմ պապական տունն ումի՞ց պահանջեմ, եթե ոչ քեզնից:

Եթե դու հասկանայիր հայերի ցավը, եթե հասկանայիր` ինչ է նշանակում մասսայական բնաջնջում ու հայրենազրկում, եթե հասկանայիր այն ցավը, որ կա «էրթանք էրգիր» բառերի մեջ, դու երբեք ընդհանուր ցավից չէիր խոսի ու քո ցեղասպան պապին չէիր արդարացնի:

1 ժամ շարունակ խոսելով` Հասան Ջեմալը չտվեց Ցեղասպանության իրավական գնահատականը, բացի անցյալը մոռանալուց ու ներելուց ուրիշ ոչ մի բանի մասին չխոսեց: Չխոսեց ոչ նյութական, ոչ հողային և ոչ էլ բարոյական փոխհատուցման մասին: Նա, ըստ երևույթին, պարզապես շարունակեց ընդհանուր ցավի մասին Էրդողանի հանրահայտ «ցավակցական» ճառը, որին բոլորս մեր գնահատականը վաղուց ենք տվել` ընդհանուր ցավ չկա, որ մենք էլ կիսենք:

Հասան Ջեմալն ասում է` հայերը պայքարում են, որ ապացուցեն, թե Թուրքիայում իրենց սպանել են: Ո´չ: Հայերը պայքարում են, որ վերադարձնեն այն, ինչն իրենցն է` երկիրը, հողը, հայրենիքը, մշակույթը, պատմությունը:

Թուրքերը վախով են սպասում Ցեղասպանության 100-ամյակին, բայց վստահ եմ` նաև թաքուն հույսեր են փայփայում, թե այն վերջ կդնի հայերի պահանջատիրությանն ու Հայոց հարցին: Ավաղ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, որովհետև Ցեղասպանությունից 100 տարի անց հայն առավել ուժեղ ու համախմբված է, քան երբևէ: Մեզ համախմբում է արդարության ու վրեժի ծարավը, ճիշտ նույն շարժից ուժը, որ առաջնորդում էր ձեր բնորոշմամբ «ավազակախումբ» «Նեմեսիս» օպերացիայի հերոսներին: Ու ԱՍԱԼԱ-ի մարտիկներին:

«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ գործակցած հայ դավաճաններին: Նեմեսիս կամ Նեմեզիս (հուն. Νέμεσις) այն կոչվել է հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով: Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը, որոնք, ի դեպ, արդեն իսկ դատարանի որոշմամաբ մահվան էին դատապարտված:

Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել է 41 գլխավոր հանցագործը: «Նեմեսիս» գործողության շրջանակում 1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---