Բաքուն չի դավաճանում նախագահական հանդիպումներից առաջ և հետո սադրանքներ կազմակերպելու իր ավանդույթին

Բաքուն չի դավաճանում նախագահական հանդիպումներից առաջ և հետո սադրանքներ կազմակերպելու իր ավանդույթին

PanARMENIAN.Net - Ադրբեջանն այս անգամ ևս չդավաճանեց իրեն` Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիիևի հանդիպումից բառացիորեն մի քանի ժամ առաջ կրակ բացելով Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա: Հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվեց ժամկետային զինծառայող` 1991 թվականի ծնված Գրիգոր Շախկյանը:

Սա վերջին երկու օրերի ընթացքում արձանագրված երկրորդ միջադեպն է, որը բացառապես պայմանավորված է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների նախահարձակ գործողություններով: Նախօրեին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Ջրաբերդի մերձակա պաշտպանական դիրքերից մեկում վիրավորվել էր ժամկետային զինծառայող Հովհաննես Ավդալյանը:

Բաքուն, ըստ երևույթին, մեկընդմիշտ որոշել է պահպանել իր իսկ կողմից սահմանված ավանդույթները` նախագահների հանդիպումներից առաջ կամ հետո սադրանքներ կազմակերպել շփման գծում:

Ամենախոշորը դարձավ հունիսի 18-ի սադրանքը` Սանկտ-Պետերբուրգում երեք նախագահների հանդիպումից անմիջապես հետո: Ժամը 23:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը: Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը` չորս զոհ և չորս վիրավոր:

Սակայն հարկ է նշել, որ «սովորական» օրերին ևս Ադրբեջանը նախանձելի հաճախականությամբ է խախտում հրադադարի ռեժիմը: Իսկ վերջին ժամանակներս հրաձգային զենքի զանազան տեսակների հետ մեկտեղ ադրբեջանական ԶՈՒ սկսել են նաև խոշոր տրամաչափի զենք կիրառել:

Ըստ երևույթին, միջնորդները, տերությունները, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունն Ադրբեջանի համար ուղեցույց չեն: Բայց ինչի՞ է ուզում հասնել Բաքուն իր սադրանքներով: Միգուցե Մեդվեդևը մարտի 5-ին Սոչիում կհարցնի այդ մասին Ալիևին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---