ՀՀ ԱԳՆ. Բանակցությունների առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շտապողականությունը բացատրվում է նրանով, որ Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո կարող են փոխվել գործող անձինք: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Նոր նախագահը իրավունք ունի ասելու, որ չի ընդունում համաձայնագիրը եւ այդ պատճառով է, որ համանախագահները ձգտում են, որ դա դժվար լինի անել: Կա եւս մեկ պատճառ` հնարավոր է, կփոխվեն նաեւ իրենք համանախագահները: Առնվազն, նման ազդանաշններ կան: Նման պայմաններում, բոլորի համար լավ կլիներ, եթե համաձայնագիրը ինչ-որ կերպ ամրագրվեր որպես հիմք բանակցային գործընթացի շարունակման համար»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Միեւնույն ժամանակ Վ.Օսկանյանը նշել է, որ բանակցությունները պետք է շարունակել: «Դիվանագիտական տեսակետից, հայկական կողմի դիրքերը բավականին ամուր են: Եթե Հայաստանը չհամաձայնվի առաջարկությունների այս փաթեթի հետ եւ ցանկանա զրոյից սկսել, ապա դա Ադրբեջանին նոր հնարավորություններ կտա: Միջազգային հանրությունն էլ թույլ չի տա զրոյին հավասարեցնել այս փաստաթղթի մշակմանն ուղղված երկամյա ջանքերը»,-ընդգծել է Օսկանյանը:



Նա նաեւ նշել է, որ բանակցություններում առանցքայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: «Համանախագահները եւ միջազգային կառույցները դա լավ են հասկանում: Մենք դեռեւս այն դրության մեջ չենք, որ խոսենք բանակցային գործընթացում վերջակետ դնելու մասին: Նույնիսկ եթե որոշակի սկզբունքային համաձայնություն ձեռք բերվի այսօր քննարկվող փաստաթղթի շուրջ, ապա դա մեծ գործընթացի միայն սկիզբը կլինի»,-ասել է ԱԳ նախարարը:



Նրա խոսքերով, այսօր քննարկվող փաստաթուղթը վերաբերում է կարգավորման սկզբունքներին, իսկ խաղաղ պայմանագրի վրա պետք է աշխատեն իրավաբանները` կարգավորման սկզբունքները երեք կողմերի հավանությանն արժանանալուց հետո:



«Այսօր բանակցությունների սեղանի վրայի փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված է, եւ համանախագահները հավանական են համարում, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է վերջնական տեսքի բերել փաստաթուղթը: Սակայն պետք չէ համարել դա միանշանակ մի փաստ` հաշվի առնելով այն լուրջ խնդիրները, որոնց շուրջ բանակցությունները կշարունակվեն»,-ասել է Վ.Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: :
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---