Վահան Հովհաննիսյան. Դաշնակցությունը ՀԱԿ-ի հետ կարող է համագործակցել միայն կոնկրետ ծրագրերի հարցում

Վահան Հովհաննիսյան. Դաշնակցությունը ՀԱԿ-ի հետ կարող է համագործակցել միայն կոնկրետ ծրագրերի հարցում

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ կարող է համագործակցել միայն կոնկրետ ծրագրերի կամ գործողությունների հարցում` ուղղված Հայաստանում առկա համակարգի փոփոխմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Համագործակցել ծրագրի, կոնկրետ գործողության հարցում` խնդրեմ: Բայց ոչ այն հարցում, թե ով է լինելու ժողովրդի «պապան» կամ «պապիկը»: Այդ հարցում մենք ոչ մեկի հետ չենք համագործակցելու»,- ասաց նա: Հովհաննիսյանը նշել է, որ Դաշնակցությունը չի միավորվելու միայն հանուն այն բանի, որպեսզի այլ քաղաքական ուժ գա իշխանության և անի նույնը, ինչ ներկայիս իշխանությունները: Նա ավելացրեց, որ ՀԱԿ-ն այսօր առաջարկում է միավորվել միայն իր շուրջ, իսկ նրանք, ովքեր համաձայն չեն, կշտամբանքների են ենթարկվում, ինչպես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ՀՅ Դաշնակցությունը: «Միավորում կլինի, բայց մենք ինքներս կորոշենք, թե ում հետ և ինչպես, այլ ոչ թե ինչ-որ մեկի թելադրանքով»,- ընդգծեց Դաշնակցություն խմբակցության ղեկավարը:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ այժմ Հայաստանում երկրորդ ընդդիմադիր բևեռի ստեղծման անհրաժեշտություն կա, և Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել այդ հարցում: Սակայն նա նկատեց, որ առայժմ նման համագործակցության մոդել ձևավորված չէ: Ընդ որում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա չբացահայտեց, թե որ քաղաքական ուժերի հետ կարող է համագործակցել Դաշնակցությունը` նկատելով, որ դա կարող է միայն երկարատև քննարկումների և բանակցությունների արդյունքը լինել: Նա նկատեց միայն, որ այժմ կան միայն այդ գործընթացի տարրերը, սակայն վաղ է խոսել այն մասին, որ այդ գործընթացը մեկնարկել է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---