Սաֆրաստյան. Ֆրանսիան կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունել Լիբիայում պատերազմի ավարտից հետո

Սաֆրաստյան. Ֆրանսիան կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունել Լիբիայում պատերազմի ավարտից հետո

PanARMENIAN.Net - Այն, որ Ֆրանսիայի Սենատը մերժեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, առաջին հերթին կապված է երկրի իշխանությունների ներկայիս դիրքորոշման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Ֆրանսիան այժմ բավական ակտիվ է Լիբիայում ընթացող ռազմական գործողություններում, և նրա համար շատ կարևոր է Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում: «Ցավոք, մենք հերթական անգամ վկան ենք դառնում այն բանի, որ գերտերությունը, ելնելով իր շահերից, խախտում է խոստումը»,- ասել է հայ թուրքագետը: Սակայն նա նկատել է, որ հնարավոր է` Լիբիայում ռազմական օպերացիաների ավարտից հետո Ֆրանսիան փոխի իր դիրքորոշումը և ընդունի օրինագիծը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է արձագանքի Ֆրանսիայի հայ համայնքն այդ որոշմանը, Սաֆրաստյանն ասել է, որ համայնքի ներկայիս դիրքորոշումը շատ ճիշտ է: «Համայնքը ցույցեր, երթեր է կազմակերպում, հանդիպում իշխանությունների ներկայացուցիչների հետ, և ես կարծում եմ, որ նրանք պետք է շարունակեն իրենց քայլերն այդ ուղղությամբ»,- ասել է նա` ավելացնելով, որ դա կարող է դրական արդյունքների հանգեցնել:

Անդրադառնալով այդ որոշմանը Ֆրանսիայի հայ համայնքի հնարավոր արձագանքին` Մելքոնյանն ասել է, որ ամենայն հավանականությամբ այն բավական սուր է լինելու: «Ինձ ամենից շատ հետաքրքրում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձագանքը, որն ասել էր, որ եթե Սենատը չընդունի օրինագիծը, ապա նա որոշակի քայլերի կգնա»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը:

Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006 թվականին: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, օրինագծին «դեմ» է քվեարկել 196 սենատոր, «կողմ»` 74:

Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչներ են հավաքվել, այդ թվում` ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որպեսզի սենատորներին կոչ անեն օրինագծի ընդունման կողմից քվեարկել:

2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն:

Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսված էր ներկայացնել մայիսի 4-ին:

Օրինագծի համաձայն, ցեղասպանությունը ժխտող մարդիկ կարող են ազատազրկվել հինգ տարով կամ 45 000 եվրոյի չափով տուգանվել:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---