Ընտրություններին ՀԱԿ ցուցակը Լևոն Տեր-Պետրոսյանն է գլխավորելու, ԲՀԿ ցուցակը, հնարավոր է՝ Ծառուկյանը

Ընտրություններին ՀԱԿ ցուցակը Լևոն Տեր-Պետրոսյանն է գլխավորելու, ԲՀԿ ցուցակը, հնարավոր է՝ Ծառուկյանը

PanARMENIAN.Net - 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասյ մասին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հարցին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի՞ դաշինքներ կկազմավորվեն, ի՞նչ ձևով կմասնակցեն ընտրություններին, նա ասել է. «Երբ որ դաշինքներ կազմավորելու գործընթացին գնանք, բանակցություններ հնարավոր են, բայց ես չեմ կարծում, որ ավելի լավ թեկնածու ինչ-որ մեկը կարող է առաջարկել ցուցակը գլխավորելու համար: Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջովին պատրաստ է նորից մտնել նախընտրական պայքարի մեջ»:

Զուրաբյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 17-ին կայանալու է ՀԱԿ համագումարը, որի ժամանակ ելույթ է ունենալու նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, գրում է Panorama.am-ը:

ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն: Նա նախ հիշեցրել է, որ դեռևս սեպտեմբեր ամսին ինքը հայտարարել է, որ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել:

ԲՀԿ-ականի խոսքով՝ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի և քաղաքական գործընթացների համար անհրաժեշտություն է, նրա տեղը լրացված չէ, և դաշտում որոշակի փոշիացում է տեսնում: Մելքումյանն ընդգծել է, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի շարքային անդամ չէ, կուսակցության հիմնադիրն է ու առաջնորդը, բայց վերադարձի մասին կոնկրետ հայտարարություն անելու իրավունքը միայն Ծառուկյանինն է:

«Այո, Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ընդհանուր այն սխեման, որով մենք առաջ ենք շարժվելու»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ նախընտրական ցուցակը կգլխավորի Ծառուկյանը, թե` ոչ, այդ մասին կհայտարարի հենց ինքը՝ Ծառուկյանը, գրում է Yerkir.am-ը:

2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը կգլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը,հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ դա իր անձնական համոզմունքն է, և որ այդ մասին կուսակցությունը դեռ քննարկում չի ունեցել և չունի որոշում:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է ընտրություններից առաջ ՀՀԿ-ին միաձուլվեն կամ դաշինք կազմեն այն փոքր կուսակցությունները, որոնք ԱԺ են եկել կուսակցական լիդերների մակարդակով ՀՀԿ ցուցակով, Բաղդասարյանն ասաց, որ այդ թեմայով էլ քննարկում չկա, բայց ՀՀԿ-ն պատրաստ է թե նախընտրական, թե հետընտրական կոալիցիաների, գրում է Galatv.am-ը:

Ինչ մնում է ընդդիմության դաշտում կոալիցիաներին, իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարն ասել է, որ ընդդիմադիր ուժերը շանսեր չունեն անգամ դաշինքներ կազմելու դեպքում: Միեւնույն ժամանակ ասաց, որ ընդդիմադիր դաշտում կոալիցիաները չունեն գաղափարական հիմք, և նպատակ կա միայն դաշինքի միջոցով հայտնվել խորհրդարանում:

ՀՀԿ պատգամավորի համոզմամբ քայքայված խմբակցությունը «Ժառանգությունն» է, իսկ կիսաքայքայվածները՝ ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները:

2017-ի ապրիլին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են նախանշված:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---