Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը կարևորում են երկրների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը

Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը կարևորում են երկրների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է ԱԳՆ հարկի տան հյուրընկալելու Շվեյցարիայի Համադաշնության նախագահին, որի հետ վերջին տարիներին որպես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար կայացել են շուրջ երկու տասնյակ հանդիպումներ:

«Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը գալիս է արձանագրելու եւս մի կարեւոր քայլ՝ մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների՝ հատկապես վերջին տարիների վերընթաց զարգացման ճանապարհին։

Այդ վերընթաց զարգացման համար, անշուշտ, ջանքերն ու ձգտումը եղել են փոխադարձ։ Այսօր, տիկին նախագահ, ըստ էության շարունակությունն է Հայաստան կատարած Ձեր նախորդ այցի, երբ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, երկուստեք կարեւորվեց Հայաստանում շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչության բացման անհրաժեշտությունը: Դուք հետեւողական եղաք նաեւ այս հարցում եւ այդ հետեւողականությունն արժանի է այսօր հիշատակման» - նշեց Էդվարդ Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Կալմի-ռեյը երկուստեք ընդգծեցին, որ հայ-շվեյցարական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, եւ որ երկու երկրների միջեւ մշտապես առկա են եղել աշխարհագրական եւ պատմական ընդհանրություններ եւ այսօր կողմերը կարող են գոհունակությամբ արձանագրել, որ երկու երկրների միջեւ վերջին տարիներին հաստատվել են բարձր մակարդակի հարաբերություններ, սերտ քաղաքական երկխոսություն, իսկ Երեւանում դեսպանության հիմնադրումը կնպաստի երկու երկրների բարեկամության առավել խորացմանը:

Զրուցակիցները, կարեւորելով երկու ԱԳՆ-երի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը, պայմանավորվածություն ձեռք բերեցին իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ, քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ տարածաշրջանային հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյն անդրադարձան Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ զարգացումներին, մասնավորապես արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլին` նշելով որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ միջոցներով: Այս կապակցությամբ տիկին Միշլին Քալմի-Ռեյն ընդգծեց, որ Շվեյցարիան շատ ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքերով` Շվեյցարիան աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող քայլերին:

Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Շվեյցարիայի կողմից ձեռնարկած միջնորդական ջանքերի համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---