Հայ ազգային կոնգրես. Իշխանությունների հետ երկխոսության դուռը կիսաբաց է մնում

Հայ ազգային կոնգրես. Իշխանությունների հետ երկխոսության դուռը կիսաբաց է մնում

PanARMENIAN.Net - 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո 3 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն արմատական ընդդիմությանը թույլ տվեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ընդհանուր առմամբ հանրահավաքին 6 հազար մարդ էր մասնակցում` ավելի քիչ, քան ընդդիմության նախորդ հանրահավաքներին: Այս անգամ ընդդիմադիրների և ոստիկանների միջև ընդհարումների մասին չհաղորդվեց: Օրվա ընթացքում բազմիցս լուրեր էին հայտնվում այն մասին, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Հայաստանի նախագահի նստավայրը: Սակայն արդյունքում երթը, որը, այնուամենայնիվ, կայացավ, ընթացավ բոլորովին այլ ճանապարհով` Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության Հրապարակ – Ազատության հրապարակ:

ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց երևանյան ժամանակով 18:00-ին: Այն ողջույնի խոսքով բացեց Հայոց Համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը, որը շնորհավորեց ընդդիմության համակիրներին Ազատության հրապարակն «ազատագրելու» կապակցությամբ: Մանուկյանը հայտնեց, որ այսօր Հայաստանում ընդդիմությունը` ՀԱԿ-ը թելադրում է քաղաքական օրակարգը, և իշխանությունները ստիպված են հաշվի նստել «նրա կամքի» հետ:

ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտնեց, որ Հայաստանում «թավշյա հեղափոխություն» է սկսվել: Նրա խոսքով, հիմա ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդին մոլորեցնել` հայտարարելով, թե Կոնգրեսը չի ցանկանում իշխանափոխություն: «ՀԱԿ-ի ծրագրերը նույնն են մնացել: Մենք պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ», - նշել է Զուրաբյանը:

Ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ` ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ ՀԱԿ-ի ներկայացրած 3 պահանջներից, որոնց իրականացումը անհրաժեշտ էր իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար, իրականացվել են երկուսը` հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում և երկրի ղեկավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը` ամբողջությամբ հետաքննել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները: Նա հույս է հայտնել նաև, որ ՀԱԿ-ի երրորդ պահանջը` անազատության մեջ գտնվող ընդդիմության համակիրների ազատ արձակումը, դեռ չի իրականացվել, սակայն, ինչպես նշեց ՀԱԿ-ի առաջնորդը, ՀՀ նախագահի վերջին հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության հռչակման օրը, նրանք ազատ կարձակվեն: Նա նաև ներողություն է խնդրել այդ մարդկանցից այն բանի համար, որ իրենց չհաջողվեց արագ ազատ արձակել նրանց, սակայն հույս հայտնեց, որ մայիսի 31-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը կկարողանան հանդես գալ երախտագիտության խոսքով:

Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ միջազգային հանրությունը վերջին օրերին երեք հարված է հասցրել Հայաստանին. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցրեց Հայաստանի ֆինանսավորումը, ԱՄՆ Պետքարտուղարությունն իր «Մարդու իրավունքների» վերաբերյալ 2010 թվականի զեկույցում Հայաստանը ներկայացրեց որպես տոտալիտար պետություն, իսկ ԵԽԽՎ-ից Հայաստանի վերաբերյալ համազեկուցողները Մոնիթորինգային հանձնաժողովի քննարկումներից հետո հանդես եկան հայտարարությամբ, որում որպես երկրի ներքին քաղաքական ճգնաժամի պատճառ մատնանշեցին 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի չբացահայտված լինելը: «Ինչո՞ւ պետք է Հայաստանի հետ նման տոնով խոսեն և առանց քաշվելու միջամտեն երկրի ներքին գործերին: Ինչո՞ւ պետք է երկրորդ կարգի պաշտոնյաները մեզ ժողովրդավարության դասեր տան: Հանուն ինչի՞ պետք է մեր երկիրը նման խայտառակության ենթարկվի»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Ընդ որում, ինչպես և սպասելի էր, Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը չի կարելի սպառված համարել, և իշխանությունների հետ երկխոսության համար դուռը «կիսաբաց» է մնում:

20:00-ին ընդդիմության հանրահավաքն ավարտվեց, մասնակիցները երթով շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով:

Երևանի կենտրոնական փողոցներով ընթացած երթից հետո ցուցարարները վերադարձան Ազատության Հրապարակ և պահանջեցին բողոքի ակցիան շարունակել նստացույցով: Սակայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներին հաջողվեց մարդկանց համոզել վերադառնալ տուն` կոչ անելով կրկին հավաքվել մայիսի 31-ին: Շատերը լքելով հրապարակը` ի լուր ամենքի հայտարարեցին, որ այլևս չեն գալու ընդդիմության հանրահավաքներին:

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կկայանա մայիսի 31-ին:

11  28.04.11 - Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում
17  Ընդդիմության բողոքի ցույցերը Երևանում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---