Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի կդրվի. ԱԺ-ն կողմ քվեարկեց

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի կդրվի. ԱԺ-ն կողմ քվեարկեց

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ԱԺ հերթական քառօրյայի նիստում քվեարկության է դրվել սահմանադրական բարեփոխումների նախագծի փոփոխված տարբերակը հանրաքվեին դնելու համաձայնություն տալու մասին օրենքի նախագիծը:

Այն ընդունվեց 104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով: Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո ԱԺ–ում աղմուկ է սկսվել:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

Ավելի ուշ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ խորհրդարանի նախագահը 7 օրվա ընթացքում ՀՀ նախագահին կուղարկի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, և երկրի ղեկավարը կնշանակի հանրաքվեի օրը, գրում է Panorama.am-ը:

«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, խորհրդարանի նախագահը մինչև 7 օրվա ընթացքում Ազգային ժողովի հավանությանն արժանացած Նախագիծը կուղարկի ՀՀ նախագահին, ով էլ Հանրաքվեի մասին օրենքով և Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կնշանակի հանրաքվեի օրը: Դրանից հետո մենք կպատրաստվենք քարոզարշավին»,- հավելել է Սահակյանը:

Նախագծին կողմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Կողմ է քվեարկել նաև Ալեքսանդր Արզումանյանը:

Ինչ վերաբերում է 3 ձեռնպահ ձայներին, ապա դրանք եղել են ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանինը, Լևոն Դոխոլյանինը և Մհեր Շահգելդյանինը:

Քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությունների նախագծին:

«Օրինաց երկիր խմբակցության կողմից մանրամասն քննարկվեց նախագիծը: Մենք ներկայացրինք մի շարք սկզբունքային առաջարկներ, որոնց մի մասը ընդունվեցին: Մենք կարևորում ենք այս կառուցողական դիրքորոշումը, բայց նկատի ունենսլլով, որ մեր սկզբունքային որոշ առաջարկներ չեն ընդունվել, չենք կարող կողմ լինել Սահամանդրության նախագծին», - ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Մինչ այդ Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը Աժ-ին ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը:

Նա նշել է, որ նախագծի մասով առաջարկություն են ստացել բոլոր խմբակցությունների կողմից, «Ժառանգության» և ՀԱԿ խմբակցություններից առանձին պատգամավորների կողմից:

Պողոսյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, սկսել է «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին» գլխից:

Նա նշել է, որ նախագծի հոդված 5-ի 2-րդ կետը, ըստ որի՝ ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ չընդունեց ո՛չ հանրության, ո՛չ էլ մասնագիտական հանրության կողմից, հանձնաժողովը և նախագահը հրաժարվեցին այդ դրույթից: Ըստ նրա՝ բառացի համապատասխանում է գործող Սահմնադրության դրույթին:

Ըստ նրա՝ 10-րդ հոդվածով սեփականության ձևերի ուղղակի ամրագրումը առանձնացվել էր և հատուկ նոր հոդված էր սահմանվել սեփականության բոլոր ձևերի երաշխավորման մասին: Ըստ այդ հոդվածի՝ ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: «Հատուկ շեշտվում է որ պետության հատուկ սեփականությունն է ընդերքը և ջրային ռեսուսրները», - ասել է նա, գրում է Tert.am-ը:

Ընտանիքի պաշտպանության հետ կապված դրույթում, ըստ Պողոսյանի, ամրագրվել է, որ պետության հատուկ հովանավորության ներքո է ոչ միայն ընտանիքը, այլ՝ մայրությունը և մանկությունը: Նաև ամրագրվել է, որ պետք է նպաստել այլ պետություններում հայոց լեզվի զարգացմանը:

Հիմնարար իրավունքների մասին գլխում բավական մտահոգությունների առիթ էր դարձել նաև ինքնաբուխ հավաքներին վերաբերող դրույթը, որը ընկալվում էր, թե ինքնաբուխ հավաքների բացառման հիմք կա: «Այս դրույթի մասով էլ հատուկ ամրագրվել է, որ ինքաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում, որն ամրագրվել է նախագծում», - ասել է պողոսյանը:

