Թուրքագետ. Ֆրանսիան որոշեց չվատթարացնել Թուրքիայի հետ առանց այդ էլ վատ հարաբերությունները

Թուրքագետ. Ֆրանսիան որոշեց չվատթարացնել Թուրքիայի հետ առանց այդ էլ վատ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բավական լարված էին, և Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումը դրանք առավել կվատթարացներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի մերժման մասին Ֆրանսիայի Սենատի որոշումը: Նրա խոսքով, վերջերս Թուրքիայի դերը միջազգային հարթակում բավական աճել է, և շատ երկրներ, այդ թվում և Ֆրանսիան ստիպված են հաշվի նստել նրա հետ: «Ներկայիս միջազգային դրությունը չի նպաստում, որպեսզի երկրները Հայոց ցեղասպանության մասին որևէ բանաձևեր կամ նմանատիպ օրինագծեր ընդունեն»,- ասել է նա: Ընդ որում` հայ փորձագետն ափսոսանքով է նկատել, որ Ցեղասպանության հարցը միջպետական առևտրի հարցի է վերածվել:

Անդրադառնալով այդ որոշմանը Ֆրանսիայի հայ համայնքի հնարավոր արձագանքին` Մելքոնյանն ասել է, որ ամենայն հավանականությամբ այն բավական սուր է լինելու: «Ինձ ամենից շատ հետաքրքրում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձագանքը, որն ասել էր, որ եթե Սենատը չընդունի օրինագիծը, ապա նա որոշակի քայլերի կգնա»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը:

Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006 թվականին: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, օրինագծին «դեմ» է քվեարկել 196 սենատոր, «կողմ»` 74:

Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչներ են հավաքվել, այդ թվում` ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որպեսզի սենատորներին կոչ անեն օրինագծի ընդունման կողմից քվեարկել:

2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն:

Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսված էր ներկայացնել մայիսի 4-ին:

Օրինագծի համաձայն, ցեղասպանությունը ժխտող մարդիկ կարող են ազատազրկվել հինգ տարով կամ 45 000 եվրոյի չափով տուգանվել:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---