90 օրը պահպանվել է. ՀՀ ու ՌԴ միջև ստորագրված փաստաթուղթը միգրանտների իրավական կարգավիճակի մասին է

90 օրը պահպանվել է. ՀՀ ու ՌԴ միջև ստորագրված փաստաթուղթը միգրանտների իրավական կարգավիճակի մասին է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 8-ին հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Արդյունքում երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև փաստաթուղթ է ստորագրվել, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցությանն ու աշխատանքային գործունեությանը վերաբերող խնդիրները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն այսօր` ապրիլի 10-ին, կառավարության նիստից հետո հայտարարել է, որ հարցերից մեկը վերաբերում է աշխատող միգրանտների իրավական կարգավիճակին. «Կողմերի տարածքներում քաղաքացիներն առանց աշխատանքի թույլատվության կարող են աշխատանքային գործունեություն ծավալել, այսինքն՝ աշխատաշուկան բացվում է»: Եգանյանը մանրամասնել է, որ այլևս կարիք չի լինելու ստանալ աշխատանքի թույլտվություն, պետական տուրք վճարել, տեղեկանքներ ներկայացնել, միայն աշխատանքային պայմանագրի կարիք է լինելու: Համաձայնագիրը նախատեսված է նաև Մաքսային միության իրավապայմանագրային բազայով: Բայց նկատի ունենալով, որ Մաքսային միությանը միանալու պարագայում այդ նորմն ամենայն հավանականությամբ կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից, խնդիր է դրվել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ դրանք հնարավորինս արագ երկկողմ հիմքի վրա կիրառվեն:

Համաձայնագրով կարգավորվող մյուս հարցը վերաբերում է ՌԴ-ում հաշվառման կանգնելու ժամկետների երկարաձգմանը: Գործող կանոնակարգի համաձայն անձը 7 օրվա ընթացքում պետք է կանգնի հաշվառման, այլապես կհամարվի օրինախախտ: «Այս նոր կնքված համաձայնագրով այդ ժամկետը պետք է երկարաձգվի 30 օրով»,- ասել է Գագիկ Եգանյանը:

Եգանյանն անդրադարձել է նաև վերջերս Ռուսաստանի օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին, համաձայն որոնց՝ օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում 180 օրվա ընթացքում կարող են գտնվել 90 օր: Փոփոխություններն առայժմ տարածվում են բոլոր օտարերկրյա, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների վրա, սակայն ռուսական կողմին առաջարկել են 90 օրը երկարաձգել և փոխարինել 150 օրով: «Ինչ արդյունքների կհանգեցնեն բանակցությունները, կտեսնենք առաջիկայում»,- եզրափակել է Գագիկ Եգանյանը:

Փետրվարի վերջին տեղեկություն տարածվեց, թե Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են առանց մուտքի արտոնագրերի մասին 2000 թվականի երկկողմ համաձայնագիրը։ Ռուսական գործակալություններից REX-ն այն ժամանակ գրել էր, թե որոշվել է փոփոխություններ անել համաձայնագրի 4-րդ հոդվածում՝ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրելով ժամանակավորապես գտնվել տվյալ երկրների սահմաններում 180-ից 150 օրվա ընթացքում։

Նման արձանագրությունը փաստացի կդադարեցնի Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգը։ Դրանով միգրանտների մասին օրենքում ուղղումներ էին արվել, որոնցով մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, այդ ժամկետի լրանալուց հետո նորից երկիր կարելի է վերադառնալ 180 օրից: Մինչև այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք և մի քանի օրից նորից վերադառնալ ՌԴ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---