Սասունյան. Թրամփի հայտարարությունից հետո թուրքերը ցնծալու ոչ մի պատճառ չունեն

Սասունյան. Թրամփի հայտարարությունից հետո թուրքերը ցնծալու ոչ մի պատճառ չունեն

PanARMENIAN.Net - Թրամփը տեղի է տվել թուրքական ճնշումներին՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը, սակայն թուրքերը ցնծալու ոչ մի պատճառ չունեն:Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

«Ամեն տարի հայերն ու թուրքերը շունչները պահած սպասում են, որ տեսնեն՝ արդյոք Միացյալ Նահանգների նախագահն իր ամենամյա ապրիլ քսանչորսյա ուղերձում կօգտագործի ցեղասապանություն բառը հայերի զանգվածային ջարդերը նկարագրելու համար: Սակայն նրանք կարծես թե մոռանում են, որ Միացյալ նահանգները ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև դա արել է բազմիցս ամենաբարձր մակարդակներում. Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975 և 1984 թվականներին: Նույն բանը արել է նախագահ Ռեյգանը 1981 թ. ապրիլի 22-ին, իր նախագահական թիվ 4838 հռչակագրով: Եվ ամենակարևորը, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Արդարադատության միջազգային դատարան (Միջազգային դատարան) ներկայացրած իր զեկույցում 1951 թվականին:

Հետևաբար, այս բոլոր ճանաչումներից հետո, ինչպես ես բազմիցս նշել իմ խմբագրականներում, հայերն այլևս լրացուցիչ ճանաչման կարիք չունեն Միացյալ Նահանգների նախագահի կամ Կոնգրեսի կողմից», - գրում է Սասունյանը:

Նա նշում է, որ այս տարի շատերը հետաքրքրված էին՝ արդյոք Թրամփը ընդհանրապես հանդես կգա ուղերձով ապրիլի 24-ի կապակցությամբ և արդյոք կօգտագործի Հայոց ցեղասպանություն եզրը: Այն բանից հետո, երբ 84 կոնգրեսականներ համատեղ նամակով դիմեցին Թրամփին և Մայք Սարյանի նման անհատներ Կալիֆորնիայից, որոնք կապվեցին Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հորդորելով նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սպիտակ տունը ապրիլի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ, հրաժարվելով այն անվանել ցեղասպանություն:

«Լավ լուրն այն է, որ հաշվի առնելով Թրամփի՝ հայկական հարցերին ծանոթ չլինելու և որևէ քարոզչական խոստում չտալու հանգամանքը, Թրամփի վարչակազմը ամբողջությամբ չանտեսեց Հայոց ցեղասպանության տարելիցը և այս հատուկ օրը նշեց հայտարարությամբ, ինչպես դա արել են նախորդ մի քանի նախագահները: Թրամփի հայտարարության մեջ նշված են Ցեղասպանության հիմնական փաստերը՝ հայերի զանգվածային ջարդերը ներկայացնելով որպես «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ և կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին կամ մահվան երթերին:

Մինչ հայերը հիասթափված են, որ Թրամփը խուսափեց օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրը, թուրքերը ցնծալու ոչ մի պատճառ չունեն: Ընդհակառակը, նրանք պետք է ամաչեն, որ Միացյալ Նահանգների նախագահը իրենց նախնիներին մեղադրում է «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը» իրագործելու համար և հիշատակում է մեկ ու կես միլիոն հայերի ջարդը, որը թուրքական կառավարությունը ժխտում է մինչ օրս...»

Սասունյանը գրում է, որ այնուամենայնիվ, վատ լուրն այն է, որ Թրամփը հանդես է եկել մի հայտարարությամբ, որը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում որպես ցեղասպանություն: Թրամփի օգնականները պարզապես ընդօրինակել էին այն տեքստերը, որոնցով հանդես էին եկել Օբաման ութ տարի շարունակ և նրանից առաջ նախագահներ Բուշն ու Քլինթոնը, այդ թվում հիշատակելով «Մեծ եղեռն» եզրը, որը հայերից բացի, որ մեկը չի հասկանում, և ըստ միջազգային օրենքի՝ իրավական նշանակություն չունի ինչպես ցեղասպանություն եզրը կամ հայերենով հենց «ցեղասպանություն» բառը: «Մեծ եղեռնի» կիրառումը սոսկ խորամանկ հնարք է խուսափելու ցեղասպանություն բառից:

«Ապշեցուցիչ է, որ Թրամփը, որը միշտ հպարտանում է իր անկախ մտքերը բարձրաձայնելով և խստորեն քննադատում է նախորդ նախագահների թերությունները, հանկարծ իրեն հպարտ է զգում Հայոց ցեղասպանության մասին նրանց անընդունելի գրաքննությանը հետևելու համար... Թրամփը զայրացրել է բազմաթիվ մարդկանց ամբողջ աշխարհում, երբ այս ամսվա սկզբին Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո զանգահարել և շնորհավորել է Էրդողանին կեղծված ընտրության առիթով, որն ընդլայնել է Էրդողանի բռնատիրական լիազորությունները... Թրամփը նախատեսում է ընդունել Էրդողանին Սպիտակ տանը այս տարվա մայիսին...»:

Դոդվածագիրը նշում է, որ Կոնգրեսական Ադամ Շիֆի հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ, ամերիկահայ համայնքը կարիք չունի Ներկայացուցիչների պալատի ևս մեկ բանաձևի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ 1975 և 1984 թվականներին արդեն իսկ ընդունված երկու բանաձևերի կողքին: Հայ ժողովրդի միակ պահանջը արդարությունն է՝ իր վիթխարի կորուստների հատուցումը, բռնագրավված մասնավոր և համայնքային ունեցվածքի վերադարձը և բռնազավթած հայկական տարածքների ազատագրումը: Ահա թե ինչ պետք է պահանջի Ներկայացուցիչների պալատի հաջորդ բանաձևը, և ոչ թե ցեղասպանության ճանաչումը:

«Վերջապես, ես շատ ուրախ եմ, որ «Վիկիլիքսը» ապրիլի 24-ին իր թվիթերյան էջի 4.6 միլիոն հետևորդների ուշադրությանն էր ներկայացրել իմ նախորդ հոդվածներից մեկը՝ անցյալ տարվա նախագահական ընտրություններից առաջ Հիլարի Քլինթոնի կողմից իր քարոզչության գլխավոր օգնականների՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ հանդես գալու առաջարկը մերժելու մասին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր նախորդներին համաձայն, չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձում:

«Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տառապեցին Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի ամենասարսափելի մասսայական սպանություններից մեկի ժամանակ», - ասել է նա:

2009-ից ի վեր ԱՄՆ նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներն օգտագործում են «Մեծ եղեռն» ձևակերպումը Ցեղասպանության մասին խոսելիս:

«Մենք պետք է հիշենք իրառործված վայրագությունների մասին, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Ողջունում ենք հայերի ու թուրքերի՝ պատմության ցավալի էջորի ընդունմանն ուղղված քայլերը, ինչը կարևոր քայլ կլինի արդար ու տոլերանտ ապագա կառուցելու համար», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահներից «ցեղասպանություն» եզրույթը կիրառել էր միայն Ռոնալդ Ռեյգանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---