Կիրո Մանոյան. Մեծ Եղեռնի մասին բանաձևի մերժումը չի ազդի հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա

Կիրո Մանոյան. Մեծ Եղեռնի մասին բանաձևի մերժումը չի ազդի հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի մերժմամբ Ֆրանսիան որոշեց առավել չվիրավորել Թուրքիային: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանելով այն, որ Ֆրանսիայի Սենատը մերժեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Նրա խոսքով, Ֆրանսիան այդպես հանդես է գալիս Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության դեմ, և օրինագծի ընդունումը ևս մեկ հարված կլիներ ֆրանս-թուրքական հարաբերություններին: «Այդ իսկ պատճառով Փարիզը որոշեց այլևս չվիրավորել Թուրքիային»,- ասել է Մանոյանը: «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար չի համաձայնել այն փորձագետների հետ, ովքեր այս որոշումը կապում են միջազգային հարթակում Թուրքիայի դերի ուժեղացմամբ:

Ընդ որում` Մանոյանը գտնում է, որ այդ որոշումն առանձնապես չի ազդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների վրա:

Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006 թվականին: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, օրինագծին «դեմ» է քվեարկել 196 սենատոր, «կողմ»` 74:

Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչներ են հավաքվել, այդ թվում` ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որպեսզի սենատորներին կոչ անեն օրինագծի ընդունման կողմից քվեարկել:

2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն:

Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսված էր ներկայացնել մայիսի 4-ին:

Օրինագծի համաձայն, ցեղասպանությունը ժխտող մարդիկ կարող են ազատազրկվել հինգ տարով կամ 45 000 եվրոյի չափով տուգանվել:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---