Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իշխանության վարքագծի փոփոխության վրա ազդող գործոնները

Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իշխանության վարքագծի փոփոխության վրա ազդող գործոնները

PanARMENIAN.Net - Հայ Ազգային կոնգրեսը հաղթանակը ձեռք է բերվել ոչ թե մութ գործարքի, գաղտնի պայմանավորվածությունների կամ արտաքին միջամտությունների ու միջնորդությունների շնորհիվ, այլ վերջին ամիսների ընթացքում հասարակության ու իշխանության միջեւ ծավալված յուրատեսակ հրապարակային բանավեճի կամ ոչ-ֆորմալ երկխոսության արդյունքում։ Այս մասին, ելույթ ունենալով Ազատության հրապարկում ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին, ասել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Ցավոք, կան մարդիկ, ովքեր փոխանակ ուրախանալու եւ հպարտանալու, որ մեր երկրում եւս կարող են տեղի ունենալ քաղաքակիրթ գործընթացներ, փորձում են արժեզրկել, նսեմացնել, իսկ ռամկորեն արտահայտված, «հարամել» այս թանկ նվաճումը եւ վիժեցնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման կենսականորեն անհրաժեշտ գործը՝ կամա թե ակամա նպաստելով իշխող քրեաօլիգարխիկ համակարգի ամրապնդմանն ու հավերժացմանը, անկախ այն բանից, թե դա անում են մոլորությամբ, թե՞ հետին նպատակով»,- ասել է Տեր-Պետրոսյանը։

ՀԱԿ առաջնորդի խոսքով, իշխանության վարքագծի կտրուկ փոփոխության վրա ազդել են նաեւ մի շարք լրացուցիչ գործոններ, որոնց համաժամանակյա զուգակցումն է, որ նրան ստիպել է, երկարատեւ անզիջողականությունից հետո, դրականորեն արձագանքել հասարակության արդարացի, բայց մինչ այդ անտեսված պահանջներին։ Նրա գնահատմամբ, իշխանությանը լրջորեն խորհելու առիթ են տվել արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունները: Բացի այդ, Տեր-Պետրոսյանը գտնում է, որ “իշխանության կողմից հասարակության պահանջներին ընդառաջ գնալու դրդապատճառը կապված է Ղարաբաղի խնդրի հետ։ “Ակնհայտ է, որ մի կողմից, գլխավորապես Ռուսաստանի ջանքերով, Ղարաբաղյան կարգավորման գործընթացը մոտենում է իր հանգուցալուծմանը, իսկ մյուս կողմից, այդ գործընթացի չբացառված հերթական ձախողման դեպքում, արդեն բավականին իրական է դառնում Ադրբեջանի նախաձեռնությամբ պատերազմի վերսկսման վտանգը։ Նման պարագայում իշխանությունը, բնականաբար, գիտակցում է, որ, մեղմ ասած, իր նկատմամբ սեփական ժողովրդի տածած լիակատար անվստահության պաշարով ո՛չ կարող է Ղարաբաղի հարցում գնալ որեւէ լուծման, ո՛չ էլ հաջող պատերազմ վարել Ադրբեջանի դեմ։ Ուստի նա հարկադրված է, ժողովրդին սիրաշահելու եւ երկրի ներսում թեկուզ նվազագույն աջակցություն գտնելու նպատակով, լուրջ զիջումների գնալ”,- ասել է ՀԱԿ առաջնորդը:

Տեր-Պետրոսյանը ընդգծել է, որ Ղարաբաղի խնդիրն առաջիկայում եւս շարունակելու է մնալ Հայաստանի ներքին քաղաքականության վրա վճռորոշ ազդեցություն ունեցող գործոններից մեկը: Նրա խոսքով, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, եւ ստատուս-քվոյի պահպանման ռեսուրսն այլեւս սպառվում է, ինչն ակնհայտորեն երեւում է Դովիլյան համատեղ հայտարարությունից, ինչպես նաեւ ՀԱԿ-ի ձեռքի տակ եղած որոշ խորհրդապահական տեղեկություններից։ “Այս ամենը նկատի ունենալով, ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանն այսօր արդեն մտահոգված է ոչ այնքան ստատուս-քվոյի պահպանմամբ, որքան գործընթացից ետ չմնալով”,- ասել է Տեր-Պետրոսյանը։

Երրորդ պատճառը ՀԱԿ առաջնորդի կարծիքով, սոցիալական բողոքի հաճախակիացած ցույցերն են: Նրա կարծիքով, իշխանության վերջին շրջանում դրսեւորած “զիջողական եւ որոշ առումով բանական պահվածքի գլխավոր պատճառն, այնուամենայնիվ, պետք է համարել երկրի անմխիթար սոցալ-տնտեսական իրավիճակը: “Մի՛ կասկածեք. եթե երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ավելի բարվոք լիներ կամ այն բարվոքելու թեկուզ չնչին հեռանկար նշմարվեր, իշխանությունը համառորեն կշարունակեր անտեսել թե՛ Կոնգրեսի, թե՛ հասարակության պահանջները եւ ոչ մի զիջում չէր կատարի։ Այնպես որ, բարի կամքի դրսեւորման կամ իշխանությունների կողմից լուրջ բարեփոխումների իրականացման մտադրությունների վերաբերյալ խոսակցությունները բոլորովին անտեղի են, եւ այդ առթիվ պատրանքներ չպետք է փայփայել։ Զիջումները կատարվել են բացառապես սառը հաշվարկի եւ երկրի սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի անելանելիության գիտակցության հիման վրա, ինչը քաղաքական տեսակետից թերեւս ավելի նշանակալի է, քան բարի կամքի դրսեւորումը, որովհետեւ ավելի օբյեկտիվ լինելով, ցույց է տալիս, որ իշխանությունը, վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ որոշակի իրատեսություն է ցուցաբերել։ Այս քայլը պետք է գնահատել ըստ արժանվույն եւ հուսալ, որ իրատեսությունն այսուհետեւ եւս իշխանությանը չի լքի, մանավանդ նրա եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ առաջիկայում ակնկալվող դժվարին երկխոսության ընթացքում”,- նշել է Տեր-Պետրոսյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---