19  30.04.14 - Առինջի գերեզմանոց. 5-20-րդ դարերի չցանկապատված ու չհսկվող 191 խաչքար, 2 կոթող և 26 տապանաքար
Առինջի գերեզմանոց. V-XX դարերի չցանկապատված ու չհսկվող 191 խաչքար, 2 կոթող և 26 տապանաքար

Առինջի գերեզմանոց. V-XX դարերի չցանկապատված ու չհսկվող 191 խաչքար, 2 կոթող և 26 տապանաքար

Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում

Առինջում կա V-XX դարերի 191 խաչքար, 2 կոթող և 26 տապանաքար: Ասում են այդ ամենը ցանկապատված չի և չի հսկվում: Ասում են նաև, որ այդ ամենը վտանգված է, և շատ ժամանակ նույնիսկ ոչ միտումնավոր վնասվում է անասունների կամ ուժեղ քամիների պատճառով: PAN Photo-ն որոշեց գնալ Առինջ և այդ ամենը լուսանկարել, իսկ PanARMENIAN.Net-ը պատասխանատու մարմիններից պարզեց, թե ինչու տարածքը պատշաճ կերպով չի վերահսկվում, երբ է ցանկապատվելու և, վերջիվերջո, ով է այդ ամենի համար պատասխանտու:

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Առինջ համայնքի 5-20-րդ դարերի պատմական գերեզմանոցի տարածքում հաշվառված է 191 խաչքար, 2 կոթող և 26 տապանաքար: Գերեզմանոցի պահպանական գոտին ՀՀ մշակույթի նախարարը հաստատել է 2011 թ. նոյեմբերի 18-ին, սակայն, ամբողջությամբ խնդրին լուծում տալու համար գերեզմանոցը պետք է ունենա նաև պահպանական (ռեժիմ) պայմանակարգ: PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը հայտնել է, որ լիազոր մարմնին ներկայացվել են առաջարկներ հուշարձանի պայմանակարգի և ցանկապատման անհրաժեշտության մասին:

Ապրիլի սկզբին սոցցանցերում տեղեկատվություն տարածվեց Կոտայքի մարզի Առինջ համայնքի գերեզմանոցի վերաբերյալ: Հնագետ Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել ու գրել. «Չէ՛, սա Ադրբեջանում չէ, և ո՛չ էլ Թուրքիայում: Սա նույնիսկ Հայաստանի սահմանային մարզերից մեկում չէ: Սա Առինջն է, որը կպած է Երևանին: Այն իր տարածքով ու խաչքարերի քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտն է: Խաչքարերի գեղարվեստական արժանիքներով՝ ակնհայտորեն առաջինը:

Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Դա նշանակում, է, որ այստեղ արգելված է ցանկացած շինարարական-տնտեսական գործունեություն, փոփոխում կամ միջամտություն: Ու՞ր են պատասխանատուները, ու՞ր են մեր ժառանգությունը թմբակահարող ու նրա դրոշով արտասահմաններից տուն չեկող պաշտոնյաները: Ու՞ր է համայնքը: Ու՞ր է հայ մարդը, որի զավակները դպրոցում սովորում են հպարտանալ մեր անցյալով և մշակույթով: Եվ ո՞րն է տարբերությունը մեր և մեր ժառանգությունն ավերող թշնամիների միջև»:

Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնադարյան գերեզմանոցը հարուստ է բազմաթիվ բացառիկ խաչքարերով: Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Գերեզմանոցի հուշարձանները հաշվառվել, համարակալվել ու դասակարգվել են մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը կազմելու ընթացքում, որը ՀՀ կառավարությունը հաստատել է 2003 թ. դեկտեմբերի 24-ին (N 1793-Ն որոշում):

Հուղարկավորություններ հուշարձանի տարածքում կատարվել են խորհրդային ժամանակներից: Ազգային ժողովի 1998 թ. նոյեմբերի 11-ին ընդունած «Պատմության ու մշակությի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է ՏԻՄ իրավասությունը, որով մասնավորապես ՏԻ մարմիններն աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի և դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում են լիազոր մարմնին: Նույն օրենքի 44-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, պեղումներ, ամրակայման, վերականգնման, և օգտագործման` օրենսդրությամբ սահմանված կարգը չպահպանելու, ինչպես նաև հուշարձանների պահպանության և օգտագործման` օրենսդրության այլ խախտումների համար մեղավոր իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (վարչական իրավախախտումների մասին օրենքով):

Հուշարձանի պահպանությունն իրականացնում է հուշարձանի պահապանը` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից նախապես կազմված և հաստատված շրջայցի ժամանակացույցի համաձայն: ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունն ունի 9-ը պահապան, ովքեր իրականացնում են մարզի շուրջ 2640 օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանությունը:

Ըստ ժամանակացույցի, հուշարձանի պահապանը յուրաքանչյուր հուշարձանի տարածքում լինում է 3-5 օրը մեկ, արձանագրում է հուշարձանի վիճակը, առկա խնդրի դեպքում գրավոր տեղեկացնում է մարզային ծառայության պետին: Մարզային ծառայությունն էլ իր հերթին համապատասխան զեկուցագրով, եթե կա իրավախախտում, հուշարձանի վնասում և այլն, տեղեկացնում է ՊՈԱԿ-ին, ՏԻՄ ղեկավարներին, իրավապահներին:

Ապրիլի 16-ին մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, թե 2014 թ. ապրիլի 10-ին «Պահպանության ծառայության» ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրվել է նոր գերեզմանոցի պարսպապատում, տարածքում տնտեսական աղբի կուտակում: Խնդրի լուծման համար ծառայության պետը գրավոր դիմել է ոստիկանություն, հանդիպել Առինջ համայնքի ղեկավարին:

Առինջի գյուղապետի տեղակալ Սամվել Մեսրոպյանը նշել է, որ հետևում են տարածքին, բայց քանի որ այն մեծ է ու ցանկապատված չէ, պահպանելու ոչ մի արդյունավետ միջոց չունեն. «Հսկողության կարգով ինչ կարողանում, անում ենք, պարբերաբար սանիտարական մաքրում ենք անում»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Տարածքն առանց խոչընդոտի մուտք են գործում և մարդիկ, և անասունները: Խաչքարերը դարերի պատմություն ունեն ու նույնիսկ քամուց վայր են ընկնում, այսինքն ոչ բոլոր դեպքերում են հուշարձանները միտումնավոր վնասվում, կոտրվում:

«Բազմիցս դիմել ենք պետական տարբեր ատյանների: Մինչև չցանկապատվի, հնարավոր չէ պահպանել, իսկ համայնքային բյուջեն այդքան գումար չունի: Նույնիսկ եթե պահակ լինի, չի կարող ամբողջ տարածքը հսկել»,- նշել է գյուղապետի տեղակալը:

Առինջի գերեզմանոցի տարածքում կատարվող նոր հուղարկավորությունների վերաբերյալ հարցը նոր չէ, այն բարձրաձայնվել է դեռևս 2011-ից: Հուղարկավորության ևս մի դեպք արձանագրվել էր 2013 թ. սեպտեմբերին, ինչի մասին մարզային ծառայության պետը գրավոր ահազանգել է Առինջ համայնքի ղեկավարին, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետին` խնդրելով միջոցներ ձեռնարկել նոր հուղարկավորությունները կանխելու համար: Ոստիկանությունից տեղեկացրել են, թե քաղաքացիների խոսքով, հուղարկավորությունները կատարվել են ընտանեկան գերեզմանոցում: Ոստիկանության կողմից դա չի դիտվել որպես ապօրինի հողազավթում:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---