Գերմանիայի «Freie Universitat Berlin» համալսարանի հայագիտության բաժնի գոյատեւման հարցը ոչ մի կերպ չի հաջողվում լուծել

Մինչ օրս ուժի մեջ է մնում է համալսարանի ղեկավարության որոշումը հայագիտության բաժնի գործունեությունը մինչեւ 2009-2010թթ. ուստարվա ավարտը շարունակելու մասին

Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ սահմաններից դուրս գործում է 75 հայագիտական կենտրոն: Սակայն ոչ բոլոր հայագիտական կենտրոններն են աչքի ընկնում ակտիվ գործունեությամբ: Պատճառը ֆինանսական միջոցների պակասն է, իսկ հայագիտության հիմնական ֆինանսական աղբյուրներն են համահայկական հիմնադրամներն ու կազմակերպությունները: Սակայն նույնիսկ կենտրոնների ոչ այնքան ակտիվ գործունեությունը զգալի արդյունքներ է տալիս հայագիտության զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

PanARMENIAN.Net - Սակայն վերը նշված պատճառով, արդեն դադարեցվել է Հոլանդիայի Լեյդենի համալսարանի հումանիտար գիտությունների եւ համեմատական լեզվագիտության բաժնի հայագիտական ծրագիրը, փակման եզրին է նաեւ Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի միջազգային հետազոտական կենտրոնը, որտեղ գրաբար եւ արեւելահայերեն էր դասավանդվում, ինչպես նաեւ հայ եկեղեցու պատմություն: Այս տեղեկություններով ՀՀ սփյուռքի նախարարությունը սկսեց հետաքրքրվել միայն «Freie Universitat Berlin» համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանի ազդակից հետո, ինչն ինքնին ապացուցում է, մեղմ ասած, ՀՀ կառավարության դանդաղկոտությունը կարեւորագույն հարցերում:

Անցյալ տարվա վերջին ամիսներին ՀՀ մի քանի նախարարություններում սկսեցին ակտիվորեն հետաքրքրվել երկրից դուրս գործող հայագիտական ամբիոնների, բաժինների, կենտրոնների խնդիրներով: Եվ այդ ակտիվությունը կապված էր ոչ այնքան գիտական կամ ռազմավարական կարեւորության հետ, որքան «Freie Universitat Berlin» համալսարանի հայագիտության բաժնի հավանական փակման փաստի հետ:

«Freie Universitat Berlin» համալսարանի ղեկավարության այդ մտադրության մասին հայտնեց նույն համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանը 2009թ. հոկտեմբերին Երեւանում կայացած մամլո ասուլիսում եւ մի քանի օր անց ներկայացրեց համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվագիտության բաժնի դեկանի գրավոր տեղեկանքն այն մասին, որ հայագիտության բաժինը կգործի միայն մինչեւ 2009-10թթ. ավարտը:

«Համալսարանի ղեկավարության նման մտադրությունը բացատրվում է Բեռլինի երեք բուհերի միավորման քաղաքականությամբ` ճգնաժամը հաղթահարելու նպատակով»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ժ.Քոչարյանը:

Սակայն 2010թ. բյուջեն ներկայացնելիս պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը հատկացրել է անհրաժեշտ գումարն այդ ամբիոնը պահպանելու համար: Իսկ ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիդտը, անձամբ հայտնեց նրան դրա մասին` կարեւորելով այդ բաժնի համատեղ ֆինանսավորումը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, իր հերթին, ընդունելով Գերմանիայի դեսպանին, եւս հաղորդել է նրան անհրաժեշտ գումարի հատկացման մասին եւ կարեւորել է ԵՊՀ-ի եւ «Freie Universitat Berlin» համալսարանի միջեւ համագործակցության մասին հուշագրի ստորագրումը:

Դեսպան Հանս-Յոհան Շմիդտն, իր հերթին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում , նշել է. «Ես չեմ կարող կանխատեսումներ անել «Freie Universitat Berlin» համալսարանի վերաբերյալ, սակայն ցանկանում եմ նշել, որ այժմ քայլեր են ձեռնարկվում Հալլե-Վիտտենբերգ համալսարանում հայագիտության ամբիոն բացելու ուղղությամբ, որը լավ կապեր ունի հայկական համալսարանների հետ: Հայագիտությունը չափազանց կարեւոր է, եւ ես կարծում եմ, որ ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի Գերմանիա կատարելիք այցի ժամանակ կքննարկվեն այդ թեմային առնչվող հարցերը: Ես կցանկանայի, որ հայագիտության ամբիոնները պահպանվեն եւ զարգանան Գերմանիայում, քանի որ գերմանացիների համար դա լավ հնարավորություն է ավելի շատ իմանալ Հայաստանի եւ հայերի մասին: Այսօր քչերին է ծանոթ հայ մշակույթը, պատմությունն ու ժամանակակից Հայաստանը, քանի որ Եվրոպայում Հարավային Կովկասի մասին տեղեկություններ ստանում են միայն ռուսական ԶԼՄ-ներից»: Այս հայտարարություններն արվել են անցյալ տարի, սակայն մինչ օրս իրավիճակը չի փոխվել: Պաշտոնյաների բոլոր հայտարարությունները եւ ջանքերը դեռեւս արդյունք չեն տվել: Օրերս Ժ.Քոչարյանը հայտարարեց. «Մինչ օրս ուժի մեջ է մնում «Freie Universitat Berlin» համալսարանի որոշումը, ըստ որի հայագիտության բաժինը կգործի մինչեւ 2009-10թթ. ուստարվա ավարտը: Բացի այդ, կցանկանայի նշել, որ ՀՀ պետբյուջեից բաժնի պահպանման համար հատկացվել է 7 մլն 769 հազար դրամ, այսինքն շուրջ 15 հազար եվրո: Մինչդեռ բաժնի պահպանման համար տարեկան հարկավոր է 48 հազար եվրո: Այդ գումարի կեսը պատրաստ է վճարել համալսարանը»:

Փաստերի ներկայացված խճանկարը ի հայտ է բերում այն պատկերը, որը առիթ է տալիս պնդելու, որ ՀՀ պետական վարչակազմը մեծ սխալ է թույլ տվել, չնայած նրան, որ գործադրել է անհրաժեշտ, բայց ուշացած ջանքեր:

Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---