Հայաստանի Օմբուդսմենը Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները համարում է ոչ իրավաչափ

Հայաստանի Օմբուդսմենը Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները համարում է ոչ իրավաչափ

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին բանավոր հաղորդագրություն է ուղղել, որում նշել է, որ մարտի 15-ի երեկոյան խմբակցության անդամներն այցելել են Ազատության հրապարակ, որտեղ փորձել են հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան կամ տաքացուցիչ տեղադրել, ինչին ոստիկանները ամեն կերպ խոչընդոտել են:

Հայաստանի Օմբուդսմենն իր հերթին նշել է, որ ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում է որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում է ոչ իրավաչափ: «Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում: Այս եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված` վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից, առողջության պահպանման իրավունքի ապահովման` պետության համապատասխան պոզիտիվ պարտավորություններից, ինչպես նաև այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հրապարակային միջոցառում իրականացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը»,- նշել է Կարեն Անդրեասյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ելնելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով, կոչ է անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի կամ հովանոցի տեղադրումը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---