Օձունի VI դարի տաճարի վերականգնման աշխատանքները սկսվել են

Օձունի VI դարի տաճարի վերականգնման աշխատանքները սկսվել են

PanARMENIAN.Net - Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է VI դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը: Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև: Հիմնադրամը հաղորդում է, որ վերականգնումը կատարում է «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությունը, որը մայիսին ճանաչվեց մրցույթի հաղթող:

Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմնահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար`կարմրավուն անդեզիտաբազալտը:

Առավել պատասխանատու աշխատանքները կկատարեն «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությանս փորձառու վերականգնողները, իսկ որպես քարտաշներ և բանվորական ուժ` կներգրավվեն Օձունի և տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Խորհրդատվության համար կապալառու ընկերությունը կհրավիրի իտալացի ճարտարապետների և ճարտարագետների:

«Մինչև տարեվերջ նախատեսում ենք վերականգնել երկկամար կոթող-հուշարձանը և անցնել եկեղեցու գմբեթին», - տեղեկացրեց «ԼևԳուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը: Ըստ նրա` բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է վերականգնումն ավարտել 18 աշխատանքային ամիսների ընթացքում`տարեկան 6 ամիս, երբ շրջակա օդի ջերմաստիճանը կգերազանցի 8 աստիճանը: Ղուկասյանն ընդգծեց, որ Օձունի վանքի վերականգնումը կընթանա խստագույնս համապատասխան նախագծի, որը արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի և Հայ Առաքելական եկեղեցու հավանությանը, այնուհետև հաստատվել մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից:

Աշխատանքների հեղինակային հսկողությունն իրականացնում է «Սերվետ» ՍՊԸ-ն` նախագծի հեղինակ, ճարտարապետ Միշա Հակոբյանի գլխավորությամբ, իսկ տեխնիկական վերահսկողությունը` «Շինսերտիֆիկատ» ընկերությունը:

Հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը պետության, Հայ Առաքելական եկեղեցու և մասնավոր ձեռներեցության համագործակցության առաջին նախադեպն է:

«ԼևԳուկ» ՓԲԸ 1999 թվականից իրականացրել է հետևյալ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները` Մարմաշենի Կաթողիկե, Աշտարակի Կարմրավոր, Օշականի 40 Մանկանց Սուրբ Սիոն, Ուշիի Սուրբ Սարգիս, Կոշի Սուրբ Ստեփանոս, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես, Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցիները:

Partner news
 Ուշագրավ
Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Partner news