Սեփականության իրավունքի պաշտպանության հետ կապված մտահոգությունների մասով նախագահի ներկայացուցիչը նշել է, որ որոշում է ընդունվել վերականգնել գործող սեփականության այն դրույթը ոչ ոք չի կարող սեփականությունից զրկվել՝ բացառությամբ դատական համակարգի միջոցով:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամն անդրադարձել է 4-րդ գլխի փոփոխություններին՝ մասնավորապես 89-րդ հոդվածի երկրորդ գլխին, որտեղ նշվում է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Նա հիշեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ հատուկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 89-րդ հոդվածը պետք է ավելի մեծ ճկունություն ապահովի սահմանադրական զարգացումների ընթացքում, փոփոխության ենթարկվի ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ միայն ԱԺ երկու երրորդի՝ որակյալ մեծամասնության կողմից:

Պողոսյանը նշել է, որ ՀՅԴ-ի առաջարկով այժմ 89-րդ հոդվածի երրորդ մասի առաջին նախադասությունն ընդգրկված է այն հոդվածների ցանկում, որտեղ պարտադիր պետք է դրվեն հանրաքվեի։ «Այսինքն՝ համամասնական ընտրակարգը փոփոխության չի կարող ենթարկվել միայն խորհրդարանի կողմից, դրա համար անհրաժեշտ է, որ ԱԺ-ի երկու-երրորդի համաձայնության առկայության պարագայում դրվի հանրաքվեի ու ստանա ժողովրդի աջակցությունը», - պարզաբանել է նա՝ հավելելով, որ ՀՅԴ-ի հաջորդ առաջարկն այս հոդվածում վերաբերում էր այն դրույթին, որ երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում են նոր դաշինքների ստեղծում:

Ըստ Պողոսյանի՝ դրույթը պարտադրում է ԸՕ-ին, որ եթե ԸՕ-ով նախատեսվում է երկրորդ փուլ, ապա անցկացումից առաջ հնարավորություն տրվի, որպեսզի առանձին կուսակցություններ կամ դաշինքներ կարողանան միավորվեն նոր դաշինքների տեսքով առաջին երկու տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի շուրջ և դրանով հնարավորություն ապահովել հասարակական ավելի մեծ աջակցութուն ձևավորվող կառավարության:

Հանձնոժողովի անդամը նաև անդրադարձավ այն առարկություններին, թե ԱԺ նախագահն է ներկայացնում վարչապետի թեկնածուին, եթե այդ պաշտոնը թափուր է մնում:

«Կատարվել է համապատասխան փոփոխություններ, ըստ որի՝ վարչապետի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ոչ թե ԱԺ նախագահին, այլ ԱԺ-ում ներկայացված ուժերին: Ըստ առաջարկված նախագծի վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին, եթե որևէ թեկնածու խմբակցությունների կողմից առաջադրված չի ստանում ձայների մեծամասնությունը, նախատեսվել է մեկ-երրորդ քվորում: Եթե ԱԺ պատգամավորների մեկ երրորդն առաջարկում է վարչապետի թեկնածու և նրանցից որևէ մեկը չի ստանում, պատգամավորների ձայների բարձրացած մեծամասնությունը, ապա ԱԺ-ն օրենքի ուժով լուծարվում է», - ասել է նա:

Պողոսյանն ընդգծել է, որ ԱԺ քաղաքական ուժերը լիակատար հնարավորություն են ստանում ԱԺ-ում հասնել համաձայնությունների և երկրորդ փուլում գալ համաձայնության որևէ վարչապետի թեկանուի շուրջ:

Սեպտեմբերի 17-ին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ամենայն հավանականությամբ կանցկացվի դեկտեմբերի սկզբին:

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քվեարկությամբ հաստատել է և օրակարգ ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---