Ջոնի Մելիքյան. Ջավախքն այժմ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի տարածքային ամբողջականության համար

PanARMENIAN.Net - Ճգնաժամերի կանխման միջազգային խումբը (International Crisis Group - ICG) մայիսի 23-ին հրապարակել է Ջավախքի խնդիրներին նվիրված իր հերթական զեկույցը` «Վրաստան. Ջավախք շրջանի ինտեգրման մարտահրավերները»:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Ջոնի Մելիքյանը նշել է, որ ICG զեկույցը նվիրված է միայն Ջավախքին, ի տարբերություն նախորդի, որը վերաբերում էր Վրաստանի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված շրջաններին: Նրա խոսքով` զեկույցում նշվում է, որ Ջավախքում իրադրությունը քիչ, թե շատ կայուն է, և շրջանն այժմ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի տարածքային ամբողջականության համար: Ընդ որում` ICG փորձագետները պաշտոնական Թբիլիսիին խորհուրդ են տալիս ուշադրությունը սևեռել շրջանի խնդիրների, մասնավորապես սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա: Եվս մեկ ոչ պակաս կարևոր նորամուծություն է Վրաստանի իշխանություններին ուղղված խորհրդատվությունը` վավերացնել Ազգային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, որը Վրաստանը ստորագրել է, բայց դեռևս չի վավերացրել: Նա ավելացրել է նաև, որ մեկնաբանելով Ջավախքի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը, փորձագետներն ընդգծում են Երևանի կայունացնող դերն այդ շրջանում:

Ինչ վերաբերում է զեկույցի չլուսավորված հարցերին, ապա, Մելիքյանի խոսքով, դրանցից մեկը ինչպես ընդհանրապես Վրաստանում, այնպես էլ, մասնավորապես, Ջավախքում Հայ Առաքելական եկեղեցու խնդիրների հիշատակման բացակայությունն է: Զեկույցում բավականաչափ չեն լուսավորվում Ջավախքի հայ ակտիվիստների խնդիրները, թեև զեկույցի հեղինակներն անդրադարձել են իշխանությունների կողմից դատապարտված հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործին: Բավականաչափ լուսավորված չէ նաև շրջանում ոստիկանության ընդգծված ներկայությունն ու նրա ազդեցությունը ներքին քաղաքական գործընթացների վրա: Ինչ վերաբերում է զեկույցին պաշտոնական Թբիլիսիի արձագանքին, ապա, Մելիքյանի կարծիքով, վրացական իշխանություններն այն պատշաճ կերպով կընդունեն, քանի որ զեկույցում միայն հաստատվում են փաստեր, վերլուծվում է իրադրությունն այդ շրջանում և խորհրդատվություններ են տրվում առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---