Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ. Մինսկը պատրաստ է կատարել ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունները

Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ. Մինսկը պատրաստ է կատարել ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունները

PanARMENIAN.Net - Որպես ՀԱՊԿ անդամ երկիր Բելառուսը յուրաքանչյուր պահ պատրաստ է կատարել իր վրա վերցրած պարտավորությունները: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Օլեգ Բելակոնևը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ են մտածում բելառուսական գլխավոր շտաբում Հայաստանի սահմաններին չդադարող լարվածության և դրան ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայության մասին:

Միաժամանակ, գեներալ-մայորն ընդգծել է. «Բելառուսը չեզոք երկիր է, խաղաղասեր պետություն է, ունենք խաղաղասեր, պաշտպանական դոկտրինա, որևէ երկրից տարածքային պահանջ չունենք, նման հակամարտությունների կողմնակից չենք: Շատ ենք ցանկանում, որ [հայ-ադրբեջանական հակամարտությունը] հնարավորինս շուտ ավարտվի», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրավերով Բելակոնևը հոկտեմբերի 1-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Բելառուս բարձրաստիճան զինվորականին ընդունել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է գործակցությունը մարտական պատրաստության, հետախուզության բնագավառներում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս և մի շարք այլ ոլորտներում կոնկրետ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Հոկտեմբերի 2-ին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին մտահոգություն հայտնեց նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Իհարկե, մենք շատ մտահոգված ենք: Ինչպես դեսպան Ուորլիքն ասաց՝ մենք Նյու Յորքում և Վաշինգտոնում հանդիպումներ կազմակերպեցինք՝ թուլացնելու լարվածությունը, կանգնեցնելու բռնությունները, որոնք ոչ մի դեպքում չեն կարող բերել կարգավորման և տևական խաղաղության», - ասել է նա:

Սեպտեմբերի 30-ին ՀԱՊԿ-ի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունների բացման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը լրագրողներին ասել է, որ Հայաստանի Զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին։

Նա նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում այդ խնդիրը:

Նույն օրը Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը՝ անդրադառնալով հարցին, թե մտահոգիչ չէ, որ ՀԱՊԿ-ն սահմանային լարվածության վերաբերյալ չի արձագանքում նկատել է, որ «լուրջ արձագանքը» ցանկալի է:

«Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է», - ասել է նա:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:Հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (28 արկ) և 82 (31 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (20 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (56 արկ), 82 (11 արկ) և 120 (7 արկ) մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 (3 արկ), ՍՊԳ-9 (3 արկ) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (6 արկ):

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---