Ադրբեջանի քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ հանդիսանում է մշակութային ցեղասպանություն

PanARMENIAN.Net - «Որքան անհավանական է սուտը, այնքան մեծ է հավանականությունը, որ մարդիկ դրան կհավատան: Հենց այդ հայտնի միտքն է ծագում գլխում, երբ կարդում ես ադրբեջանական հերթական «ագիտացիոն» երկը` Նախիջեւանի պատմական հուշարձանների վերաբերյալ: Աշխատանքի տվյալ ոճը կարող է հասկացվել եւ բացատրվել, եթե հեղինակը մնար Ադրբեջանի տեղեկատվական դաշտի շրջանակներում, որի քարոզչական մեքենան իր քաղաքացիների «ուղեղների լվացման» կազմակերպման հնարավորություն ունի, նրանց ներշնչելով բացարձակ աբսուրդ եւ իրականությունից հեռու գաղափարներ եւ «փաստեր»,- «Արարատ» Ռազմավարագիտական կենտրոնում այսպես են PanARMENIAN.Net ի թղթակցին մեկնաբանել Բաքվի պատմաբանների հայտարարությունն այն մասին, որ «Նախիջեւանում չկան հայկական պատմական հուշարձաններ»:



«Պարոն Սաֆրալին հավակնում է գիտնական կոչվել եւ փորձում է պատմության իր տեսությունը փաթաթել ոչ միայն ողջ աշխարհի վզին, այլեւ պատմաբանական հանրությանը, ինչը ոչ միայն ծիծաղելի եւ ցավալի է, այլեւ վրդովիչ է: Պատմությունը գիտություն է` իր մեթոդաբանությամբ եւ գիտական ապարատով: Ադրբեջանին Նախիջեւանի պատկանելիության «գիտական ապացույցների» փորձերը հանդիսանում են վիրավորական ոչ միայն հայերի, այլեւ պատմագիտության համար, ընդհանրապես: 20-րդ դարի քաղաքական պատմության համար լրիվ ակնհայտ են եւ լավ ուսումնասիրված պատճառները, որոնք հանգեցրել են Նախիջեւանի ընդգրկմանը Ադրբեջանի ԽՍՀ կազմում: Քաղաքակիրթ աշխարհում ոչ ոք եւ երբեք չի փորձել իրեն վերագրել իր տարածքում այս կամ այն պատճառով գտնվող ժողովորդի պատմությունն ու ժառանգությունը: Նման փորձերը աբսուրդային են: Օրինակ, անհնարին է պատկերացնել` Եգիպտոսի արաբները, ովքեր բարձր արաբական մշակույթի կրող են, հավակնեն եգիպտական բուրգերին կամ հերքեն դրանց գոյությունը: Այո, 20-րդ դարի մի շարք պատմական իրադարձությունների պատճառով, հայերը ի վիճակի չէին դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանում եւ այլուր: Սակայն մենք դեռ կարող ենք ասել, որ նման քաղաքականությունը կարող է եւ պետք է գնահատվի` որպես մշակութային ցեղասպանություն:



Նախիջեւանի տարածքում մոտ 27, 000 հայկական պատմական հուշարձան էր գտնվում (եկեղեցիներ, ամրոցներ, կամուրջներ, խաչքարեր եւ այլն), որոնց մեծամասնությունը փաստագրված է: Նախիջեւանի հայկական հուշարձանները նկարագրված են բազմնաթիվ ռուսական հրատարակություններում` տպագրված 1839-1910 թթ: Իդեպ, տվյալ թեմայով կա հենց Բաքվում տպագրված նյութ` Սիսոեւի «Նախիջեւանի շրջան» աշխատանքը (1929 թվական): Խորհրդային տարիներին կազմված պետականորեն պաշտպանվող հուշարձանների ցուցակում ընդգրկված էին եւ Ագուլիսի Սուրբ Քրիստափոր եկեղեցին, եւ Աստապատի Կարմիր վանքը (Կզիլ վանք), եւ Կյուլուսի եկեղեցին, եւ բազմաթիվ ուրիշ, իբր գոյություն չունեցող հուշարձաններ:



Իսկ եթե Ադրբեջանի կառավարությունն ու ադրբեջանական ժողովուրդը չեն կարողանում իրենց կազմում գտնվող Նախիջեւանում հայտնաբերել հայկական պատմական հուշարձաններ, ապա այստեղ արդեն պետք է արձանագրել կայացած մշակութային ցեղասպանության փաստը, որի աղաղակող տարր է Ջուղայի միջնադարյան գերեզմանոցի հազարավոր խաչքարերի ոչնչացումը: Մենք պետք է հայտարարենք, որ գործ ունենք պետական քաղաքականության հետ: Դրան պետք է հակազդի հայ պետականությունը` ի դեմս համապատասխան կառույցների: Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխան տալու է. պատմությունը հիշում է նման դեպքեր: Սակայն դա չի նշանակում, որ արդարությունն ու վրեժխնդրությունը ինքնաբերաբար են լինելու, առանց հայության եւ մեր պետության ակտիվ մասնակցության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
«Առավոտը» գրում է, որ թիվ 41 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը դեռ որոշված չէ
Արդարադատության փոխնախարար Գրիգորի Մուրադյանն նպատակահարմար չի գտնում փոփոխություններ կատարել ԸՕ ընտրությունների շեմին
Հովհաննես Հովհաննիսյան. «Չգիտեմ՝ ով ինչ է խոսում, բայց ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների միջև անհամաձայնություններ չկան»
Վարչապետի խոսքով` եթե Սիրիայի հայերը որոշեն լքել երկիրը, կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի գերապատվությունը տրվի հայրենիքին